0

Կլինեմ ավելին, քան կամ ու կարող եմ լինել…

Ինչպե՞ս,- հարցրի անմիջապես, վերնագիրն այս մեր պատանեկան «Լապտեր» ամսագրում կարդալիս… Այսպե՞ս՝ Ինչպես միշտ, այդպես էլ հիմա, ես չեմ ասի շնորհակալություն, էդ բոլորն էլ ասում են ու վերջանում է չսկսված պատմությունը: Ես իմ շնորհակալությունը կդարձնեմ միջոց՝ ավելի աշխատելու, օրինակ լինելու, ոգեշնչվելու աղբյուր դառնալու համար… Կարդացի Աստղիկ Կիրակոսյանի այսպիսի ավարտով գիրը։ Երաժշտական պլեների համերգային հարթակում իմ ու Աստղիկի հանդիպումն այս իր նկարագրած ելույթից հետո, չի մոռացվի։ Կուզեմ՝ խթանիչ լինի։ Երեկ Անգլիական այգում, Ակադեմիական թատրոնի ելույթից հետո, մի խմբով նշանավոր շատրվանի մոտ այնքա՜ն կարևոր առանձնացումի մեջ էինք, երբ նկատեցի նոր բացված սրճարանի դիմաց դաշնամուրն ու ժպտացի… Աստղիկին չգտա՝ գար, նստեր դրսում դրված դաշնամուրի առաջ… Երաժշտականը մեր հուլիս-օգոստոսին ինչո՞ւ չունենա մշտական երաժշտական այսպիսի հարթակ…

Հետո Սուսան Մարկոսյանի, երեկվա մոնոներկայացման հեղինակ Արփիի ու իր երկրորդ մայր Քնարիկի հետ (- Երկրորդակա՞ն,- հարցրի, ու ծիծաղից պայթեցինք։ – Չէ, դպրոցական մաման,- ուղղեց Արփին… – Ե՞ս,- նշանավոր ժպտաց Արփիի հայտնի կենսաբանական մայրիկ Սուսանը։ – Կարևորը, որ Հայրը, որ երկնքում է, մեկն է,- ավելացնում եմ ես։) տեսնում էինք շատրվանն իր կանաչ օղակով մոներկայացման իսկական հարթակ դարձնելը… Հո երեկվա մեր ամփոփումով պլեները չի՞ ավարտվում… Լավ, ասենք, թող ավարտ լինի Ամառ 2017-ի հունիսի համար, բայց հուլիսյան պատանեկան սեբաստացիական, հայ-բելգիական ճամբարներն ինչո՞վ պլեներային տարածք չեն… Ու որպես համաձայնություն հնչեց Քնարիկի հաղորդումը, որ երկուշաբթի Դիանան իր ընտրած յոթհոգիանոց ջոկատով սկսում է «Նոր գեղարվեստ» գործունեությունը…

Մոնոներկայացում ըստ Արփի Սահակյանի, բեմադրիչ ՝ Քնարիկ Ներսիսյան…

Իսկ ես ժամեր առաջ հայ-վրացական ասուլիսում պատմում էի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին՝ մինչև հունիսի վերջ իսկական հանրապետական ու բաց դարձնել «Սևանի ափին» հայրենագիտական բնապահպանական-ընթերցողական ճամբարի գործունեությունը։ Կեցցենք մենք, որ Վ. Անանյանի հետքերով, տեսեք՝ ինչ հետևողական ո՛ւր հասանք ու ի՛նչ ճամփա պիտի անցնենք էլեկտրագնացքով՝ Հրազդանի հովտով, Սևանի ափով, հետո՝ ոտքով, ավտոբուսով, Գետիկի հովտով մինչև Աղստևի հովիտ, հետո՝ Դևբեդով… Քասաղի հովտով մինչև Երևան, ու էլի… նոր ընթերցողական խմբերով… Հիացեք «Ժայռի» մեր ճամբարը պատանեկան ընթերցողական-գրողականի վերածելու մեր նախաձեռնությամբ, ժողովածուն էլ խմբագիր-թարգմանիչների պլեներային գործունեություն թող դառնա, ու այս գործունեության արդյունքը՝ սեպտեմբերի 21-ի մեր հանրային ամփոփման մասին հայտարարությունը…

