0

Մեր կյանքի ժամերը, մեկ է, հաշված են…

Լսեցեք: Այս օրերին ես ժպիտով եմ վերաբերվում ինձ պաշտոն տալու մասին աժիոտաժային տրամադրություններին-խոսակցություններին… Այո, շարունակեմ Գրիգոր Խաչատրյանի նման, ես կարիերիստ եմ, բայց կարիերա անում են և՛ վեր, և՛ խոր… հատկապես իմ կենսագրության, դիրքի տեր մարդը: Կրթության նախարար ես եղել եմ, եղել եմ և Երևանի փոխքաղաքապետ, Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ նախագահի թեկնածու… Թեկնածուի իմ շտաբում, որը տեղավորված էր «Հայկական ժամանակ» թերթի (այն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի «Օրագրի») խմբագրությունում, միշտ սիրով եմ հիշում այդ շրջանը, իմ կողքին էին, մերձավոր-հարազատների պես, Տիգրան Հայրապետյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանն ու Լիլիթ Բլեյանը… Գեորգի Վանյանն ու Նորայր Այվազյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը… Ես եղել եմ Նոր ուղի, ես կամ Նոր ուղի՝ իմ կրթական-մշակութային, հանրային-քաղաքացիական-քաղաքական գործունեության բոլոր հարթակներում… նաև երբ երկու տարի չորս ամիս կալանավոր էի աշխատում Նուբարաշենի քննչական մեկուսարանում, կլոր բերդում, դրանից հետո, երբ«Տանիք» իրավապաշտպան, «Նոր ուղի» հասարակական կազմակերպության ղեկավարն էի:

«Սովորող-սովորեցնող» նախագիծ․ Հարավային դպրոցի 5 տարեկաններն  իրենց ավագ ընկերների հետ լուսանկարում են։

2007-ին ես ճամփաբաժնի առաջ էի ու գիտակից, հավասարակշիռ-հեռահար ընտրեցի հեղինակային մանկավարժությունը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Բանգլադեշը՝ որպես կարիերա, անձնական, մարդկային-մասնագիտական զարգացման՝ կյանքի ճանապարհ, անունով-փառքով, թե փշե պսակով՝ իհարկե, թողնելով կուսակցություն, հասարակական կազմակերպություն… Բլեյանի դպրոցի հիմնադիր տնօրենի կոչումը-պաշտոնը-աշխատանքը ես 2007-ից սեբաստացիներ կրթական համայնքի հետ կատարում եմ պայմանագրով՝ պատվիրատու ունենալով հայաստանյան քաղաքացիական առաջադիմող բաց հասարակությունը, որպես այս կրթական համայնքի, առաջադիմության, Թումանյան Հովհաննեսը կասեր՝ պահապան շուն, ես ավելացրի սրան՝ հավաքարար ու պարտիզպան, ու դարձավ իմ հավատամքը երրորդություն՝ պահապան-հավաքարար-պարտիզպան:

Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների  խումբ։
Լուսանկարները՝ Նելի Արղությանի։

Գիտե՞ք, թե ի՜նչ վայելք է լինել առաջինը քո ամենօրյա-անընդհատ ծառայության մեջ, հեղինակը քո գործի, որ մանկավարժություն է կոչվում: Ինքնադրսևորման-ինքնիրացման խնդի՞ր կա. եթե կա, ես այն շարունակում եմ քաղաքացիական հարթակում, դեպի մարդը, մարդու հետ, նրա փողոցում, հրապարակում, տանը, աշխատավայրում… Հրազդանի կիրճով, աջ ու ձախ անցումներով (Խաչատուր Աբովյանն իմ ժամանակի հերոսն է): Ինձ կաբինետը, կուսակցական-վարչական ենթակայությունը, սահմանափակությունը խորթ են…

Ես հեծանվի վրա եմ, մշտական քայլքի մեջ, ես ճամփորդ եմ: Թումանյանն ունի մի տրամադրություն՝ «Պանդուխտ եմ, քույրիկ», որպես ձեռքի թափահարում. դրանով ավարտեմ… Կուզեի այնքա՜ն օժտված լինել ի վերուստ, որ բանաստեղծ, երաժիշտ կամ ռեժիսոր լինեի… Կուզեի այնքա՜ն խաղաղված, համեստ-օրվա արդար վաստակով ապրել, որպես պարտիզպան… Սրանք բոլորը իրար հետ կան իմ մանկավարժության մեջ: Ժամանակի խնդիր կա, միշտ եղել է, հիմա ես այն սուր եմ զգում, ավելի ու ավելի սուր… Իմ կյանքի ժամերն էլ, մեկ է, հաշված են, այստեղից և վերնագիրը գրի, ինձ հաճախ այցելող պանդուխտի-ճամփորդի տրամադրությունը… Այնքա՜ն գործ կա անելու, մամա ջան… Ո՞նց… ասել եմ, տեսնում եմ, իմն են, ու անկատա՞ր մնան, իմ հայացքին չտրվե՞ն… իմ Երևանը, իմ Զանգուն Սևանա լճով, իմ դաշտը Արարատյան… դեպի մարդը իր ճամփան, երկրագործ հայն ու լուսավորիչ ուսուցիչը Հայաստանով մեկ, Գյումրիով ու Շուշիով…

Սեբաստացիներով՝ Սեյրանի բարձունք-Նորագյուղ-Հրազդանի կիրճ-հին Կոնդ երթուղով:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Tsov Alizé Ծովինար Բանուչյանը երեկ կրթահամալիրի Գեղարվեստի հարթակում էր. սիրելի բանաստեղծուհու հետ` Քնարիկ Ներսիսյանի այնքան սիրով-խնամքով մատուցած հանդիպման մասնակիցներն էինք Նիկոլի Շուշան Փաշինյանի հետ, ընթերցասեր ուսուցիչների-սովորողների պայծառ խմբով… հաղորդակցության, կամուրջների, հարազատության 60-ից ավելի րոպեները ո՜նց թռան… Ի՞նչ մակագրեց «Երեք քաղաք» իր ժողովածուն նվիրելիս՝ «Բոլոր ժամանակների ամենահավես ուսուցչին, որ ոչ մի սերնդի հանգիստ չի տալիս»: Շնորհակալ եմ… Հուզեցիր, իմ հերթական-ամենօրյա անընդհատ, թվով 1371-րդ գրի սրանից գտած-փախած ավա՞րտ, 1980-ականների իմ ղեկավարած հայագիտական դասարանների շրջանավարտ սաներ Արշակ Բանուչյանի ու Քնարիկ Խաչատրյանի տաղանդավոր աղջիկ Ծովինար, քո ծովի՝ Բանգլադեշ հասած ալիքներով…

Այո, ինձ այլևս չեմ տեսնում պետական կառավարման մեջ, ես գործում-գործելու եմ կրթական հոգևոր-մշակութային-բնապահպանական-հանրային-քաղաքացիական հարթակներում, միշտ հեղինակ իմ գործի, միշտ Նոր ուղի, միշտ առաջադիմող, բոլորինը-յուրաքանչյուրինը՝ ձերը, ձեր երեխաներինը:

Ընկեր Շուշանն ու ընկերները խնամում են Հարավային դպրոցի բակը։ 

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1371

(310) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>