0

Քանզի ապրողներին է միայն երգը բարիք բերում…

Երեկ իրիկուն, ուշ իրիկուն, երբ սպառեցի իմ երկօրյա բացակայությամբ գոյացած մեդիակուտակումը, երբ Դավիթ Բլեյանն ու մայրիկ Արմինեն անցան իրենց ամենօրյա ծեսին-մաքառումին, Դավթի քնին, Եղիշե Չարենցի հոբելյանական հրատարակության ընտիր երկերի մատյանի, «Գիրք ճանապարհի» -ի թերթում-ընթերցման պահանջ ունեցա, որը ինձ հայտնի դադարներով ծես է հիշեցնում … Չարենցի անցած ճանապարհի գիրքն է սա, որ իր ապրած կյանքն իբրեւ ֆինալ հնչեցում է 1933-ին … Գիտեր, որ էլ չի ապրելու … Մեզ, իրենից հետո եկողների կյանքի ճանապարհի համար գիրք էր մտածել. Կյանքը ճամփորդի պես ես ապրում, միշտ ուսապարկով, ու այդ սահմանափակ տարածքում պիտի դնես միայն անհրաժեշտը, ու ահա, նա հեշտացնում է ճամփորդիս գործը, իր արածի-ասվածի, չարածի-ասելիքի ծովից մի ճամփորդական գրական ուղեցույց ստեղծում … Հետաքրքիր է, որ ամեն անգամ, իմ ընթացքից-առօրյայից առանձնանալիս, ճամփորդությունից վերադառնալուց հետո ես պահանջն եմ զգում այս ծեսի, «Գիրք ճանապարհի» -ի թերթում-ընթերցումի … Ու ամեն անգամ, զարմանքը իմ. միթե այսքա՜ն թերթելուց հետո ես գրքի էջերում-տողերում այսքա՜ն բան եմ բաց թողել, չնկատել-անցել, միթե ինձ համար ստեղծված «Գիրք ճանապարհի» -ի այսքան վատ-անուշադիր-անընդունակ ընթերցող եմ ես … Թե իմ հայացքը դեռ շարունակվում է փոխվել, ես դեռ աճում եմ, նոր բարձունք նվաճում, տեսողությունս էլ ավելի սուր է դառնում, ու ես հայտնաբերում-նկատում եմ գործեր, տողեր, բառեր … Իսկապես, գիրք ճանապարհի … Ու ահա, թարմ-թեթեւ, ճամփորդի հոգով, ես սկսում եմ իմ օրը, իմ երեկվա-ապրածի պատումով-գրով …

Ծիծաղդ, զվարթ Զանգու,
Եվ աչքերդ, վառ ու խոշոր:
Եղիշե Չարենց «Ընկեր»

Դավիթ Բլեյանն ինքնուրույն լողում է.

Տեսե՜ք-տեսե՜ք այս տեսանյութը, նկարաշարը, որ Ռուզան մորաքույրն ու Արմինե մայրիկը հատուկ ինձ համար, իմ գրի համար են արել … Ի՜նչ մեծ ուրախություն, հինգ տարեկան դարձող Դավթի հասունության-ինքնուրույնության ինչպիսի՜ ցուցանիշ, որպես փաստ. Դավիթը մեծ լողավազանում թողել է բոլոր կապերը, փրկօղակներ-թեւերն ու … լողում է ջրում, ինքնուրույն, վստահ … Ու այս վստահությունը նրան իր ավագ եղբայր Արմեն Մարտիրոսյանն է նաեւ փոխանցել. իսկական ավագ եղբայր… Հետո տկլոր, իր ընկերների հետ, ընկեր Շողիկի առաջնորդությամբ, շարժվում իրենց խմբի Նիկայենց լողավազանով այգին, որ ոտքի ճանապարհի վրա է … Այսպիսի՜ ամառ …

Լուսանկարները, Ռուզան Աբրահամյանի.

– Պա՜պ, հլը գրկի, տես կկարողանաս, ավելի եմ ծանրացել …
Գրկում եմ-տնքում … իսկապես որ … ու տանում եմ մեր տկլորին լողարան … Ի՜նչ հաճույքով է առավոտվա ցնցուղ ընդունում, երգում-խոսում, ապրում է, ինչպես ես …
– Պա՜պ, բա որ էլի մեծանամ, ծանրանամ, ոնց ես տանելու, ինչ ես անելու …
Իսկապես որ …
– որ էլ չկարողանամ, թե չուզենաս … ինքնուրույն կգնաս, կմիացնես ցնցուղը …
– Չէ, պա՜պ, ուզում եմ, որ ինձ գրկես …
– Պապ, որ թրջվում եմ, ավելի եմ ծանրանում, չէ.
– դե, հիմա տար, բոյս չափի, տես քանի սանտիմետր եմ աճել …
– Պա՜պ, քաշս որ ավելանում է, բարձրահասակ եմ դառնում …
– Պապ, դե հիմա ձմերուկն ու շոկոլադը բեր.
Ծիծաղում ենք. Ծես է, մեր ստեղծածն է, իհարկե, օրեր-տարիներով, բայց ծես է, ու մենք, ծեսի մասնակիցներ.

Լուսանկարները, Արմինե Աբրահամյանի.

Տանում եմ լողացած տկլորին, տնքոցս մեծացնելով, իր ընձուղտ-մետրով հասակը չափելու … Սրբիչով փաթաթված, մեր պատշգամբում վայելում է ձմերուկն ու սառնարանում պահած շոկոլադը.

Եվ րոպեներ հետո, խուրջինը հավաքած, որպես իր օրվա ճամփորդության ուսապարկ, ինքնուրույն հագնված առույգ, ձեռքս բռնած դուրս ենք գալիս տանից …
– Մա՜մ, բա չես նկարում մեզ …
– Պա՜պ, հանկարծ իմ փոքր հեծանիվը չմոռանանք տանենք, մեր խմբի պուճուրներին նվիրենք … Թող ուրախանան, պա՜պ … Ես մեծ եմ, իմ նոր հեծանիվն եմ քշում Օթարի ու Կարապետյան Դավիթի հետ … Մի մտածի, պա՜պ, ով ուզում է, թողնում եմ, քշի …
– Ընկեր Մարինեն կանչել է, պապ…
Այսօր Դավիթ Բլեյանն իր հինգ տարեկան ընկերների հետ Դպրոց-պարտեզում սկսում է իր նոր ուսումնական տարին. տարոսը մյուսներին…

Իսկ վերնագիրը Չարենցի՝ հիվանդներին ձոնված տաղից է։

# 763

(99) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>