0

Մենք ենք, կհանդիպենք…

Վերնագիրը Արևելյան դպրոցի Մերի Գրիգորյանի «Դասարանական ռադիո» նախագծի տոնական հաղորդումից է…

Կհանդիպենք՝ ասում ենք, ցտեսություն, հանրահայտ пока՝ հայերենացած բոլոր հնչերանգներով… իսկ հանդիպո՞ւմ ենք, կազմակերպո՞ւմ ենք մեր կյանքը այդպիսի՝ խոստացած-ցանկալի, մեր կյանքի քաոսը կարգավորող, առաջադիմության-գործը առաջ մղող, կյանքը, միջավայրը կազմակերպող հանդիպումներով…

Օրեր առաջ Արևելյան դպրոցի մուտքի մոտ հանդիպեցի Անի Մրտեյանին մեր ծոցվոր…
– Անի ջա՜ն, քանի օր մնաց…
– Երկու-երեք…
– Ա՛յ, աղջի անաստված, նստի տանը, ի՜նչ խիզախ ես…
Ժպտաց, որպես նվեր…
– Կհանդիպենք, տիար…
Ու ահա եռահար հայրիկ սեբաստացի Հրայր Մեհրաբյան ֆեյսբուքյան կրակոցը՝ Բարի գալուստ, Միքայել… Ես եռահայր հրետանի եմ։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

«Դեպի բեմ» ուսումնական նախագծով, երբ 2014-2015 փետրվարի 25-ին կրթահամալիրի մեդիակենտրոնը համերգասրահի վերածած՝ համերգով Շուշան Բլեյանին Վիեննա ուսանելու էինք ճանապարհում, որքա՜ն տարբեր կատարմամբ հնչել են «կհանդիպենք»-ը, «մինչև հանդիպում»-ը, «пока»-ն ու «ցտեսություն»-ը… Երեկվա մեր հանդիպումը հաշվենք որպես ուսումնական եզակի, շարունակական, «Դեպի բեմ» համերգով, իհարկե, այսպիսի հանդիպման կազմակերպման ուսանելի օրինակ նախագծային ուսուցման շաբաթում գտնվող կրթահամալիրի համար, որպես մի հարթակ-հանդիպում… իր Ախալքալաքում արտագնայով՝ վրացական կողմի նախաձեռնությամբ, իր աղոթք համերգով՝ հայկական կողմի ընդունելությամբ… Մնացածը դուք տեսաք-կտեսնեք ֆեյսբուքում… Ինձ համար թերապիայի ազդեցություն ունեցող երեկո-ընթացք… Չավարտվեց, չի ավարտվի, չենք թողնի, որ ավարտվի մինչև… նոր համերգ հանդիպում… Ինչո՞ւ արձանացնենք, երբ ամեն ինչ այնքան դինամիկ է զարգանում… Կկազմակերպենք այնպես, որ հենց այս զարգացումով էլ ստացվի 2018-ի մեր ծննդյան համերգի տեղը-ձևը, բովանդակությունը… մասնակիցների ավելի մեծ ներգրավման-ընտրության հնարավորությամբ… Համերգ է, չէ՞, որպես ուսուցում, դեպի բեմ…

Մարմարյա սրահում հյուրասիրության մասը ծննդյան համերգի շարունակությունն էր… իմ աղջիկների՝ մեր «Տիեզերք բենդի» Լուսինե Մլքե-Գալստյանի, Աստղիկ Մամիկոնյանի, Էլիզ Բաղդիյանի ներխուժում-կատարում-հիշեցումը, որ այս նախագիծը ուսումնական է, սեբաստացիական-շարունակական… Պայծառ, սիրելի մարդիկ…

Լիլիթ Բլեյանը կարողացավ իրեն հարազատ ոճով, խելացի, իմ նվերների մի տոպրակում դնել ձայներիզը անհատական…
– Սա էքսկլյուզիվ է, հայրի՛կ, հատուկ ծննդյան նվեր…
Իր նոր, ունկնդրին դեռևս անհասու սկավառակն է «Կանաչ արև»՝ իր երգերի-իր խոսքերի ժողովածու-հավաքածու, շարունակական մի նախագիծ-նվեր… Շնորհակալ եմ…

