0

Նամակներ կալանատնից. 2.07.2000

Ո՞ր թիվն է, տարվա ո՞ր ամիսը, ո՞ր օրն ամսվա… Կոմիսիոն Կարոյին բերել են թիվ 39 խուց, դարձել է իմ լավ հարևանը Սարգիս Փաթաթյանը: Համառ մարդ է. վերջը մի լավ միջնորդություն եմ գրել, մարդը հավանել է, ու հիմա խցով Կարոյի ուղարկած խորովածն ենք վայելում՝ իսկական ամառային խորոված՝ իր «թաշախուստով»: Վե՛րջ, էլ ձրի չեմ աշխատում: Թուղթ (շա՜տ), գրիչ, գրասենյակային իրեր (դակիչ, ամրակ)՝ սրանք, Արմին, իմ նոր աշխատանքի անհրաժեշտ պարագաներն են:

Շատ է տոթ՝ նորից օրը երկու անգամ լոգանք եմ ընդունում: Այս իշաոտնուկը, իմ ողնաշարը նորից նեղում են ինձ՝ պառկած չեմ կարող կարդալ. ցերեկով շատ եմ քնում: Հոսանքն էլի անջատում են, լույսն անբավարար է ընթերցանության համար: Լավ է, այս փաստաբանական գործունեությունը, որպես օգտակար զբաղմունք, փրկություն է: Իսկ գիշերը պառկում եմ՝ իսկական գուրու եմ, անջատվում եմ. ո՛չ երազ, ո՛չ միտք, ո՛չ հիշողություններ… Մի խուրձ քսիֆներ եմ ուղարկում, պիտի որ օգտակար լինի դրանց ընթերցումը, ինքդ տնօրինիր:

Իմ կամերի Հովիկ Ստեփանյանի օրինակով կարելի է ուսումնասիրել այս դիլեման՝ ազատամարտիկ-հասարակություն: Այստեղ մինչև 20 ազատամարտիկ կա: 3 երեխայի հայր, կադրային զինվորական՝ լեյտենանտից մինչև մայոր, խորհրդային սպա, և մի սպա, որ անկախ պետականության կանչով ներգրավվել է Հայաստանի բանակում, մասնակցել Հայաստանի ու Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը՝ 1990-1995 թթ, վիրավորվել ու կոնտուզիա ստացել… Հիմա 2 լուրջ հոդված են դրել՝ 232¹ հոդվածի 2-րդ մասով (3-10 տարի). մի դեպքում՝ պաշտոնաթող լինելուց հետո տաբելային զենքն անօրինական պահելու, մյուս դեպքում՝ հափշտակելու համար, երբ արձանագրությամբ առգրավել են… Սա դաժանություն է, իշխանությունն իր օրգանի միջոցով պատժում է ազատամարտի մասնակիցներին… Անզոր քաղաքացի-կալանավոր, սոված-անտեր ընտանիք…

Մեր Արթուրիկը համով-լոպազիկ է, թարմ, անսպասելի:

Ի՞նչ կարդամ: «Права человека и ты» ժողովածուն 1-ին ընթերցմամբ ավարտեցի, օգտակար էր… Արդեն վաղը չկա, ոչ էլ վաղը-մյուս օրը, կա մի ընթացք՝ ժամանակի մի ընթացք, որ ինձնից անկախ է ու կարծես իմը չէ: Ես հետևում եմ դրա ընթացքին՝ անվրդով, «безпристрастно»:

Շուշոն եկավ, նորից ամեն ինչ խառնեց… Լրիվ փոխվել է, մեծ աղջիկ է: Չէր ուզում գնալ, առաջին անգամ է, որ այդպես ասաց. «Պապա, ուզում եմ մնամ, որ մնամ ի՞նչ կլինի, բժիշկը չի տեսնի, կթաքնվեմ»… Մինչ այս ասում էր. «Ուզում եմ գնալ»: Բարդ տարիք է, ամեն ինչ տեսնում է, պակասը զգում (Մատիկի-Մարիամիկի 5 տարեկան շրջանը վկա)… ու մեծ է: Նիհարել է, կարծես… կորիզ էինք ջարդում, լավ է, որ պահել էի։ Հիշում էր իմ ու իր (3-3.5 տարեկանի) դեպքերը…
– Պապա, հիշո՞ւմ ես…
Ինձ պապիկ էր ասում, ոչ թե պապուկ, այլ պապիկ… 10 օրից կլինի կլոր 5 տարեկան:

Ռուստամի գործով թերթը ստացա: Լավ էր. հասցրի վճռաբեկ բողոքը Ռուստամին հանձնել: Շնորհակալ եմ քեզ, Ժաննային: Հատուկ հարցադրումներ էին արված:

(50) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>