0

Տանկերն ինձ հանգիստ չեն տալիս…

Առաջաբանի փոխարեն

Ժամանակակից հայաստանցու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները լիբերալ-դեմոկրատական Հայաստանի էությունը, իմաստն ու պետական կառավարման կոչումը պիտի լինեին: Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները բոլոր մակարդակներում կոչված են, իսկ պետական բոլոր պաշտոնյաները մի ծառայություն ունեն՝ ապահովել այսօր «կենդանի» մարդու և կոնկրետ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան (հոդվ. 4-րդ):

Չի կարելի վերացական դատողությունների վրա հենված իրավազորության օգնությամբ իշխել այսօրվա Հայաստանում: Հանուն արդարության կամայականության ավելացումը, որպես հրեշ, դատարկում է Հայաստանը: Այս ամենը ծանոթ պիտի լիներ պատմությունից: Ֆրանսիական հեղափոխությունը պարտվեց, որովհետև մեծ զրկանքների ու զոհողությունների դիմաց ֆրանսիացուն տրվեց ազատություն՝ քաղցից մեռնելու, հավասարություն՝ աղքատության մեջ, եղբայրություն՝ ետնախորշերում ու բանտերում: Ճամփան ո՜ւր, ճամփորդն ո՜ւր: Հայաստանում այսօր ձևավորված է ճամփորդների մի ընկերակցություն, որը, թվում է, մի գաղափար ունի՝ կառավարել: Ավա՜ղ: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն առաջադեմ մարդկության Ավետարանն են, բայց գործողության մեջ:

02.10.1999

Մեկուսարանի իմ խցի այս ռեշից մեկուկես տարի, որպես դիտակետ, հետևում եմ Հայաստանյան անցուդարձին՝ որպես նշանառու. դիրքս բացառիկ է, ոչինչ չի վրիպում հոկտեմբերի 27-ից առաջ, նրանից հետո… Հիասթափությունների, դավաճանությունների, անհեթեթության, ոչ պետական քստմնելի գոյության 1,5 տարի… Ինչպիսի՜ կորուստներ՝ Եգորի՝ Էդուարդ Եգորյանի, Վազգենի, փախստական դարձած Վանոյի տեսքով… Մեր նորագույն պատմության թատերաբեմ, շնորհիվ ղարաբաղյան շարժմամբ 1988-ին «զարթած նոր-նոր հույսերի», նետվեցին նոր Հայաստանի մարմնավորման-իրականացման գաղափարներ… Կտրիճ Սարդարյանն իր «Եթե չսթափվենք, դարը փակելու ենք այնպես, ինչպես սկսել ենք»-ում, Վանո Սիրադեղն իր «Առաջին ու վերջին քայլն ազատության ճանապարհին»-ում, Վազգեն Մանուկյանն իր «Գնացքից թռչելու ժամանակը»-ում, Ռաֆայել Իշխանյանն իր «Երրորդ ուժի բացառման օրենքը»-ում 1989-90 թթ-ին պահին ասած խոսքերով, թվում է, կանխորոշել էին՝ «Որն է մեր ճանապարհը»: Եկել էր այն պահը, «երբ ժողովուրդը հանգիստ, առանց զգացմունքների, պետք է կանխորոշի իր գալիք հինգ տարիների անցնելիք ճանապարհը: Մտքերի ու գաղափարների այս լաբիրինթոսում, որը հատուկ նպատակով է ստեղծված, պետք է կարողանալ տարբերել մնայունը՝ անցողիկից, ազգային շահը՝ անհատական խճճված հարաբերությունից, պետական միտքը՝ ազգային զազրախոսությունից: Այսօրվա լուծելիք հարցերը չշփոթել գայթակղիչ ու անիրականանալի հեռանկարի հետ» («Որն է մեր ճանապարհը», Կ. Սարդարյան): Թվում է՝ ժողովուրդը 1990-ի և 91-ին արդար ընտրությունների միջոցով կանխորոշեց իր գալիք հինգ տարիների անցնելիք ճանապարհը, կարողացավ «ժողովրդի ծոցից ելած բարոյական նկարագրի տեր զավակների համախմբումով ստեղծել գերագույն իշխանություն»… Կարողացանք սկսել Ա տառից, ուրեմն, ինչո՞ւ չսովորեցինք քաղաքական բարդ ու դժվարին այբուբենը հերթականությամբ… Այդ ինչպե՞ս եղավ, որ 1997թ.-ի սեպտեմբերին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը»՝ ծրագիրը կանխորոշեց ոչ թե որպես մեր ճանապարհ, այլ ընդամենը, որպես բարի՝ «խոսք մնացողաց»…

