0

Ձեր ճուկն* ու թաս երթան ու գան, ավետիս…

Արմինեն, գիտեք, լավ խոհարար է. չեք մոռացել նաև, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է խոհանոցով․․․ Մինչև մեր տան խոհանոց երեկ իրիկուն ես երկար քայլեցի․․․ քաղաքում խցանում էր նորից․․․ Հեծանվի օրվա չափաբաժինը սպառած՝ ինձ այլ բան չէր մնում, քան դուրս գալ խցանման պարտադրած գերությունից․․․  Ի՜նչ թեթևությամբ անցա Ծովակալ Իսակովի ավտոկայան-Հաղթանակի կամուրջ հատվածը, հետո սիրելի կամրջով, այնքան սիրելի, որ մի օր փորձելու եմ կամրջով ուղիղ անկումով մինչև, Ալիշանը կասեր, անուշիկ իմ Հրազդանն իջնել․․․ Այս օրերին, այս շաբաթ, նախագծային-ճամբարային հունվարին չէ հաստատ, օրացույցն այնպես հագեցած է՝ իմպրովիզի-ինքնաբուխի միջանցք չի թողնված, հետևե՛ք փետրվարի օրացույցին․․․

Արևմուտքի երկարացված օրվա ճամբարում:
Լուսանկարները՝ Փառանձեմ Գրիգորյանի և Սաթեն Օրդյանի:

Երևանի «Լաչինի միջանցքը»՝ «Հաղթանակի» վերջից, գինու կոմիբնատի Արգիշտի փողոցի մայթով համարյա վազքով անցա․․․ երկու կողմից «Viva-call»- ի և «Նոյ»-ի սեղմված հատվածում անախորժությունների սպասումով։ Փողոցն էլ՝ մեքենաներով խցված․․․ Տանել չեմ կարողանում Լաչինի այս միջանցքը, ինչպես Վայոց Ձորի Շատին-Եղեգիս անցումի՝ Շատինի գյուղամիջով նեղ ճանապարհը՝ միշտ լարված… Քայլեցի Իտալականի սկզբով, աջ աստիճաններով-նորից նեղ միջանցքով՝ ֆրանսիական ու իտալական դեսպանատների շնորհ արած մի այլ, գաղութին վայել անցումով․․․ Կոմայգի մտա փախուստի պես. սիրտդ բացվեց, շնչիր․․․ Քաղաքը քաղաք չի դառնա, քանի չենք քայլում, ոտքով չենք անցնում մեր օրվա ճանապարհը. մեքենայով՝ ղեկին, թե որպես ուղևոր, տանուլ տվեցինք-ձեռքից բաց թողեցինք մեր թառլան ծննդավայր Երևանը, հիմա բռնել-հավաքել կլինի՞․․․ Լսե՛ք, բոլոր կարգի երևանցիներ, չեմ խնդրում, իմ օրինակով առաջարկում եմ հետևողական հարգանքով՝ իջե՛ք մեքենայից, քայլե՛ք, շատ, արագ, որպես ճամփորդական անցում՝ տնից տուն, տնից աշխատավայր, բլուրից բլուր, ինչպես մեր Միջին դպրոցի Գոհար Եղոյանն ու ընկերները, ինչպես սեբաստացիները՝ «Երևան 2800» նախագծով… որ քաղաքը մեր խելքի բերենք․․․

Արևելքի երկարացված օրվա ճամբարը Ագարակում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Երբ խոհանոցով նվաճված-ընտանեկան էի դարձած, բազմոցին տարբեր շարունակություններ էին հնարավոր, Դավիթը Բլեյան նախաձեռնությունը վճռական  վերցրեց, «Սասունցի Դավիթ» Թումանյանի էպոսը դրեց ծնկներիս, էջանիշով տեղը՝ չորրորդ ընթերցում․․․

-Վե՛ր, կաց, Կազբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է՝ ե՛ս եմ չափելու։

Ունկնդի՜ր եմ ասել… տարոսը՝ բոլորիդ, Դավթի նման ունկնդիր դո՛ւք էլ ունենաք։ Կարդացե՛ք ձեր երևանցիների, ընտանիքի անդամների համար, բարձր-լսելի ու արագ կունենաք իմ զգացողությունից՝ ականջներում զուլալ-մայրենի հնչողություն, ինչպես երեկ Մարմարյա սրահում Ավետիսների-հոգևոր երգերի ձայները, կհամոզվեք-կգա գիտակցումը, որ լավ էլ կարդում եք, ամենալավը, իմ նման, ու ձեր սիրելիները՝ կին-երեխա-մայր, հարազատ-ընկեր, որ ձեր տանն է, դրա՝ ձեր ձայնով զուլալ-զիլ ձայների կարիքը ունեն, հենց սրա՝ ճամփորդելով անցումի ու ընթերցումի, երգեցողություն, պարով-երգի, երգ-պարի, ասերգի․․․ Մնացածը՝ քաղաքային, մեր ականջները ու մեր ճանապարհը խցած բաներ են, մեքենաների, թե աղմուկի տեսքով․․․
Մենք գիրքը Դավթի-Թումանյանի, էջանիշով փակեցինք․․․

Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող եկավ, գնաց․․․

Ես Դավիթ Բլեյանին ուղեկցեցի լողարան․․․ Երկա՜ր-հիմնավոր Դավիթը մնաց ցնցուղի տակ․․․ ու՝ քուն։

Արմինեն պատմեց, որ երեկ մրցանակակիր Դավիթ Բլեյանը Մարմարյա սրահում հենց իր անունը լսել է, ամոթից կարմրել, պառկել-թաքնվել է․․․ Այսպիսի ամոթխած-նուրբ-զգայական-խոցելի Բլեյան ունենք, ճիշտ ու ճիշտ իր հոր նման, որպես մի նոր արքայազն սիսեռահատիկի վրա․․․ Սրանց հոխորտան-ինքնիշխան կեցվածքին մի՛ խաբվեք․․․

Դավիթ Բլեյան և ընկերներ: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Դուք, կարծեմ, իմացաք, որ ես պատրաստվում եմ, շատ մոտ եմ «Նոր Կտակարանի»  ընտանեկան ընթերցման, սկզբից մինչև փակելը, իսկ սրա համար պետք էր անցնել Մարմարյա սրահի Սուրբ Ծննդյան Ավետիսների շքերթով․․․ Շնորհակալ եմ այսպիսի հոգևոր ցնցումի-լսումի համար, բոլորիդ, որ պարգևեցիք երեկվա համերգ-միասնական կատարումը․․․

Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1268

*Ճուկ – այստեղ՝ կաթ կթելու փոքր աման, պղնձե կաթսա
Աղբյուրը՝ Հայոց լեզվի բարբառային բառարան

(91) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>