0

Կրկնակի ազատման խորհուրդ

Ուղևորություն, որ չի ավարտվում, նորամուտներ սկսվող… Ես, իմ երեկվա օրը՝ սրանց արանքում, ու իմ գիրը՝ թվով 1148-րդը, սկսեց գրվել երեկ երեկոյան, Տաթև աղջկաս ուղարկած այս տեսանյութով… Սպասված, ամեն օր, քանի՞ օր ու անակնկալ հիացմունք ինքնուրույն առաջին քայլերն անող Վահան Սերոբյան արջուկով… Վերջապես Տաթև Բլեյան աղջիկս նորից ազատվեց, այս անգամ տասնչորս կիլոգրամանոց այս գազանից… Ո՜նց էր կարողանում ողջ օրն ապրել՝ գրկում Վահանին կրելով… Պետք էր տեսնել՝ ինչ կատարվեց մեր տանը, ոնց արձագանքեցինք Դավիթը, Արմինեն ու ես։

Վահանի ամենաթարմ նկարները:

Դավիթը, թե.
– Լավ եղավ, հիմա Վահանը կգա ինձ մոտ:
– Կգա ու նոթբուքը կվերցնի, – բորբոքում եմ ես արդեն առավոտյան, լողարանում։
– Չեմ տա, իմը թանկ ա, թող Արևիկի հեռախոսը վերցնի։
Ինձ մոտ էլ դեպի ինձ գլորվող-ճոճվող Վահանով այդպիսի մի տեսարան առաջ եկավ… Ու տեսանյութը-նկարը գիշերը չեն լքել ինձ, տրամադրությունը իրիկվա լույսի-գրի-արթնացման հետ եկավ…

Բարի լույս, այս լուրի-տրամադրության տարոսը ազգիս հայոց ու սեբաստացիական ընտանիքին յուրաքանչյուր… Արմինեն, իհարկե, պատրաստվում է հյուրընկալության, համով բաներով սեղանի ծիսական… Կրկնազատիկ կա, կլինի և կրկնակի ազատման խորհուրդ…

Առավոտը կրթահամալիրի հարավում…

Մեր վեց տարեկանների նորամուտները, երեկ սկսված Արևմուտք-Հյուսիսում, այսօր Արևելքում շարունակվող, նոր ուսումնական տարվա կրկնակի շնորհավորի-խորհրդի ուժ ունեն, տպավորություն են գործում, ինձ համար Վահանի՝ մոր գիրկն իր ծանրությունից ազատելու նման… Այնքա՜ն կիսատ-հնացած բան կար, բայց ուզում ենք նոր ուստարում մեր բոլոր վեց տարեկանները շուտ ինքնուրույն իրենց կյանքով-քայլքով իրենց մաքուր աշխարհում, իրենց առաջին ուսուցչով ապրեն… Ուրախությու՜ն… Անցանք մեր մյուս 5 տարեկանների նորամուտներին… որ կանենք օրացույցով ուսումնական, որպես սեպտեմբերիկների հավաք, սեպտեմբերի 25-29-ին։ Այ, այդ օրերին էլ հաշվենք քանի՞ դասարան ու քանի՞ նոր հինգ տարեկան ունենք, անցնենք նրանց ուսումնական սրահներով… նրանց տեսնենք մարզատոնին, իրենց բազմամարտով՝ լողով, հեծանվով, մարմնամարզական մեծ դահլիճում, արդ ու զարդով ճամփորդական, իրենց հարազատների հետ, անպայման ներառական-միասնական տոնախմբություն-համերգով…

«Գետը համայնքում» նախագծով սեպտեմբեր 9-ի 10-ի ուղևորության չնախատեսված-ինքնաբուխ հարթակ-կանգառը Գոշ գյուղում եղավ մի փողոցի հատված բռնած ու ոճական ուրույն կենցաղային տարածք կազմած տների շարքում, երբ ծրագրով նախատեսված Գոշավանքի ճամփան մեր հավատարիմ, սեբաստացի վարորդ Արթուրը գյուղամիջում շփոթեց… Տների շարքը ձգեց, ավտոբուսի միջից հանեց բոլորիս, ու ներս ու դուրս արեցինք, ծանոթացանք, գազարով ու ձմերուկով հյուրասիրվեցինք, ֆոտոսեսիա եղանք բոլ, սկսեցինք պատկերացնել այս բնակելի ոճական տիրույթի զարգացումը՝ որպես նոր նախագիծ ուսումնական, մեր մասնակցությունը նախագծին, փողոց նայող բրախած լանջերի վերականգնումը, ներքին բակերի զարգացումը… Ափսո՜ս, որ ո՛չ գրկի երեխայով մայր հանդիպեցինք, ո՛չ դպրոցականի-պատանու ձայն լսեցինք… Տունը թաղ դառնա, ծնի…