Դավթի, Արմինեի, Մելինեի, … Արեգ Տոնոյանի հետ Կոմայգուց դուրս եկանք Խորենացի փողոց, «Ոսկու աշխարհի» հարևանությամբ այգու ժամանակավոր … ելքով-մուտքով… Քանի՞ տարի է այս թիթեղյա պատով հրաշք-այգին աղմկոտ-բանուկ աշխարհից մեկուսացված-թաքցրած… Լավ, ի՞նչ եք կառուցում, չե՞ք կարողանում ավարտել, ուժներդ չի՞ պատում, բերեք մի տեսքի, որ դզեք-հողով հարթեք-կանաչի, բացեք մինչև կկարողանաք։ Ո՞վ է իրենով արել մեր այգու այսքա՜ն կարևոր մուտքը…

Ինձ մոտ էլ օրագրով չգործածվող նյութ է հավաքվել… Արագ շրջանառում եմ… Հայաստանում 2016թ. Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում 52 հազար աշխատող երեխա կա, այդ թվում՝ երեխայի համար արգելված համարվող աշխատանքում ընդգրկված։ Արգելվածը լավ չէ, բայց  ընտանիքի այս խոցելի վիճակում չաշխատելը՝ մեծով-պստիկով, օր առաջ ոտքի կանգնելու, աշխատանքով արժանապատիվ վիճակ հաստատելու համար, շատ վատ է… Ես հարգում եմ աշխատող երեխային ու ամառը իր հուլիսով-օգոստոսով վաստակով աշխատանքի պլեներային հարթակներ եմ դիտում կրթահամալիրի պարտիզապուրակայինը, «Ուսումնական ամառ 2017» նախագծայինը, կրթահամալիրի արհեստանոց-լաբորատորիաները, Ագարակ ուսումնական կենտրոնը, նախագծային առաջարկները պատանու՝ խմբային, թե անհատական։ Գործեք, ստեղծեք շատ ավելի, քան կա, քան կաք։

 «Գեղարվեստը կրթահամալիրում». համերգ-ցուցադրություն Սունդուկյանի անվան թատրոնում, Անգլիական այգում

Հավատո՞ւմ եք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած, Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության, ասենք այսպես, պաշտոնական զեկուցագրերին ու նրանցում հրապարակված թվերին… 2017թ. հունիսի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 91 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա և 38 սանտիմետրով բարձր՝ այս տարվա ապրիլի 2-ին գրանցված նիշից: Սրա (բարձրացման՝ իրական) հետևանքները մեր աչքով կտեսնենք հուլիս-օգոստոսին, կքննենք-կվերացնենք մեր ջանքերով, Սևան ջան, Հրազդանի տուտ-ավազան ջան… Քեզ ամռանը քո հոգսերով մենակ չենք թողնի, կվերադարձնենք որպես մեր վարձքը ամառային։

Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է արդեն 2017-ի աշնանը՝ սեպտեմբերի 25-ին հանրաքվեով Քուրդիստան պետության անկախությունը հռչակելու մասին… Հայաստանից ընդամենը 300 կմ-ի վրա կստեղծվի նոր պետություն… Սրա ազդեցությունը «Թուրքական Քուրդիստանի» միլիոնավոր քուրդերով խիտ բնակեցված, Հայաստանին սահմանամերձ, այդ թվում`պատմական Հայաստանի տարածքներում… ինչպիսի՞ն կլինի… Պատրա՞ստ ենք մենք այսպիսի զարգացումների… Է՜յ գիտի, Տիգրան Հայրապետյան, ինչպիսի՞ խնդիրների առաջ՝ առանց քո վերլուծական կանխատեսող մտքի թողեցիր…

Եվ… երբ անցա մեդիալուրերով (ավարտելուց առաջ գիրը այդպես եմ անում)… մոռացել էի գրողական թմիրի մեջ դավադիր հայ-ադրբեջանական շփման գծի մասին. կրակո՛ց… Ու ես չկամ, ոտքերս քարշ են տալիս ինձ Շուշանի սենյակ… Ավելին, քան մեռնել-քնել, այս պահին չեմ կարող լինել: Չանջատել ամեն ինչ, գիրը չընդհատել չեմ կարող:

Երաժշտական  փառատոն…

Լուսանկարների հեղինակ, Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1072

(209) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>