Հասարակությունը հայտնվել է «մտքերի ու գաղափարների նոր լաբիրինթոսում», որը հատուկ նպատակով է ստեղծված, որ չտարբերես մնայունը՝ անցողիկից, ազգային շահը՝ անհատական խճճված հարաբերությունից, պետական միտքը՝ ազգային զազրախոսությունից… Մնայունը մարդն է ու իր կյանքը, երբ քո հողում ստեղծածդ՝ որպես ժառանգություն կտակում ես քեզ շարունակողներին, անցողիկը փախստականն է ու փախեփախով փախցրածը՝ չապրած կյանքը, երբ չկա շարունակություն, ու չկա ժառանգորդ… Անգամ եթերով ու թերթերով իշխանավորի բերանից ուրիշ բան չես լսի, միայն խճճված-խճճվող հարաբերություններ… Երբ «Միասնության» միջև ռազբիրատը թիվ մեկ պետական խնդիր է դառնում: Ազգային զազրախոսություն, որ որպես պետական միտք է հրամցվում…

  • 21-րդ դարը մերն է լինելու…
  • Մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք…
  • Մենք տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն ենք լինելու…
  • Կառավարության գործունեության համար կառավարությունն է պատասխանատու, ժողովրդի վստահության քվեն ստացած ՀԺԿ-ն ծրագրեր պաշտպանող է, ու կառուցողական ընդդիմություն…
  • Աշոտ Մանուչարյանը բացահայտում է… Արկադի Վարդանյանը՝ զգուշացնում… Արտաշես Գեղամյանը՝ սպառնում…
  • Կոմկուսն իր տասը տարվա չկերածն է ուտում…
  • Ռոբերտ Քոչարյանն արևմտամետ գործիչ է…

Ամերիկան մտածում է ամերիկացիների մասին ու հիշեցնում հայերին, որ իրենք պետություն են, ու թուրքերի հետ պատմական հարցեր քննարկելու և լուծելու համար պիտի հաստատել միջպետական հարաբերություններ, որ պարզվում է, մոռացել ենք հաստատել… Ու ազգային զազրախոսության ֆիասկոն…

Ախալքալաքի ռուսական զորակայանը լքող տանկերը մտնում են Հայաստան… Մեզ թուրքերից պաշտպանելու… Օպերատորի օբյեկտիվում ծաղիկով թափահարող աղջկա ձեռք է փրկարարներին… Ադրբեջանցիք ազատ են ռուսական զորախմբերից, լրիվ հսկում են իրենց պետական սահմանները նաև Իրանի ու Ռուսաստանի հետ, Վրաստանը հետևողական միջազգային հսկողությամբ լիկվիդացնում է իր տարածքի վերջին ռուսական ռազմակայանները, ամբողջությամբ հսկում իր ցամաքային ու ծովային պետական սահմանները, այդ թվում՝ Թուրքիայի ու Ռուսաստանի հետ… Դեպի եվրոպական ինտեգրացիա միտված Հայաստանի տարածք՝ «տարածաշրջանային ինտեգրացիան արագացնելու», հայ-թուրքական միջպետական հարաբերություններին, հայ-ադրբեջանական երկխոսության ու հայ-վրացական կապերի զարգացմանն անհրաժեշտ դինամիզմ հաղորդելու համար, մտնում է ռուսական զրահատեխնիկայի նոր խմբաքանակ…

Ազգային զազրախոսության ֆիասկոն՝ աշխարհին ի ցույց:

23.10.2000թ.
013 խուց

(54) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>