0

Վլադի դրախտ՝ Վլադիկովկասով, Վլադիվոստոկով, Պրահայով, Թիֆլիսով…

Եկեք, ես իմ 700-րդ գրում տված խոստումն անմիջապես՝ 701-րդ գրում սկսեմ կատարել: Բանգլադեշյան պլեների 2012-ի մեկնարկին ես թվարկել եմ  կրթահամալիրի յոթ խորհուրդ, յոթ հրաշալիք, յոթ հոմանիշ։ 2016-ի հունիսի 14-ի իմ գրում խորհուրդներում ես փոփոխություն չեմ առաջարկում ու լսում եմ հարգանքով ընթերցողին՝ այս դեպքում սեբաստացի սովորող թե ուսուցիչ, ընտանիք, մեր մանկավարժության բարեկամ-քննադատ… Ճիշտ, ինչ ունենք ասելու՝ ինչո՞ւ հիմա չասեք, եթե ասելիք ունեք:

Չունեմ առաջարկ և 2012-ին իմ առաջարկած-ընդունված  հրապարակված, հպարտ ասում եմ, այս չորս-հինգ տարիներին կրթահամալիրի զարգացման ուղեցույց դարձած հոմանիշներին… Մնաց կրթահամալիրի՝ 2016-ին կառուցվող յոթ հրաշալիքների ցուցակը… Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեկիկ-մեկիկ առաջիկա իմ յոթ գրերում…

Ճամբարային լող:
Լուսանկարները`Արմինե Գյոնջյանի:

Ահա հրաշալիքներից առաջինը։ Ձիանոց- ձիավարժարան, իհարկե, գյուղացիական տնտեսությունում: Այստեղ են մեր Ռոքսին ու Մայկին, իրենց նշանավոր, մեր դպրոցների պահապան-խորհրդանիշները՝ չորս քոթոթները: Ի դեպ, 2016-ի սեպտեմբերին այս քոթոթները Հիմնական դպրոցում, Նոր դպրոցում, Գեղարվեստում, Քոլեջում կընդունեն սեբաստացիներին. ինչպիսի՞ բներ եք պատրաստում, դպրոցներ, ինչպիսի՞ն է լինելու նրանց խնամքի ռեժիմը, ինչպիսի՞ ուսուցում են անցնում ամառային դպրոցում մեր շնապահները նոր, ովքե՞ր են նրանք: Ձիանոց-ձիավարժարանում-գյուղատնտեսական տնտեսությունում է աշխատում Խորեն Հազարումյանի պատանեկան աշխատանքային ջոկատը. ի՞նչ եղավ Միջին դպրոցի խումբը, ինչո՞ւ դադարեցրեց իր գործունեությունը, ե՞րբ է վերսկսելու…

Երեկ «Երկիր մեդիայի» լրագրողն այցելել է տնտեսություն. խելացի-այնքան քիչ պատահող զրույց է այս աշխատող պատանիների հետ. Ես հավանեցի… Նորից լսեք-կարդացեքԵվ այսպես 2016-ին կրթահամալիրը կունենա ուսումնական ձիանոց-ձիավարժարան՝ գյուղատնտեսական տնտեսությամբ:

2-5 տարեկանները ձիավարության ակումբում:
Նախապատրաստական այցեր:
Լուսանկարները՝ Գոհար Զարգարյանի:

Դավիթ Բլեյանին ողջ գիշեր խխունջներն են հետապնդել, փախավ եկավ ծնողական ննջարան-անկողին, բայց այստեղ էլ նրանք հանգիստ չէին տալիս։ Ողջ գիշերը խխունջների մասին պատմություններով անցկացրինք. ես պատմեցի արշավախմբային փորձից, ինչպես էր իմ առաջին դպրոցի՝ հայագիտականի, մեր Արաքսյա Պողոսյանի ընկերը՝ հիմա ճարտարապետ Մելքոն Խաչատրյանը իր ընկերների համար խխունջներ հավաքում Գորիսի Խնձորեսկի ձորերում ու կրակի վրա խորովում-հյուրասիրում։ Ինչպես էին աղջիկները զզվում իբր, բայց, դե, դելիկատես համտեսելու գայթակղությանը ո՜նց դիմանային… Ոչինչ չօգնեց. առավոտյան, երբ վճռական մոտեցա Դավթին արթնացնելու.
– Հանի խխունջներն ականջներիս միջից, նոր խոսի, չեմ լսում, պա՜պ…