Հարավային դպրոցի կինո-ֆոտո ընտրությամբ խմբի առաջին թափառումը…

Հո Գոշավանք տուրիստ չենք եկել, մեր երկրում զբոսաշրջիկ, որ կես ժամով մտնենք, մոմ վառենք, նկարվենք ֆեյսբուքի համար… Ու փողոցն այս՝ բնակելի տներով մի ոճի, մնաց իմ մեջ, կբերի ինձ հետ, կպատմեմ… Ինչպես Աղավնավանք գյուղի վերջի նոր բետոնե-մետաղե կամրջով թաքցրած հին աղյուսե շարով կամարաձև կամուրջը Գետիկի վրա, կամուրջն իր տակ առած հսկա ծառը… Դեպի Դիլիջանի կենու պուրակ ու Աղավնու վանք տանող ցուցանակից սկսվող ճանապարհը մնաց… Կանչում եք, կգանք՝ միայն կենդանություն լինի-կյանքի ձայներ նոր, որ խլացնեն-մոռացնեն էն հին-զիլ ձայները, որ մեկ է, գերեզմանոցից են կարծես գալիս…

Ամենահուզիչը միշտ Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան… Վրաստան մայրուղու Հրազդան գետի կամուրջն է… Հրազդան-Զանգվի առաջացումը… Ու ամեն անգամ հարցնում եմ՝ այս լայն-զուլալ գետով, կապույտ չեմ ասում, ոչ էլ խմելու, ոչ էլ քաղցրահամ, Սևանա լճի ջո՞ւրն է, Սևանա լի՞ճն է հոսում 143 կմ, Երևանի միջով, կիսելով այն ձախափնյա ու աջափնյա քաղաքի… մինչև Արաքս՝ գետաբերան… Բա ինչո՞ւ մի մարդավարի-անվտանգ դիտարան չի մտածված, մի նշան-խորհուրդ-հուշարձան չկա երկու կողմում էլ, ինչո՞ւ գալիս-գնալիս յուրաքանչյուր մեքենա չի կանգնում, ուղևորների զարմանքով… Գուցե այս դադարը, որ մենք արեցինք նախագծով, այս կենտրոնացումը, իմ հուզումը՝ կենդանի փոխանցված, հենց սա՞ է պակաս, կամ սրանո՞վ է սկսվում մեր վարքի փոփոխությունը… Եղբայրք, լսեք՝ Հրազդանով է ողջ Գեղամա ծովը, այն ծովը, որ Արտանիշի բարձունքն ի վեր ուղեկցում էր ինձ, հայտնի դառնում իր մեծությամբ-անկրկնելիությամբ… Կարո՞ղ եք կրկնել… ուրիշն ունե՞նք… Դուք յուրաքանչյուրիս համար ավելի զարմանալի-կարևոր-իրական ակունք գիտե՞ք… Ցույց տվեք:

Արևմտյան դպրոցի կենդանապաշտպանները. աշխատանքային կադրեր։

Օրը երեկ չէր վերջանում. Մեդիա կենտրոնում աշխատանքային խմբով՝ Գևորգը, Սուսան-Մարիետը, ես քննարկում-լուծում էինք ուրբաթ խորհրդի օրակարգով ներկայացվող հարցերը, դրանց թվում՝ 2017-2018 ուսումնական տարում կրթահամալիրի կառավարման, ֆինանսական կազմակերպման, կառուցվածքի և հաստիքային աշխատողների ցուցակի փոփոխությունների ճանապարհային քարտեզի ներկայացում…

Տանը տեսա, որ Դավիթ Բլեյանը մազերը կտրել է, դարձել իսկական Աշոտիկ… Ես ինձ հիշում եմ այս տարիքում, այսպիսին էի այս մազերով…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1148

(121) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>