0

Քայլդ արել ես՝ լա՛վ է, անցի՛ր քո ճամփան․․․

Օրվա, երեկվա՝ մայիսի 11-ի մասին ինչ ես պատմում եմ ձեզ աշխարհի իմ անկյունում, առտու 4-ին, 5-ին, 6-ին, անշտապ ու անընդհատ, ապրելով իմ մայիսի 12-ը, կարդալով, գրելով, դադարներով, անդրադարձներով, կենցաղով… իմ ներսից է գալիս, ամենախորքից․․․ Ուրբաթն իմ պարտադրված-կազմակերպված էր mskh.am-ի առաջին էջի օրացույցով, ու ինչն է ինձ ուրախացնում, գիտե՞ք, որ մեր հեղաշրջումը կասեք, թե շարունակվող հեղափոխական շարժումն է, ես չեմ շեղվում իմ հայտարարած, մեդիայում արձանագրված ուղուց։ Իմ երեկն ու այսօրը ավելի հետևողական են իրենց կապի-զարգացման մեջ։ Առավոտյան ժամերգությունը՝ «Ուսումնական պատարագ» նախագծով, Սուրբ Երրորդությունում, իմ գործընկերների, տարատարիք սաների հետ, լսեք-վայելեք։ Այս մշակութաստեղծ պարապմունքը պարբերական, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, հոգևոր Հայաստանի բովանդակության՝ շարականների երգեցողությունը հակաբռնի, խոնարհ-ձեռքերդ վեր-ի նման, սիրո, հանդուրժողականության գործողություններ են մի-մի․․․

Արտաշատ քաղաքի թիվ 5, 6 մանկապարտեզներ այցը՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի ղեկավար Շամիրամի, երաժշտության ուսուցիչ Մարիամի ու 2-4 տարեկանների դաստիարակ Գայանեի հետ, Յուրա Գանջալյանի պատրաստակամ ուղեկցությամբ, նախատեսված, աշխատանքային է։ Դաստիարակները կրթահամալիրի քոլեջի ուսանողներն են, ովքեր ներկայացնում են Համբարձման-ջանգյուլումի-վիճակի ծեսը, որպես «Ծեսը համայնքում» ավարտական թեզով միջանկյալ աշխատանք․․․ Երբ Արտաշատի 5-6 տարեկանների ծիսական խմբերը դաստիարակներով, վարիչներով, ծնողներով «անցան սահմանը»՝ պարտեզները համայնքից բաժանող փողոցները ու վճռական մտան տները, ես ասեցի՝ սա էլ, Նիկոլ ջան, մեր հակաբռնի, ձեռքերը վեր, սիրո և հանդուրժողականության հեղափոխության քայլը՝ որպես Հայաստանով մեկ, շուրջտարյա, տարբեր ծեսերով մշակութային-կրթական համերաշխության, համայնքային համակեցության հաստատում…

Համբարձման ծեսը Հյուսիսի նախակրթարանում:

– Ուզում եմ, որ կտրվեք դրսից-աղմուկից, ու նայենք մեր ներսը,- «Սպեղանու» հիմնադիր Սարինե Ավթանդիլյանը խոստացավ ու «Սեբաստիա» համերգային սրահում լեցուն դահլիճում ո՜նց խոստումը կատարեց․․․
– Կներեք «ծանր» ծրագրի համար,- ասաց համերգի վերջում էլ…
Իմ ներսումն են հոգևոր վիճակով կանացի հմայքը բազմապատկած քսանի չափ երաժիշտների խմբերգի ձայները՝ և՛ հիմա, և՛ երեկ, հեծանվով Բանգլադեշի Մեդիակենտրոն-Մարտիրոս Սարյանի արձանի պուրակ անցման ընթացքում․․․

