0

Թալիսմանները՝ մեռած և անուժ…

Աղջիկներին մեր հեծանվորդ ես թողեցի Հրազդան գետի-Երևանյան լճի Սեյրան բարձունքին․․․ Միքայելը ճանապարհի վստահելի ընկեր է, անձրևն էլ, պարզվեց, չէր թուլանալու, ուժեղանալու էր. ճիշտը Ծովակալ Իսակովով նրանց շրջադարձ-վերադարձն էր Մայր դպրոցի հեծանվային ակումբ։ Իսկ Թոփչյան Արմինեի շուրջ հավաքվող հեծանվորդ սեբաստացիների խումբը ավելի ինքնավստահ-ճամփորդական է դառնում, հեռահար նախագծերով, երբ երևում է՝ յուրաքանչյուրը նրանցից խնդիր ունի անհատական հարմար ճամփորդական հեծանիվ ունենալու, ճամփորդական արդուզարդով, աննահանջ նաև անձրևին-քամուն-ցրտին․․․ Իմ աջակցությունն ունի նրանցից յուրաքանչյուրը, հատկապես այսպիսի նախաձեռնություններից հետո, երբ ասել-հայտարարել ես-չես նահանջում՝ տոն լինի, համերգ, թե անկանխատեսելի ընթացքով անձրև, թե բոլորը միասին, ինչպես երեկ։ Իրենց հաջողությունն էր, հաստատակամությունը, համերաշխությունը, որից բոլորս ենք շահում, ամեն մի սեբաստացի սովորող-ուսուցիչ։

Մայրիկների համար թաթիկ-նկարակալներ ենք պատրաստում: 
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:

Ես շարունակում եմ իմ ճամփան Մարադոնայի կարմիր, անջրանցիկ ջեմպրով ու Հաղթանակի կամրջով վճռական մտնում Հրազդանի կիրճ․․․ Լավ է, որ մենակ ես, որ անմարդ կիրճում ուժգնացող անձրևն ու ջրառատ դարձող Զանգուն Աբովյանի հայտնի «Զանգի» հավելվածի ձայներ-գույներ-գոռում-գոչյունն են բերում քեզ, վատ է, որ ուզում ես նաև լուսանկարել, որ վտանգավոր է հեծանվորդի համար… կորցնում ես իրականության զգացումը, դառնում անպաշտպան՝ մոռացած քեզ, հեծանիվ-պարագաներ․․․ Երբ արդեն կիրճով մեկ Զանգվին հակառակ անցել, իմ հավեսը հանել, մինչև վերջ թրջվել ու Զանգվի հոսանքով վար՝ թունելի մուտքի մոտ էի, երկընտրանքի առաջ՝ մտնել թունելով Մաշտոցի պողոտա-տո՞ւն, թե՞ վեր, դեպի Պռոշյան փողոց գնալ․․․ հայտնաբերեցի, որ պայուսակս ճամփորդական-անձայն չկա, մեջը լիքը կարևոր դարձած մանրուքներով․․․ Կապեր են․ նույն ընթացքով ուժեղացող անձրևի տակ ետ վերադարձա և կիրճի ելքին, Հաղթանակի կամուրջ չհասած, մետաղյա ճաղին հենված տեսա ինձ սպասող-բաց շղթայով խուրջինս․․․ Իմ ուրախությունը ձեզ լինի, այնքա՜ն շփոթվեցի, որ այֆոնս շտապ գցեցի Խուրջինի գրպանը՝ մոռանալով, որ այն լեցուն է ջրով․․․ Հեծանիվը կայանելիս ․․․ վա՜յ տվի գլխիս․․․ Իմ կապի միջոցը կենդանացնելու՝ Մելինե Մարիտրոսյանի շամանությունը՝ մի գիշերվա բրնձե թաղումով, չօգնեց․․․

