0

Կարոտը

Ողջույն սիրելի տիար Բլեյան, Ձեզ գրում է Մարիամ, նույն ինքը՝ Հարությունի դուստրը։
Ինչքան ժամանակ է զբաղված էի դպրոցական գործերով, ու երևի այնքան էի զբաղված, որ մոռացել էի իմ Սեբաստացիական պարտականությունների մասին։
Ներողություն եմ խնդրում դրա համար,
Եւ քանի որ մարդուն ներում են իր արարքով, այլ ոչ՝ խոսքով, որոշեցի քավել մեղքերս մի նյութով, որը միգուցե կուզենաք հրապարակել կայքում։
 
Կարոտը
 
Կարոտը այնպիսի բան է, որը կարող է հայտնվել ցանկացած մի տեղից, և տանել մտքերը դեպի ցանկացած մի տեղ։ Այսօր, ես ունեցա վերջին տարվա մեջ կարոտի ամենահանկարծ և կտրուկ զգացումը։ Կարոտ դեպի իմը՝ դեպի տուն։
Չգիտեմ թե ինչ ընդհանրություն գտա Պրահայի ու Երևանի շենքերի մեջ, ախր այլաստիճան տարբեր են։ Հայաստանում, շենքերը անկանոն են, մեկը բարձր է, մյուսը՝ցածր, մեկի պատուհանները եվրոպական են, մյուսինը՝ սովետական… Այստեղի շենքերը ասես հարմոնիայի մեջ լինեն, տանիքների գույները այնպես են համադրված, որ բարձր կետից նայելիս կարելի է տեսնել մի հսկայական, կարմիր քաղաք։ Ամեն շենքի վրա կան այնպիսի քանդակներ են, որ հեշտությամբ կարելի է թանգարանային նմուշի հետ շփոթել. է՛լ հեթանոսական աստվածներ, է՛լ զարդանախշեր, է՛լ կանանց դեմքեր… Չէ, երևի շենքերը չեն, որ ստիպեցին ինձ կարոտել։
Միգուցե մեղավորը երկինքն է, չէ՞ որ երկինքը ամեն տեղ նույնն է։ Բայց դա էլ ճիշտ չէ, Հայատանի երկինքը, չնայած իր լեռնային տեղանքին, շատ բարձր է թվում։ Իսկ Պրահայում, ամպերը ասես շենքերին քսվելով գնան. թվում է, թե այստեղի ամպերը կարող են անգամ կլաուստրաֆոբիա (վախ փակ տարածությունից) առաջացնել։ Հայրիկս ասում է, որ տարբեր երկինքների միջից Հայաստանինն անսխալ կարող է գտնել։ Փաստորեն՝ բանը ամպերն էլ չեն…
Ուտելիքն էլ է տարբեր։ Հայաստանում մարդիկ ուտում են մատնաքաշ, այստեղ՝ «բագետ» կոչվածից։ Տրանսպորտն էլ։ Հայաստանում ավտոբուս կարելի է կանգնեցնել մայթի ցանկացած անկյունից և անկյունում, իսկ Պրահայում, տրանսպորտը ժամով է ու տեղով։ Ամեն օր, x րոպեին, y ավտոբուսը լինում է z կանգառում, և x ավտոբուսը ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չի վերցնի ուղևոր, եթե նա y րոպեին z կանգառում չի սպասում։ Անգամ մարդիկ են տարբեր այս երկու երկրներում։ Օրինակ՝ Հայաստանում, մետրո մտնելիս, ինքս ինձ հետ մի խաղ էի խաղում, որտեղ պետք է մարդու դեմքի արտահայտությունից գուշակեի, թե նա ուր է ուղևորվում: Ոչ միշտ է, որ ստացվում էր, սակայն մեկ-մեկ հաջողակ գուշակություններ էի անում։ Եւ ես մեծ հաճույքով այդ նույն խաղը այստեղ էլ կխաղայի, սակայն Պրահայում մի փոքրիկ, խանգարող հանգամանք կա. մարդկանց դեմքը հազվադեպ է որևէ բան արտահայտում, առավել ևս՝ մետրոյում։ 
Ու ես նստած տվայտում եմ, փորձում եմ հասկանալ, թե ի՞նչը դարձավ կարոտիս աղբյուրը, այնինչ պատասխանը փնտրում եմ սխալ տեղում։ Կարոտը իմ միջից է՝ իմ աշխարհից։ Որովհետև իմ աշխահում շենքերը անկանոն են, ամպերը՝ բարձր, հացը՝ մատնաքաշ, տրանսպորտը՝ փողոցի հոծ գիծ հատող, իսկ մարդիկ էմոցիոնալ են մետրոյում։ Ես հասկացա, որ որքան էլ սիրում եմ Պրահան, իմ մեջ Հայաստանն է, այն իմ տունն է։ Իսկ կարոտն առ տունն, ամեն վայրկյան սպասում է մի փոքրիկ առիթի, մի հոտի, համի, տեղի, անցորդի, որպեսզի ի ցույց գա։

(43) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>