0

Իմ, իմ ընտանիքի, կրթահամալիրի օրը քեզ նվեր, միշտ պայծառ Էմմա քույրիկ ջան…

Հենց Կենտրոնում, որ շաբաթներ առաջ ավելի երկար անուն ուներ՝ կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆի 57 հասցեում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, սկսել է առաջանալ մեր 2016-ի հերթական՝ իմ 702-րդ գրով ներկայացվող կրթահամալիրի թվով 2-րդ հրաշալիքը… ուսումնական վերնիսաժը: Անվան շուրջ կարելի է գալ համաձայնության… Անժելիկա Մանուկյանը և Լուսինե Նազարյանը մի կողմից, Ավագ դպրոց-քոլեջի շրջանավարտների մի խումբ` Աննա Սմբատյան, Անժելա Միքայելյան, Լուիզա Տերտերյան, Անահիտ Մարգարյան, Օվսաննա Ասատրյան… մյուս կողմից, սկսել են կենդանացնել մեր Կենտրոնը՝ այն գրավիչ դարձնելով այս աշխույժ տարածքով ոտքով-մեքենայով-հեծանվով երթևեկող մեծ թվով մարդկանց համար, առաջարկելով ապրանքներ՝ ուսուցման ընթացքում, դրա արդյունքում ստեղծվող նյութական արժեքներ, աշխատանքներ և ծառայություններ… Այսօր այստեղ բաց է քոլեջի 2016-ի շրջանավարտ Աննա Սմբատյանի անհատական ցուցահանդեսը, սկսել է հենց անցուդարձում գործել գրավաճառի կետը, թաղարային բույսերն ու սովորող-ուսուցիչների ձեռքի աշխատանքներ դուրս են գալիս դեպի մարդը՝ առաջարկ-պահանջարկի հայտնի բանաձևով… Շախմատի հայտնի ակումբը գործում է Կենտրոն-վերնիսաժի վերևի մուտքի տարածքում. դալանը կդառնա աշխույժ, նաև բացօթյա շախմատի մրցաշարերի տարածք, թեք տանիքը կդառնա հարթ գրավիչ-դիտարան` հարթակ ստեղծելով ուսումնական վերնիսաժի տարածման համար…

Թատերական ստուգատես-փառատոն:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:

Գեղարվեստի աշխատանքի ջոկատի մի խումբ կտեղափոխվի՝ կապրի-կաշխատի Կենտրոն-վերնիսաժում… Աղջիկներն սկսել են ոգևորվել կյանքով Կենտրոնի, նրա աշխույժով, ապրանքների-ծառայությունների-աշխատանքների ծավալմամբ`որպես ուսումնական գործունեություն, դրամ վաստակելու բիզնես՝ առևտրային նախագծեր իրականացնելու իրական հնարավորություններով… Հետևենք-նպաստենք մեր հրաշալիքի առաջացմանը…

Պլեներային աշխատանքի երկրորդ օրը Բանգլադեշի կրթահամալիրում այնքա՜ն հագեցած էր՝ կենդանի-հետաքրքիր, որ թվում էր՝ տեղ չի թողնում նախաձեռնությունների համար, հատկապես, երբ դրանք ուղղված են ոչ թե սովորողների-ուսուցիչների-ընտանիքների նոր խմբերի ներգրավման, այլ ամենաակտիվներին նոր նախագծերում ընդգրկելու համար… Ես այդպիսի մեկ-երկու միջամտություն արեցի, և լավ է, որ հանդիպելով բնական հակազդեցության, ժամանակին պատվով նահանջեցի… Չենք շտապի. մեզ միացավ Թբիլիսիի թիվ 24 դպրոցի պլեներային ջոկատը՝ գրավիչ-թարմ-խանդավառ՝ Հայաստանով, Երևանով, կրթահամալիրով…
Մեծաքանակ խումբ է ժամանել Շիրակի Անի-Պեմզայից, ակտիվ շարունակում է գործել Շուշիի թատերախումբը… Վարպետության բաց դասը տիկնիկագործությունից Գեղարվեստի լողափին այնքան մարդաշատ էր. նոր արվեստագետ-գործիչներ են վարպետության դասեր անցկացնում՝ թարգմանիչ Նունե Թորոսյանը՝ Մայր դպրոցում, լուսանկարիչ-լրագրող Նարեկ Ալեքսանյանը՝  Գեղարվեստի ցուցասրահում։ Տպավորիչ ելույթներ ունեցան Լիլիթ Գրիգորյանի ջութակահարները և Տաթև Աղաջանյանի կիթառահարները…