Լավ է, որ Մարիամ Մանսուրյանը մեր Պրահայում հայտնաբերվեց… «Կարոտ, զորե՛ղ-զորեղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա»,- այսպես եմ հիշում իմ սիրելի Մուշեղ Գալշոյանի Ձորի Միրոյին։ Մարիամն այսպես էլ վերնագրել է՝ «Կարոտ»։ Ողջույն, Մարիամ ու սեբաստացի Մանսուրյան ընտանիք՝ եղբայր Աշոտով, Լիլիթ մայրիկով, Հարություն հայրիկով, գիտեմ՝ բազմազբաղ, իմ նման ամեն օր մի՛ գրեք, բայց ակտիվ հատեք Պրահայի նման ձգող քաղաքի թղթակցական կետը… Ուղեկցեք պրահացիներին Բանգլադեշ կրթական՝ ավելի լավ-կենդանի-իրական-էկզոտիկ ի՜նչ կարող ես առաջարկել այս խնդիրների խնդրի՝ «լինել թե չլինել» դիլեմայի առաջ կանգնած եվրոպացիներին…

Դպրոց պարտեզի արտ պլեները: 

Վլադի դրախտ՝ Վլադիկովկասով, Վլադիվոստոկով, Պրահայով, Թիֆլիսով… Անահիտ Մելքոնյանն իր ջոկատով աշխատանքային օգնեց շփոթմունքս հաղթահարելու: Գիտե՞ք, որ մի անգամ սխալվեցի, վերջ, չես ուղղի. «Սեբաստացիներ»  երգչախումբը պատրաստվում է Կովկասը Կազբեկով անցնելու, Վլադիկովկասում երգելու: Նվիրում ենք մեր մաեստրոյի՝ Հարություն Թոփիկյանի այնքա՜ն հուզիչ վաթսունհինգամյակին: Եվ լավ ենք անում… տարին մեկ անգամ շրջագայելու ենք, անցալ տարի՝ Վրաստանում, այս տարի՝ Ռուսաստանի նվաճած, աշխարհի՝ մեզ ամենամոտ հյուսիսային Կովկասում… Ես էլ՝ հայտնի ռուսներից առավել իմ աշխարհանվաճողությամբ, բռնել շփոթել եմ, իբր, Վլադիկովկասը Վլադիվոստոկի հետ… Մի գլուխ կրկնում եմ… Հանկարծ հրաման չդառնա՞…

Մերը Վլադի-դրախտն է… Բանգլադեշում… Վլադը՝ մեր կրթահամալիրի խորհրդի անդամ-քոլեջի ուսանողը, մեր աշխատանքի ջոկատի խորհրդանիշն է դարձել։ Ջոկատով երեկ Գեղարվեստի բաց էստրադան հանձնեցին ու էստրադայի լողավազան-բեմահարթակում լողացին… Իսկ Գեղարվեստի մեր աշխատանքի ջոկատը չի տեղավորվում Գեղարվեստում. պատերը քչություն են անում, ինչ կար մնացել էր նախկին պլեներից, Կարինե Մացակյանի դրդմամբ քսեցին, գունեղ դարձրին, պրծան… Նվաճեցին Կենտրոնը՝ Րաֆֆի 57-ը, և կեցցեն, իհարկե… Իրադարձությունները, ամառային նախագծերն այսպիսով ոչ մի կերպ չեն պարփակվում առանձին վերցրած մի տարածքում՝ կրթահամալիրի Բանգլադեշի Մայր դպրոցը կլինի, թե Գեղարվեստը, ծավալվում են… իրիկնային ու առավոտյան Երևանով, Աշտարակ-Օշականով, Սևանի «Ժայռ»-ով… Թող ծավալվի Պլեներն ու դուրս գա օր առաջ՝ ավելի շատ օդ-լույս… ծով… Հրեն Մարթան, հարգելի Ստեփանը և Միքայելը ճամփա են ընկնում Բաթումի՝ սուսերամարտի միջազգային մրցումների: Ինչո՞ւ ոչ: Պարելով:

Ֆոտոխմբագիր՝ Զարուհի Առաքելյան:
#701

(149) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>