0

Էս գիշեր երազ տեսա, հերկերը վարած տեսա…

Կիրակի առավոտյան վճռական սկսեցի քանիցս հետաձգած մի նախագիծ՝ կարդում եմ Կոմիտաս՝ երգարան, «Հազար ու մի խաղ»… Վերակազմեց՝ Արթուր Շահնազարյանը, «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամի պատվերով, 2015թ. … Կոմիտասի գրառած մի քանի հազար երգերից Կոմիտասի ընտրած 100 բացառիկ նմուշները, հայտնի երկու հիսնյակը՝ 1904թ. տպագրած Վաղարշապատի՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանում, Կոմիտաս վարդապետի և Մանուկ Աբեղյանի խմբագրած… Եվ ահա 100 տարի անց առաջին անգամ հրատարակվում է «Հազար ու մի խաղ» երգերի ժողովածուն՝ նոտագրված, մեղեդիներով… Ինչի՞ համար նոտաներով հանդերձ եմ կարդում… Ինչի՞ համար են պետք նոտաները երգերի, եթե ես, միևնույն է, կարդում եմ Կոմիտասի երգերի բառերը… Կարդացեք Արթուր Շահնազարյանի վերկազմած ժողովածուի նախաբանը… Առաջին հիսնյակի, հետո երկրորդ հիսնյակի ծանոթագրությունները…

Ծես է, որ վերսկսում եմ ես առտու 4-ին, մարտի 12-ին, իմ ընտրությամբ բացում եմ երգը, մատներով անցնում եմ նոտաների վրայով, ինչպես հավատավոր կույրը, երկար-շատ երկար նայում եմ նոտաների մի քանի շարերին, հետո սկսում եմ կարդալ… Ես չգիտեմ՝ ինչ սկզբունքով է Կոմիտասը դասավորել երկու հիսյակների խաղերը-երգերը, որքան ինձ հիշում եմ՝ առաջին տեղում դրել եմ «Չինար ես կեռանալ մի»

Զատկական երգերի ուսուցում Հյուսիսային պարտեզում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի: 

Երգը-երաժշությունը այս խոսքերի մեջ է, իսկ խաղը, ահա, այս ձայնարկությունների, որ «Չինար ես»-ի համար «յա՜ր, յա՜ր, յա՜ր, նա, նայ, նայ, նայ»-ի տեսքով է, ինչպես օրը, ապրումը, ազդեցությունը, որ մնում է, որպես առեղծ ու չի ջնջվում:

Նիկոլ Փաշինյանեց տանը իրոք տղամարդկային մեծ կուտակում էր՝ Նիկոլի ընկերները, ես ու Դավիթ Բլեյանը՝ այս շարքում, Փաշինյան Աշոտի ընկերները, Նիկոլի ընկեր-բարեկամները… Նիկոլի զարմանալի աղջկական տրիոն՝ Արփինեն ու Շուշանը մեր, Աննա Հակոբյանը: Մարիամը ուսանող, գիտեք, Դորպատի (Տարտու) համալսարանում է… Տղամարդկանց գործը  համեղ-երկար սեղանի շուրջ հայտնի-հասկանալի է: Կարևոր էր անկեղծությունը խոսքի-շփման մեջ, որ թևածում էր ամենուր: Դավիթը մեր սեղանին չմոտեցավ: Միանգամից ընկերացավ երեք տարեկան դարձող Արփի սատանայի ու Շուշան չաչանակի հետ… Տպավորիչ խաղացին-սիրվեցին-սիրեցին:

– Նիկոլենց տանը ինչո՞ւ էր այդքան շոգ, – գոհունակ կիրակիից կհարցնի Դավիթը, փողոցում իրիկնային, Գարեգին Նժդեհով-Արշակունյացով վեր-վեր… քայլքով, հայր ու որդի…
– Պա՛պ, որոշել ես՝ ոտքո՞վ հասնենք տուն, պա՜պ, ասա իմանանք… Ծիծաղում ենք ու քայլում… Էնքան հետաքրքիր է հայր ու որդու զրույցը, որ Դավիթն է տանում: Լավ էլ հասանք, չորս կիլոմետրն ի՜նչ ճանապարհ է… խաղ մի, որում այնքա՜ն ելևեջներ կան կոմիտասյան երգերի:

