0

Ցնցումայինը ցանցային դարձնելու ժամանակը

Հաջողությունը ձեզ լինի, հանկարծ չձախողենք. ես գործում եմ այդպես՝ բացառում եմ ձախողումը… Մայիսի 21-ին նշանակված է մամլո ասուլիս, որտեղ Հայաստանում այլընտրանքային կրթության ջատագովներով հայտարարելու ենք միության ստեղծումը։ Ինձ խնդրել են գրավոր ներկայացնել ելույթիս թեզիսները, իսկ իմ գրավոր տեքստերը բոլոր հայտնվում են սկզբում իմ բլոգում, և  սա դարձավ իմ օրվա գիրը՝ թվով 1378-րդ անընդհատը։

Մայրենիի բացօթյա պարապմունք միջին դպրոցում: Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:

Հայաստանի նոր բրենդը փոփոխություններն են, փոփոխությունների հնարավորությունը. չի կարելի չօգտվել սրանից ու չդրսևորել բաց հասարակություն ստեղծելու մեր հավաքական տաղանդը։ Սա վերաբերում է նախ և առաջ կրթությանը։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի հոմանիշը ես համարում եմ «Մենք ենք հեղինակը մեր գործի». սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։

Ինչպե՞ս կրթության մեջ ցնցումայինը դարձնել ցանցային։ Մանկավարժական նորարարության խթանումը, հանրապետությունով մեկ ազատության ծավալումը, քաղաքացու նախաձեռնողականության միջոցով նրա իշխանության հաստատումը մանկավարժական ներուժի իրացման՝ մարդուն հասանելի ճանապարհ է Հայաստանով մեկ։ Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության վրա՝ կրթական ծրագրի ազատ ընտրության հնարավորությամբ. սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։

Մյուս կարգախոսը՝ «Մանկավարժության մեջ Բաստիլը պիտի գրավվի»։ Անգիրի դպրոցը իսկական ռեժիմ է հաստատել գործող հանրակրթական համակարգում. ինչո՞վ քաղբանտարկյալ չեն փակ կրթության, պետական համարվող, որպես «խմբի կալվածք» գործող դպրոցի սովորողները, որոնք պարտադրված են «Հանուն Հայաստանի Հանրապետության» որքան հնարավոր է երկար՝ 12 տարի նստել։ Եվ լավ է, որ այլընտրանքային հանրակրթության ջատագովներով այս միությամբ հայտարարում ենք, որ միասին ենք հանդես գալու ընդդեմ անշարժության, հանուն քաղաքացի սովորողի և ուսուցչի, կրթության ազատ ընտրության իրավունքի։

Մենք սեբաստացիներով, միության մեջ, միությունից դուրս, վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, հեղինակային դպրոցների բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, Հայաստանից դուրս կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց…  

Հավանեցի՞ք. ուղարկե՞մ։ Ո՞վ բան ունի ավելացնելու սրան. չէ՞ որ միության անդամ ենք դառնում կազմակերպությամբ։

Հարավային դպրոցի սովորողները խնամում են դպրոցի շանը:

Քնարիկ Ներսիսյանը սրան կապում է իմ տեսազրույցը՝ գեղարվեստի հարթակում, որ ունեցա կրթության փորձագետների հետ…Ես շնորհակալությամբ դիտեցի. օգտակար էր ինքս ինձ լսելը։

– Դավիթ,- ասում եմ, իրիկունը ուշ փորձում եմ սղղացնել մտերմիկ-խոսքի մեջ,- ամենակարևորը հիմա մայրիկն է, ես ու դու պիտի հոգ տանենք… Իր համար հեշտ չէ…
– Ի՞նչ ես ասում, տիար Բլեյան, ամենակարևորը դո՜ւ ես, քո աշխատա՜նքը, քո մտքե՜րը, որտե՞ղ են նրանք…,- ու մատով ուղղում է դեպի մայրը…
Այսպիսի Դավիթ Բլեյան, ու ուրախ-լեցուն օրվա թեթև ավարտ…

Դավթի և ընկերների համերգը Արևմտյան դպրոցում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1378

 

(19) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>