0

Մեզ համար ամեն ինչ նոր է…

Վերնագիրը քոլեջի Արտբզզանինն է… Մեր քոլեջի նոր սովորողների համար կրթահամալիրում ամեն ինչ նոր է, գրավիչ։ Իսկ քե՞զ համար, ընթերցող…

Մեր տան լույսերը գնացին. իրիկունը ինն անց էր, քնեցի, իմ օրինակով քնեցին տանեցիք, քնեցի՞ք դուք էլ։ Իմ-մեր օրն ավարտվեց, հատկապես որ դրախտի ճանապարհով երեկոյան լուսումութին իմ հեծանվային տունդարձի ժամանակ գյոզալ տրամադրությունս վերջում փչացավ… Հեծանվի ետևի դողը նստեց… Ես սիրում եմ հեծանվի հետ այսպես քայլել, ինչպես հեծյալը՝ ձիու բաշը գրկած, սանձը ձեռին։ Խնդիրը իմ առավոտ ծեգին նախատեսված հեծանվավազքն էր, որ անկատար կմնա…

Արթնացա-աչքերս բացեցի գիշերը 3-ին. տան լույսերը՝ վա՜ռ… Հաճույքով ջուր խմեցի. իմ օրը՝ սեպտեմբերի քանի՞սը սկսեց: Բարի օր, ընթերցող:

Անի Սարգսյանի ֆոտոշարերով պատումները Ջավախքի Վաչիան գյուղի մեր հայրենակից սովորողների օրերի մասին՝ կրթահամալիրում, Սևանի «Ժայռում», ինձ հանգստություն պարգևեցին. իսկական նվերը այսպիսին՝ հանգստության ձևով է լինում։ Ժպտացի մեր օրերին՝ Շուշանի-Թերեզի-Լիլիթի… հետ Ջավախքում անցկացրած. ամեն ինչ լավ է, երբ լավ էլ շարունակվում է։ Կեցցե՜ք, Ջուլի, Անի, Քնարիկ, Միքայել, Աննա… Մարգարիտ ու էլի ընկերներ, որ այսքան հոգատար եք, այսպիսի Սևան-Բանգլադեշ-հայրենիք պարգևեցինք մի մեծ աշխարհ կարոտի… որտեղ ամեն ինչ իրենց համար նոր է…  Ի՜նչ լուսավոր տրամադրություն է ամենուր… Բերդ պարը Սևանի ջրում մնաց…

«Թատրոնի և երաժշտության»  սրահի համերգ-նորամուտ Հյուսիսային դպրոցում
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Երեկ մեր օրվա ավարտին Գևորգի-Սուսանի հետ իմ խոսակցությունը սեպտեմբերյան բարձունք նվաճումն է… Քանի՞ խումբ-անհատ սեբաստացի՝ բարձունքի-գագաթի նվաճման իրենց նախագծով-վճռով-ճանապարհով. Կարինե Պետրոսյան գործիր… Թմուկը  պիտի գրոհենք, վերջապես ետ բերենք բերդը Թաթուլի. Թմկա տիրուհու նոր լեգենդի ետևից չգնալ չենք կարող Վաչիանի մեր ընկերների հետ, Արտանիշի բարձունքից Սևանը պիտի դիտարկենք, Արայի լեռը՝ Ծաղկեվանքի կողմից անցումով Ապարան, Աստվածընկալի աղոթքով, Ծաղկունյաց Թեղենիսով անցումը Մարմարի հովիտ… Ի՞նչ սեպտեմբերի 21 լինի, որ դիմանա… Սեպտեմբերի 17-18-ը հարեհաս լինի…

Սեպտեմբերի 6-ի՝ իմ ծննդյան երրորդ օրվա տրամադրությունը կրթահամալիրում մեկ նախադասությամբ կարդացեք, ինձ համար ամեն ինչ նոր է…  Որ  Լուսինե Ալեքսանյանը Լիլի անունով այսպիսի աղջիկ ունի, Օլգան ի՛նչ է լինելու էս Լիլիի ձեռը, կամ ես՝ Լուսինե Մամիկոնյանի Արփի աղջկա հախից ո՛նց եմ գալու… Նունե Մովսիսյանի աղջիկների՝ Գոհարի, Աստղիկի, Շուշանի Եփրիկյան, Մարգարիտի գործերը պատանեկան «Լապտերում» և Միքայել Առաքելյանի թարգմանությունները «Առականի»-ում. այս ամենը ձեզ համար նոր չե՞ն…

Կանգնած էի Արևմուտքի դպրոցի միջանցքում, Աշխենի դասարանի սայլակով Հայկ Ներսիսյանի բծախնդիր մայրիկի հետ, առայժմ մտքով, գծում էինք սայլակի ճանապարհը շենքով մեկ… Մայրը, որքան էլ ներողամիտ, չէր զիջում, երբ փորձում էի դուրս թողնել մեր նախագծից երկրորդ հարկի Զառայի կերպարվեստ-տեխնոլոգիայի սրահը… Սա… ինձ նոր թվաց, ու… լուծումը գտնվեց…

Հյուսիսային դպրոցի լողավազանում. Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի:

Նոր էր, հաստատ, լողազգեստով տղաների, աղջիկների փոխանցած ծովափային տրամադրությունը… Բանգլադեշում, սեպտեմբերին… աշխույժը-ճիչերը՝ Արևմուտքի-Արևելքի, Հարավի-Հյուսիսի մեր լողափերում, ես չէի տեսել-լսել այսքան նոր. այսքա՜ն կենդանություն…

Մայր դպրոցի ընթերցարանում, միջին դպրոցում, սովորողների և ուսուցիչների հասուն ներկայացումները նախագծերի… Նոր էին։

Նոր էր և մեր սեմինար պարապմունքների միջավայրը՝ իր հասունությամբ-լրջությամբ… Այնպես ու այնքան, որ իմ հարցադրումներն էլ ինձ նոր թվացին: Օրից էր երևի…

2017թ. սեպտեմբերի 6-ին՝ ամենազբաղված-խիտ օրերից մեկում, նոր էր 1985-ից Բանգլադեշում օրնիբուն գործող-ապրող Տիարի այն հանգստությունը-հաստատակամությունը, որով Արամազդ Ղալամքարյանի միջնորդությամբ ես, Նառան, Սուսանը Մայր դպրոցի ակումբում զրուցում էինք սեբաստացի Մարիա, Գուրգեն, Դավիթ Աբրահամյանների հայրիկի ու մայրիկի հետ, մայրիկի գրկում՝ իր չորրորդ սեբաստացին։ Որքա՜ն կոնկրետություն, հարգանք, պահանջկոտություն կար մեր ժամ տևած քննարկման մեջ…

Նոր ուսումնական տարի մեզ։

#1143

(119) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>