Կրթական շքերթի հինգ տարեկան մասնակիցները հյուսիսից…
Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:

Ու Շուշանի այս, շուշկիական հաղորդումը մայրական տանից-գրկից, իր նվեր ձուձուների գունեղ աշխարհից… Լսեք՝ ինչեր էինք իրար ասում հեռախոսով, ուշ երեկոյան…
– Պա՛պ, շատ լավ դահլիճ էր, շատ աջակցող հանդիսատես…
– Ամեն ինչ էր լավ, պա՛պ, իսկական համերգ էր…
– Դավիթը ո՜նց պահեց իրեն, մեծավարի, ես սպասում էի, որ դահլիճում քայլելու էր, դրան էլ էի պատրաստվել…
– Բա Վահա՜նը, Շուշան, ի՜նչ տպավորիչ մուտք ունեցավ համերգի դահլիճ ավարտին…
Լիլիթը, Տաթևը, Շուշանը, Կարինե Ջանոյանը այս օրվա, ծննդյան համերգ-ներկայացման համար որքա՜ն են ջանացել… Շուշանին պահելուց սկսած մինչև մասնագիտական կողմնորոշումը… Ես ցցուն եմ ու խանգարում եմ տեսնելու յուրաքանչյուրի ներդրումը, բայց ես հո տեսնո՞ւմ եմ…

«Բլեենք Լանջաղբյուրում» նախագծին հարմար հարթակ դարձավ մեր երեկվա համերգը ծննդյան… Կեցցեն Լիլիթ Թադևոսյանն ու Տաթև Բլեյանը. Բլեենք հիմա ունեն տոհմական բլոգ, ֆիլմ իրենց հիմնած ծննդավայր Լանջաղբյուրի մասին և տոհմի ազնվականության նյութական արժեք ներկայացնող նախագիծ-նպատակ՝ Սուրբ Աստվածածին մատուռի վերականգնումը, երեքը մեկում… կրթահամալիրի Բանգլադեշում, Մայր դպրոցում… Էլ որտե՞ղ… Էլ ինչպե՞ս… Սրանով մի նախագիծ էլ հանրային ճանաչում ունեցավ, այո, հարազատական-բարեկամական. մեծ տոհմը՝ հախուռն, ավանդական, կարգավորման միջամտության, համակարգված ազդեցության պահանջ ուներ, և 2013-ի մի ուխտագնացությամբ չես փախչի, ես Շամխալ բեկի ժառանգն եմ, իմ ավագ եղբոր՝ Էդվարդ-Յուրիկի պարտականությունները հանգամանքների բերումով փոխանցվել են ինձ… Բեռ չի դառնա դա, որ դրա տակ մտնեմ, մնամ, հոգս է՝ որպես աշխատանք, կանենք բարեխիղճ։ Սկսեք. իմ օրինակով ասում եմ` կհաջողեք, մի՛ փախեք, նորացրեք-կարգավորեք ձեր տոհմի, ընտանիքի հանդիպումները… Որքա՜ն հանրային լիցքեր, հանրակրթության սնուցող-պարունակող միջոցներ կգտնեք…

Երկարացված օրվա լողափնյա ճամբար:
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի:

– Պապա, դու 63 տարեկան ես…
Դավիթն է Բլեյան, առավոտյան, բազմոցին, երեկվա նվեր խաղողով, ինքն իրեն… Դավթի աչքին՝ որքան մեծ՝ այնքան կարևոր, նշանակալի, ինչպես Արտաշ պապիկը՝ իմ Նեկտար քրոջ ամուսինը, ամենանշանակալին…

Ու մաղթանքներին վերադառնանք մեր Մերիի 7 տարեկանների՝ միշտ հեծանվի վրա, բայց ընկնել չկա, միշտ դեպի լեռները, բայց առջևից… և իմ Սոնա թոռնուհու՝ «Սիրելի Աշոտ պապիկ, ես քեզ ցանկանում եմ, որ դու ուրախ լինես, երջանիկ, զվարթ, և լիքը-լիքը կյանք։ Սոնա»։ 

Ես, լսեք, ընդամենը վաթսուներեք եմ… Ու իմ ծննդյան օրն այսօր է՝ սեպտեմբերի 5-ին։

#1141

(174) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>