Լողում են Միջին դպրոցի ճամբարականները:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Դե, Բանգլադեշում պատերը դառնում են գունեղ, մեր Արթ-սթրիթը՝ ոնց որ սաղմը մոր փորում… Պլեներ 2017-ին նկարչական պատեր, ձևավորման անկյուններ-օբյեկտներ ճարելը ավելի ու ավելի խնդրահարույց կլինի… Ահա՝ ինչու Պլեների արդյունքների ամփոփմամբ-հանրայնացմամբ կզբաղվենք հաջորդ շաբաթ՝ մանկավարժության սկսվող ճամբարը դարձնելով պլեներային…

Առավոտյան պարապմունքներ. մարզական ու ընդհանուր:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ես իմ օրը, իմ հեծանվով, քոլեջի աշխատանքային ջոկատների հետ սկսեցի մինչև առավոտվա ինը, պլեների հայտարարված մեկնարկը… Կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթի, Կասկադի վերին հարթակում… Ուղիղ-շիտակ հայացքներով ես ու Անահիտը պատանիների հետ իրական երկրագործությամբ ենք զբաղված՝ օրվա ընթացքում գտնվելով մշտական կապի մեջ… Սրա անունը թող լինի օգնություն-վերահսկողություն… սիրով ու անհոգնել… Կասկադը Դպրոց-պարտեզից, ավելի էն կողմ՝ գյուղացիական տնտեսությունից, Խորենի ու Զառաների (Տաթև աղջիկ ջան) հարթակներից ընդառաջ գալիս, Նոր դպրոցի-Մայր դպրոցի աշխատանքային հարթակներով միանում-դառնում է ամբողջական պլեներային-աշխատանքային՝ ամենակրթականը, մի ուրի՜շ Հայաստան… որով, ի դեպ, մեծ հասարակական-լրագրողային հետաքրքրությունը ոչ միայն չի մարում, այլև ծավալվում է… Այսօր Բանգլադեշի պլեները կհյուրընկալի Արմենիա TV-ի «Բանաձև»-ի Արտակ Ալեքսանյանի հաղորդաշարը, իսկ ես Հ1-հանրայինում Նվեր Մնացականյանի հյուրն եմ… Թեման մեր այլընտրանքն է անգիրի դպրոցին, կյանքի դպրոցը…

Քոլեջի թատերախումբ. Լեռ Կամսար` «Կենդանիներու համագումարը»:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Դավիթ Բլեյանը չխամրող սքանչելիությամբ իմ քույրիկ Էմմային այցելության ճանապարհին ծոցվոր Տաթև քույրիկի գրկում խորը քնեց… երեքով մի սքանչելի պատկեր նվիրելով ինձ… Արթնացավ արդեն Լիլիթ ավագ քույրիկի մեքենայում. Լիլիթի ուղեկցությամբ՝ մի փոքր խմբով, Լիլիթին բնորոշ խելամիտ նախագծով այցելեցինք Լիլիթ Բլեյանի տարիների չարչարանքի՝ նոր բնակարան դիզայն-ֆեյշնը տեսնելու… Երջանիկ հայրիկը, եղբայրը, մարդը, տիարը այսպիսին է լինում՝ իմ նման: Իսկ Դավիթն իրեն այնքան հասուն պահեց, որ Լիլիթը ոգևորվեց ու ոգևորեց… Երեկոյան էլ նույնը արեց Շուշոն՝ վայբեր-կապով… Իրիկունը ուշ, անկողնում տեսնել էր պետք Դավթին՝ իր պարտեզային խմբի աշխատանքը դիտելիս. Պլեներին ներկայացվա՞ծ է մեզ այսքան զվարճանք պարգևած տեսանյութը… Շողիկ-Մարինե-Կարինե-Ռուզան դաստիարակչական քառյակի մի իրակա՜ն հաշվետվություն: Իսկական նվեր Էմմա քույրիկիս՝ իր ծննդյան օրով, ինչպես իմ օրը…

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
#702

(173) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>