0

Ա՜յ, Ավրորա՛ ջան, սա է իրական Հայաստանը…

Տնտեսագետ, հիմա Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտոր Էդվարդ Սանդոյանի խոսքի-ելույթի նկատմամբ միշտ ուշադիր եմ եղել: Չեմ մոռացել, 1998-1999-ին ՀՀ ֆինանսների նախարարն էր ինքը, իր աշխատասենյակում մեր զրույցը հեղինակային մանկավարժության աջակցության գործիքների մասին էր, պետական աջակցությունը որպես հանրային աջակցության ձևերի խթանման-արժևորման անհրաժեշտության… հանրակրթության մեջ պետության-մասնավորի հարաբերությունների նոր հարթակի մասին, ինչը, քանի՛ տարի ես պարտադրել-պաշտպանել եմ, բերել հասցրել «Բլեյան» կրթական բաց ցանցի ստեղծման՝ պահպանման, զարգացման-ծավալման պետական իշխանության-համայնքի-մասնավորի գործընկերության, որը խթանում է ուսուցչի ստեղծականությունը, լայն հնարավորություններ ստեղծում մանկավարժների ստեղծագործական հավաքների ձևավորման, որպես բաց կրթական համայնքներ՝ նրանց դինամիկ զարգացող ընկերակցությունների նախաձեռնողականության-ինքնավարության համար: Երեկ երեք անգամ հեռուստացույց միացրի։

Ողջ օրը ընտանեկան միջավայրում էի՝ օրվա վերջում կարևոր զրույցով Ֆրանսիայի մեր գործընկերոջ՝ «Նոր Յառաջ»-ի գլխավոր խմբագրի Ժիրայր Չոլաքյանի, իր մտերիմ ամերիկահայ Սէրուժ Ուրիշեանի՝ բառարանների հայտնի կայքի խմբագրի հետ, Արմինեի ու Դավթի հյուրասիրությամբ… Ժիրայրը ոգևորված պատմում էր Գյումրիում իր նախաձեռնության տպավորիչ ընթացքի, դրանում գյումրեցի երկու անծանոթի ներգրավման մասին, ովքեր այս երկու տարում դարձել են իսկական ընկեր, ազնիվ ու նվիրված աշխատանքում… Սէրուժը Դավթին, Արմինեին ներկայացնում էր իր կայքի կիրառման հնարավորությունները, արանքում գլխավորն էր սփյուռքում թե Հայաստանում մարդկային ներուժի ազատ օգտագործումը մարդու համար՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս… Այսօր մենք կհանդիպենք արդեն կրթահամալիրի Բանգլադեշում ու մինչև Ժիրայրի մեկնելը կշարունակենք մեր իրիկնային ընտանեկան քննարկումը՝ քայլելով իրական, մեր ստեղծած մանկավարժական միջավայրում, ճամբարական սեբաստացիների հետ բերելով ամառային լուծումների… Իսկ Սէրուժը, որ մնացել է Երևանում Քրիստափոր ընկերոջ հարսանիքի համար, շատ գործնական հետաքրքրված էր հունիսի 29-ի մեր հարսանիքով…

Եվրոնյուսի լուրերում կիրակնօրյա մշակութային հավելվածները ես բաց չեմ թողնում… Կա՞ր, ինչո՞ւ չկա Հայաստանում այդքան գովազդվող «Ավրորա» մրցանակաբաշխությունը, ինչպե՞ս է այն հասնում աշխարհին… Այդպես է, չէ՞, մտածված աշխարհակալ մի նախաձեռնություն որպես, տեսեք, տեսեք՝ մենք որքան համաշխարհային ենք մարդկային ցավի մեր ընկալման մեջ, էն էլ՝ մեր բազում խնդիրներով, մեր անվերջանալի պատերազմով-հակամարտությամբ, մեր տարածաշրջանում շրջափակման մեջ:

Մտքերս էստեղ Թումանյան Հովհաննեսը տարավ… Կարո՞ղ էր այս 30 տարիներին տարածաշրջանի ժողովուրդների՝ հայերի, վրացիների, թուրքերի ու ադրբեջանցիների համատեղ կեցության պայծառ էջերին անդրադարձ լինել, այն անցքերին ու մարդկանց, գործիչներին, մեր համատեղ կյանքի այնպիսի դրսևորումներին, որտեղ մենք մրցանակի արժանի, սերնդներին ներկայանալի վարք ու բարք ենք դրսևորել… Պատկերացրի՞ք, ամեն տարի, մեր հայկական ներկայությունը ճանաչող քաղաքներից-բնակավայրերից մեկում այսպիսի մի թամաշա ներկայացվեր, ինչպես երեկ՝ Օպերայի ու բալետի թատրոնում… իրական, մեր կենսակերպով, մեր պատմության հավաստի էջերով ու մարդկանցով, խնդիրներով… Ի դեպ, մեր զրույցի առանցքը հենց հայկական Թիֆլիսն էր, Ստամբուլը, Երուսաղեմը, Վենետիկը, Վիեննան, Բաքուն… Փարիզը… Լիբանանը… Գյումրին…

«Հայելի» ակումբում Էդվարդ Սանդոյանը ներհայաստանյան հանրային նոր հարթակի մասին էր խոսում, որտեղ գլխավորը օր առաջ աշխատանքով նոր արդյունքի ստեղծումն է, ոչ միայն ու ոչ այնքան եղած արդյունքի արդար վերաբաշխումը, ինչպես է հիմա՝ հետ հեղափոխական, թե շարունակվող հեղափոխության շրջանում… Օրհասական տնտեսական-հանրային խնդիրների ու դրանց լուծման, ցավոտ, բայց անհրաժեշտ փոփոխությունների շուտափույթ սկսման, մեզ անծանոթ, ինչպես թավշյա հակաբռնի հեղափոխությունն էր, տնտեսական-արտադրական հարաբերությունների նոր կազմակերպման՝ առանց շահույթահարկի, գույքահարկի նոր համակարգի ներդրման, հասուն-ընդունակ երիտասարդության մեր արժանի մոտեցումների… Արմենիա TV-ով «Ավրորա» մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումներն ինձ չկտրեցին իմ օրակարգից, և դա լավ է…

Այս մտքերով էի ես, երբ վերջապես ինտերնետ կապը վերականգնվեց ու … Զոհ առաջնագծում, պատերազմի վտանգն իրական է դառնում
– Ա՜յ, Ավրորա՛ ջան,- թռավ,- սա է իրական Հայաստանը՝ իր ո՛ր քաղաքն ու գյուղը, ո՛ր դահլիճն ու արդուզարդը ընտրես, ինչ արմանք-զարմանք թափես… Էս է՝ իր ամենօրյա զոհերով, զրկանքով, սրա վախով…
Ինչպե՞ս հերթական զոհի դեմն առնել ու պատերազմի վտանգը չեզոքացնել, ա՛յ Ավրորա ջան… Էս քո խնդիր չէ՞…

Կիրակիի գիրը առանց ընթերցանության կիսատ է թվում. լավ է, որ կան այսպիսի նյութեր-հրապարակումներ՝ Հեղափոխական Հայաստանի քաղաքացիական վակուումը… որ ինձ ազատում է գիրն իմ հոդվածի վերածելուց: Կարդացեք անպայման, որքան էլ որ հաշվիչն է ցույց տալիս այսպիսի հրապարակումները 10  անգամ ավելի քիչ ընթերցող են ունենում, քան պատերազմի մասին հրապարակումները: Ես սպասում էի և ժամանակ գտա նաև Վահե Հովհաննիսյանի նոր հարցազրույցի համար:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1402

(0) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>