0

Ես, իհարկե, երջանիկ հայր եմ…

1999թ. մայիսի 13-ին դուրս եկա Մայր դպրոցից` Մամուլի տանը ժամը 14:00-ին նախօրոք հայտարարված ասուլիսն անցկացնելու համար… Ինձ մոտեցան հատուկ հագնված սևազգեստավորներ և խնդրեցին նստել իրենց մեքենան… Ես չուզեցի տեսարան սարքել, սովորողների, ուսուցիչների ուշադրությունը հրավիրել: Անաղմուկ հետևեցի… Վերադարձա 2001-ի հուլիսին: Այս մասին իմ օրագրում պատմել եմ: Եղել է: Սկսում եմ հրապարակել իմ չհրապարակած նամակները` Շուշանին, Տաթևին, Լիլիթին… Նամակներ, որ պատմել եմ, շաբաթներ առաջ Շուշանն ինձ հանձնեց… Ես էլի չէի հրապարակի, բայց սրանք նաև մանկավարժական հետաքրքրություն են ներկայացնում:

Այս մարտի 11-ին Տաթևի ծննդյան օրն է, ինչպես և 2001-ի մարտի 11-ին… Ահա ինչու, սկսում եմ շարքը սրանով, որ տեսնեք, համոզվեք. ես միշտ էլ իմացել եմ Տաթևի արժեքը, մարդկային հոգու բացառիկությունը… Համ էլ այս օրերին Տաթևը վերջնականապես փոխեց երևանյան Ֆրունզեի 18, բն. 31 հասցեն Խարբերդով: Տաթևն Արևիկի հետ ապրում է իր ամուսնու` Սամվելի հետ, Սամվելի տանը: Օրագրում նաև ասենք` շնորհավո՜ր: Իսկ ամիսներ անց, Արևիկն իր նման կամ Դավթի նման քույրիկ-եղբայր կունենա` հետաքրքիր, հմայիչ, առողջ…

Լուսանկարները՝ Լիլիթ Բլեյանի։

Նամակ կալանատնից

1Ուռա՜, իմ Տաթուլիկի ծննդյան օրն է: Օդապարիկից թափվող ծափիկներ, գարնան բերած դաշտի ծաղիկներ ու հովի փոխանցած պաչիկներ իմ պայծառ Տաթևին: Շուշանիկ, քո բախտը ո՜նց է բերել, շահել ես` Տաթևիկի նման քույրիկ ունես: Փաթաթվեցի՞ր, գրկեցի՞ր քույրիկին, Շուշ, սիրեցի՞ր, շնորհավորեցի՞ր, ի՞նչ նվիրեցիր: Ես մի լավ հանելուկ եմ նվիրում Տաթևիկին: Ահա.

Սպիտակ է ձյունի նման,
Անմեղ է կապույտի պես,
Ձգող է որպես լիճ,
Ծնվել է հայրիկի հոգու երազից:
(Տաթևիկ Բլեյան)

Շուշ ջան, սովորի այս հանելուկը ու ասա բոլորի համար, ովքեր կգան կամ կզանգեն` Տաթևին շնորհավորելու: Ես ականջներումս ձայներ լսեցի.

–  Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Այս բանաստեղծությունը Տաթևիկը փոքրուց շատ էր սիրում, ես ավելի էի սիրում Տաթևին էլ, Չարենցին էլ, Հայրենիքն էլ, երբ Տաթևը արտասանում էր այս թափանցիկ, աստղային, անծիր կարոտի մասին… Կարդա, Տաթևիկ, Շուշանիկի համար:

Արարատը մարտի 7-ի երեկոյան։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Թվաբանությունն իրոք հանելուկ է, Տաթ ջան, Շուշանիկը դիպուկ է ասել` «թվերի աշխարհը գաղտնարան է»` ձգող, գրավիչ: Դպրոցական Շուշանիկը ուռենու նման մեծանում է, աղջի՜կ է: Ասենք, ես ստացա Շուշանիկի նվերները` վերջին երկու նկարը ու ճչացի` «ո՜նց է մեծացել»: Իմ բալիկն ու քո քույրիկը, Տաթևիկ, մեծ է, իսկական հանելուկ, արի ու գլուխ հանիր, լուծիր ու լուծիր: Թերթեցի Շուշանի թվաբանությունը, ու նորից բացականչեցի` «մե՜ծ է դպրոցական իմ Շուշանիկը», այսքան դժվար թվային հանելուկներից տես ո՜նց է գլուխ հանում: Թվաբանությունն էլ, շախմատն էլ, նկարչությունն էլ հանելուկային, հանելուկներով լի մի-մի աշխարհ են: Դե, Շուշանիկն էլ, ինչպես հեքիաթի կախարդանքով հերոսուհի, ունի այս աշխարհների բանալիները, հերթով կբացի, և բացում է: Լավ է, շատ լավ է, որ դու Շուշանիկի կողքին ես: Ես քո համար էլ ուրախ եմ, Տաթ ջան, որ կյանքի այս շրջանում Շուշանիկի նման քույր ունես ծնկներիդ:
Հայրիկն ասաց Շուշանիկին` արի հանելուկներ հորինենք, բաժանենք մարդկանց, թող մարդիկ լուծեն, գաղտնիքն իմանան և ուրախանան: Ինչպես ուրախացանք ընկերներով, երբ կարդացինք ու լուծեցինք Շուշանիկի ուղարկած հանելուկները. «Կարմիր է, կլոր է, բարձրանում է, իջնում է», «Մարդ է, գլխի վրա է», «Լույս է տալիս մի տուն` շողքերով հանդերձ»… Բոլորը ես հավանում եմ՝ բոլոր նկարները, հանելուկները, Շուշանիկի բլբլոցները: Վա՜յ, հիմա էլ այս ի՜նչ գրավիչ, անծանոթ, օտար լեզու, իմ ալումի թաու (իմ համով աղջիկ): Շուշանիկ, ես այս հին անգլերենը հազիվ թե սովորեմ, բայց քո հնարած նոր անգլերենը ինձ շատ է գրավում ու կարծես հասկանում եմ, էլի խոսիր նոր անգլերենով: Ինչու՞ է Շուշանիկը այսքան շատ հանելուկներ սիրում: Ջանի Ռոդարին, Տաթևիկ, պատասխանում է. «Հանելուկները խորացված, գրեթե խորհրդանշանային ձևի մեջ արտացոլում են իրականությունը ճանաչելու երեխայի փորձը: Երեխայի համար աշխարհը լի է խորհրդավոր առարկաներով, անհասկանալի իրադարձություններով, երևույթներով, անհասանելի ձևերով»: Հենց Շուշանիկի ներկայությունն աշխարհում գաղտնիք է, որ նա դեռևս պետք է պարզի, հանելուկ, որ ուղիղ և հուշող հարցերի միջոցով դեռ պետք է լուծի: Մեր գաղտնիք Շուշկին, մեր հանելուկը: Շուշանիկը ահա թե ինչու է այսքան գրավիչ. անսպասելի է, գյուտ է,  նրա հետ շփումը բացահայտում է:

Հանրակրթական Դիջիթեք 2016-ի՝ Էմմա Բլեյան-Հովհաննիսյանի անվան մրցանակ Արևիկ Տատինցյանին։
Տեսանյութը՝ Առնոլդ Բլեյանի

Տաթ ջան, առիթ է, կարդա Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականություն», «Լիմերիկի ստեղծումը», «Հանելուկի կառուցվածքը», «Կեղծ հանելուկներ» (էջ 50-62), տես մի քանի թերթի վրա որքա՜ն գյուտ կա, որքա՜ն Շուշանին օգտակար հնարքներ: Խոստացա՞ր: Գիրքը, եթե տանը չկա, դպրոցից վերցրու քեզ նվեր: Ահա, խցում ես նորից ու նորից թերթում եմ ու հիանում եմ Ջանի Ռոդարիով: Հիմա, երբ Շուշանիկը պատրաստվում է դպրոցին, իսկը տիկնիկային թատրոնի ժամանակն է. լավ նկարում է, լավ երգում է, լավ պարում է, լավ հորինում է` տեղով մեկ խաղ: Ստեղծեք (շնչավորեք շրջապատի առարկաները) տիկնիկներ միասին (ամենատարբեր), ու թող Շուշանիկը տիկնիկի ներկայացում խաղա: Ինչո՞ւ վիդիոյով չնկարեք, միասին չնստեք ու չնայեք: Ես ո՜նց կնայեի Շուշանիկի վիդիոները, կպահեք, չէ՞:

Իսկ հիմա, Շուշանիկ ջան, արի գրկենք մեր հոգի Տաթևիկին, սիրենք, շնորհավորենք: Ասենք փառք, որ այսպիսի Տաթո ունենք:

11.03.2001թ.

Իսկ մեր 13 ուսուցիչների շրջագայությունը Ախլցխա-Թբիլիսիով, որպես կրթական փոխանակման նախագիծ, իսկական տոնական նվեր էր իրենց, և նրանց վերադարձը, իհարկե, սպասված նվեր է մեզ։

Լուսանկարները նախագծի մասնակիցների ՖԲ էջերից։

#606

(241) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>