Սրճարանում, երկրորդ պլանից Նիկոլ վարչապետի գործին չխանգարող-մասնակցող-աղոթող հարազատ մարդկանց մի խմբի հետ ի՜նչ մտքեր փոխանակեցինք, Նիկոլի արածից-չարածից բան չթողեցինք, քանդեցինք ու հավաքեցինք։ Ստացվեց։ Ինչպես ստացված-կեցցե-ի արժանի է Նիկոլի կառավարության ստեղծման այս շրջանը։ Կեցցե՛ս, Նիկոլ ջան, ասացինք-բաժանվեցինք։ Դու անցի՛ր քո ճամփան, մենք էլ էսպես՝ կասեր Գրիգոր Խաչատրյան մրցանակը, մարշ ածելով գալիս ենք․․․ Իսկ իմ օրվա գրի հավելվածն է  mskh.am-ի առաջին էջը, ինչպես իմ օրվա մաս համարեք երեկվա ձեր գործերը, բոլոր կարգի սեբաստացիներ։

Ո՞վ է ՀՀ Սփյուռքի նոր նախարար 28-ամյա Մխիթարը Հայրապետյան․․․ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ։ Չեմ ճանաչում, չեմ հանդիպել․․․ Առաջին արձագանքը՝ էս ո՞վ է, որ չեմ ճանաչում․․․ տղայական արձագանք՝ իբր որ ես չեմ ճանաչում․․․ Միանգամից, շեղ աչքերիս մեջ նայում է Դավիթը Բլեյան ու շփացնում․
– Բա դո՞ւ ով ես, ես էլ քեզ չեմ ճանաչում․․․

Ռոդարիական նկարչություն, երկարացված օրվա ճամբարականներ և 6տարեկաններ: Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի

Շնորհակալ եմ Իրավունք.com-ին․ ինձ ներկայացնում է Նիկոլի 2016-ին հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նիկոլի հետ Գյումրիից Երևան ապրիլյան քայլքով անցած, քաղաքացիական կրթության կենտրոնի տնօրեն Մխիթարին, ով 2007-2011 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետում, հետո նրա մագիստրատուրայում, հետո որպես հայցորդ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում․․․ Մնացածը, կկարդաք-չեք կարդա առանց ինձ, բայց սովորական, ես միշտ շեշտում եմ այսպիսի դեպքերում, սովորական՝ լավ իմաստով, կենսագրություն է հակաբռնի, սիրո և համերաշխության հեղափոխությունը Նիկոլի հետ տարած, մեր հաղթած տղաների, որոնցից վարչապետ Նիկոլը ձևավորում է իր կառավարությունը․․․ Ու մեկ էլ հանկարծ այս տեսանյութը՝ 2018-ի փետրվարին  Մխիթար Հայրապետյանի ելույթը 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ, ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներից։ Տպավորվեցի։ Կեցցե՛ք, Մխիթար ու քեզ Հայաստանի քաղաքական կառավարում բերած Նիկոլ վարչապետ։ Բարի ծառայություն․․․ Ասել եմ, երրորդում եմ՝ դուք ու ձեր Նիկոլը․․․

Միջավայրի խնամք, երկրագործության աշխատանքներ Հյուսիսում:

Ես իմ օրվա գրերում անդրադարձներ կանեմ, չեմ կարող չունենալ իմ աջակցությունը Նիկոլի կառավարությանը, նրա ձևավորմանը՝ որպես Նիկոլ վարչապետի ամենադժվար մի քննություն հրապարակային, օրերի ընթացքում, պարտադրված, հընթացս, մեր այս վիճակում, խայտառակ ավանդույթով սրա, մեր ավագանու, կուսակցական-քաղաքական խավի անհաղթահարելի՞ բարդույթով։ Ինձ համար սա նաև մանկավարժական մի երևույթ է, որ ես քննում եմ ոչ թե Նիկոլի ավագի իրավունքով, այլ պարտավորությա՛մբ ավագի․․․ Նիկոլն իմ կրտսեր եղբայրն է, ու կստանա ինձանից այն, ինչ ունեմ ես, ինչ կարող եմ անել ես՝ իր ղեկավարած գործի հաջողության համար․․․ Բոլորիս ակնկալիքները, օրինական ասենք, կարող են կապված լինել գործի հաջողության արդյունքներին․․․

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1372

(79) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>