0

Ուրիշ սեպտեմբերի մեկ, ուրիշ մուտքով. ընթացքո՞վ ուրիշ…

Վահան Տերյանի թարգմանությամբ Շարլ Բոդլերի «Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե՛ք, անդադար արբե՛ք։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…»՝ սեբաստացիական կյանքում շարունակ թարմացվող մեր այս բանաձևում Մարիետ Սիմոնյանն «ինչով կամենաք…» բազմակետից օգտվում է ու առաջարկում «Ուսուցչի օրագիր» բաժնում-բաժնով «հավեսով ապրող մարդու մանկավարժության» արբո՞ւմը… Ես մայրենիի-գրականության ուսուցիչ Մարիետ Սիմոնյանի գրին միշտ հավատացել եմ, նրա «Ուսուցչի օրագրի» ընթերցողն եմ. բարի ընթացք։

Մեր «Հյուսիսափայլը» կրկին եթերում է… իր մշտական հավեսով։ Համաձայն եմ. սեպտեմբերի 8-9-ի ուղևորության Սևանի շուրջ, Արտանիշով, գագաթի նվաճումով, թերակղզու յուրացումով, որպես մեկնարկ Գետը համայնքում կրթահամալիրային բաց և շուրջտարյա-շարունակական նախագծի… Նազելի բնակարան-սիրուն Հրազդանը միջոցառում չէր, սեր չէր, որ կպավ-անցավ, այլ իմ հասուն տարիքի՝ առաքինությամբ-հայրենիով-հավեսի մանկավարժությամբ արբեցումն է, ու … շարունակում ենք 2016-2017-ի գործը մեր Հրազդանի էն տուտից, որ Սևանի հանդարտ ջրերում է… Սա հնարավոր չէ առանց Սևանի ավազանի, Սևանա լիճ թափվող, Սևանի որպիսությունը որոշող երկու տասնյակ ու ավելի գետակերի… Կհաշվենք գետակ առ գետակ։ Անհրաժեշտ է, որ մինչև մեկնումը ձևավորվեն կրթահամալիրի դպրոցների, քոլեջի նախագծային խմբերը։ Մենք սրանով սկսում ենք նաև 2018-ի հունիսյան Սևանի արշխավախմբային-հետազոտական միջազգային ճամբարի պատրաստությունը։

Արևմտյան դպրոցի 6 տարեկանները: Լուսանկարները՝ Մայրանուշ Համբարձումյանի:

Կրթական շքերթով մեր ավանդական, «Ծննդյան համերգ» ստեղծագործական հավաքով ինձ չեն կարող շեղել տարվա մեկնարկի-ընթացքի ուղենշային կարգավորումից. առաջին պլանում է նախագծային ուսուցման խմբի նախաձեռնող ղեկավարը, մանկավարժ-մասնագետը, նրան պիտի ուղղակի ենթարկվեն-հարմարեցվեն կրթահամալիրի կառավարումը, այս մանկավարժ-մասնագետին՝ մեր մանկավարժության հեղինակինպիտի սպասարկեն կրթահամալիրի տնօրենի, դպրոցների ղեկավարների աշխատակազմերը, կրթահամալիրում դրամական միջոցները, զարգացման ծրագրերը-ներդրումները, արտաքին կապերն ու փոխանակումների ծրագրերը, ուսուցման հեղինակային կազմակերպումը։ Մանկավարժ-մասնագետի հավեսի-արբեցումի տարի է, շրջան է, ու թող նա վստահ քայլ առաջ անի։

Իսկ ի՞նչ հավեսներ-արբեցումներ են սնում մեզ հանրային-հասարակական-պետական կյանքից… Ի՞նչ իրական փոփոխություներ կան մեր տնտեսական կյանքում։ Ինքնավար-ինքնուրույն համակարգ-համալիրը մեր բազում թելերով տրվում է տնտեսական աճի-նահանջի-անկման հատվածներին… չես փախչի. և՛ սովորողը, և՛ ուսուցիչը մեր, ախր, սովորական մարդիկ են… «միջին վիճակագրական հայաստանցի»… Ուշադիր թերթում եմ, փնտրում…

Հյուսիսային դպրոցում: Լուսանկարները՝ Սիդոնյա Վիրաբյանի:

Նման կերպ շարունակելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կփլուզվի։ Սա վերնագիրն է, որ ասենք՝ մեր տնտեսության մասին մասնագետի վերլուծությունն օգնեց, սկսեմ կարդալ… Կարևորն ինձ համար փաստերն են, հավաստի տեղեկությունները, որ դրվում են եզրակացության հիմքում։ Օրինակ՝ այսպիսի. «Ինչն է անհանգստացնող այս ամենում. վերոնշյալ բոլոր ցուցանիշների առումով կտրուկ և սրընթաց անկման միտումներ են: Չորս տարի անընդմեջ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը նվազում է 48 հազարով: Տնտեսությունը նման շարունակության չի դիմանա»։ Այստեղ են ասել՝ հո դեմ չե՞ք…

Ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են. սա էլ մյուս հոդվածի վերնագիրն է։ Այստեղ մի քանի թվերի պարզ համեմատություն է՝ մեծ է, փոքր է… «Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 17 մլրդ 267,7 մլն դրամի (մոտ 35.9 մլն դոլարի) ուղղակի ներդրում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18 մլրդ 456 մլն դրամ (38,4 մլն դոլար): Ասել է, թե այս ընթացքում ներդրումները ավելանալու փոխարեն նվազել են 1 մլրդ 188 մլն դրամով կամ 2.4 մլն դոլարով»:Սրա կողքին դրեք խոստացած 830-850 մլն դոլարի ներդրումը 2017-ի…

Առավոտյան  տոնական պարապմունքը Հյուսիսային դպրոցում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Սեբաստացիական մկրտությունն այսպես է լինում, որպես հավեսի մանկավարժություն մուտք է հնչում կրթահամալիրի ավագ դպրոցի նորեկ Ֆելիքս Եղիազարյանի պատումի ավարտը, երբ ետևում է մնացել Արագածի հետ իր անդրանիկ հանդիպման ճամփորդությունը. «Դե ինչ, ես Արագածում մկրտված սեբաստացի եմ»։

Բարի գալուստ կրթահամալիր, ընկեր։

#1138

(165) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>