Մայր դպրոց-Արևելյան դպրոց ճանապարհի բարելավման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Ջուլի Սիմոնյանի:

Շուշիի ուսանողական դուետ քույր-եղբայր Արթուր-Քրիստինեն Դավթի հետ զարմանալի հաշտ տրիո կազմեցին… Շուշիի հիշողությունները անջնջելի են Դավթի համար, ու երևանյան թափառումից եռյակը վերադարձավ խաղալով… Ու մեր զրույցը ընտանեկան, նույնքան թեթև-շիտակ-կարևոր… Ախր, կա՞ մի կարգին ուսումնասիրություն՝ Արցախ աշխարհից քանի ուսանող է տարբեր բուհերում-ծրագրերով սովորում, ինչպիսին է ինքնազգացողությունը-կենցաղը, հետո ինչ են անում… Բոլորը ղարաբաղցիներ են և վե՞րջ… Քրիստինե-Արթուրի, նրանց ընտանիքների օրինակով, պատիվ ունեմ ճանաչելու բոլորին ու յուրաքանչյուրին, այդպես չէ… Էստեղ է հասարակական կյանքը մեր՝ իր արցախյան թնջուկով, որպես երգ՝ իր ելևեջներով… Քրիստինեն-Արթուրը այնպես չէ, որ փախել են Արցախից, Շուշիից Երևան, ամեն առիթով Շուշի են վերադառնում, Երևանում իրենց ինքնավստահ-յուրային չեն զգում…

Հանդիպում կրթական պարտեզի սարալանջում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Տաթևը Բլեյան, Վահանը ու հայր Սամվելը Սերոբյան կիրակի առավոտով տոն բերեցին մեր տուն…. լավ միտք էր. Տաթևի ծնունդը նշել արտագնա՝ սկսելով հայրական տանը, հանգրվանելով մայրական տանը, իսկ արանքում քայլքը-թափառումը… Այսքան խաղաղ-կոնկրետ Վահանին սիրած չկայինք: Դավիթը հա՜ թաքնվում էր, Վահանն էլ «դադա» ասելով փնտրում գտնում: Դավիթը գիտե՞ք՝ ոնց է իր սերն արտահայտում. ձեռքով գլխին փափուկ դմդմբացնելով… ինչպես երեկ, Արփի Փաշինյանին, Վահան Սերոբյանին, Քրիստինե-Արթուր բարձրահասակներին… մինչև առաստաղ հասնելով…

Փաշինյան Աշոտի հետ մեր զրույցը առջևում է: Նիկոլի ժառանգի նկատմամբ իմ վերաբերմունքը, ինչպես ելևեջ երգի կոմիտասյան… Աշոտի տեսքը տեղը, ինքնավստահությունը գտած, առաջիկա հանդիպումը պայմանավորված…

Ընտանեկան լուսանկարները, տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի:

Մարտի  տոնական-հանգստի- ոչ աշխատանքային չորս օրերի գրերը փորձեցի իրար կողքի դնել, որպես մի շարք, մի կտավ, մի պատում… Գյումրիի Սոնա Զառաֆյանի երգչախմբի ելույթը կուզեի ամբողջական, ոչ որպես առաջին հանդիպում լսել… Հրավիրենք ձայնագրությա՞ն մեր ձայնագրման սրահում. հրավիրում եմ: Հայաստանում քանի՞ պատանեկան-երիտասարդական երգչախումբ կա գործող, յուրաքանչյուրին գտնենք, հրավիրենք, լսենք, պատվենք… Արթուր Շահնազարյանի 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակում 60 հոգևոր երգ է կատարել (5-15-րդ դարեր): Լսեք, որ ես շարունակեմ իմ առաջարկը, որպես մի նոր նախագիծ, իմ վաղվա գրում:

Ֆոտախմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1326

(111) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>