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…

Կարդում ենք Տերյան․․․ Ու Տերյանի աշխարհում, ինչպես քայլքով-հեծանվով ճամփորդելիս, երբ մենակ եմ լինում, ընտրում եմ անծանոթ-վատ ծանոթ-մոռացված արահետներ, արձագանքում նոր կանչերի․․․ Փորձե՛ք այսպես Տերյան կարդալ՝ բաց թողնելով ծանոթը, անգիրը, ու կհառնի ողջ հմայքով մի նոր Վահան՝ վերջին մեր սերը աշխարհում գուցե․․․

Հյուսիսային դպրոցի վեց տարեկանները:
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի:

Ես խառնել էի փետրվար-մարտը, սրանով նաև մարտ-ապրիլը, ու մարտի 13-ը ուրիշ դարձնելու, Չարենցի քաղաք Երևանին հիշեցնելու, Չարենցով լինելու մասին  իմ խոստումը ինձ պոռոտախոսություն է թվում․․․ Ինձ թվում էր, թե փետրվարից հետո մի ամիս էլ կա․․․ Իսկ այսպես, արձակուրդային-ոչ աշխատանքային-տոնական չորս օր, ու մարտի 13-ին դեմառդեմ․․․ Ի՜նչ եք անելու՝ չգիտեմ. տեսնենք՝ ինչ եք ասում…

– Ինչի՞ մասին են էդ մուլտերը, որ նայում ես․․․,- հարցնում եմ բազմոցին, հեռուստացույցով արձակուրդային-տոնական-հանգստի երրորդ օրը վայելող Դավթին Բլեյան․․․
– Չգիտեմ․․․
– Չգիտես ու նայո՞ւմ ես, Դավի՛թ․․․
– Ընդամենը մուլտիկներ են, ես էլ նայում եմ․․․
– Առանց իմանալու՝ ինչի՞ մասին են․․․ Իսկ գիտե՞ս՝ ժամը քանիսն է, որ նայում ես․․․
– Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ․․․ Դո՛ւ իմացի․․․  Քանի՞սն ա, որ տանն ես, ե՞րբ ես գործի գնալու, որ ես էլ իմ մուլտիկները նայեմ․․․

Արմինեն էլ չգիտի ժամը ու չի ուզում իմանալ․․․
– Դու էլ մի իմացի,- խորհուրդ է տալիս ինձ,- ընտանեկան փափուկ փիսիկ դարձի․․․
Մելինե Մարտիրոսյան քույրիկն էլ քնած է․․․ Ես ձեռ եմ քաշում Դավթից, իմ հետազոտությունից։ Դավիթը բազմոցի վրա՝ իր մուլտերի հետ, օրը՝ արևոտ-պայծառ, ժամը 11-ն է․․․ Մա՜րտ եմ ասել, իսկական գիժ, ու ես փորձում եմ ներառվել․․․
– Լավ է, Դավի՛թ, հետաքրքի՞ր է․․․
– Շա՜տ․․․ որ հետաքրքիր չի լինում, ես փոխում եմ, ուրիշ մուլտիկ եմ նայում, հետաքրքրասե՛ր պապ․․․

Վահանապատում:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Գյումրու հերթական-նոր խումբ պատանիների՝ հայորդյաց տան երգչախմբի բեմելը կայացավ կրթահամալիրում, «Սեբաստիա» համերգային դահլիճը երեկ տոնական էր՝ Երևանի ու Գյումրու մեծ խումբ պատանիների ամենալավ-բազմազան երգերի ուրախություն էր․․․ Ի՜նչ լավ է, որ շնորհիվ Սոնա Զառաֆյան, Նելի Փիլոյան, Անի Նավասարդյան երիտասարդ-նվիրյալ խմբավարների երգող պատանիների քանակը հավասարվում է երգասեր ունկնդիրների քանակին․․․ Լեցուն դահլիճում համերգի վերջին զբաղված էին վոկալի համար նախատեսված տեղերը, և դահլիճում ոչ ոք չէր ուզում, որ համերգն ավարտվի․․․ Եվ հայորդյաց տան՝ սիրելի դարձած տնօրեն Աստղիկ Եդիգարյանի խոստումը՝ շարունակությունը Գյումրիում առավել տպավորիչ դարձնելու մասին, ուժգնացնում է հանդիպման սպասումը Գյումրիի․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1324

(116) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>