0

Մոտիկ հարևանն ու հեռու բարեկամը

Հովհաննես Թումանյան, 1920թ.

Կարդացի վրաց թերթերի երկյուղը, թե Դրոն, նշանակվելով հայ զորքերի հրամանատար, կարող է նորից մի կռիվ առաջ բերել Վրաստանի հետ։ Էս երկյուղը սոսկալի ծանր եկավ ինձ։ Խնդիրը Դրոն չի բնավ։ Մինչև էդ հոդվածների տպվելն ու կարդացվելը Դրոն իսկի հրամանատար էլ չլինի թերևս։ Խնդիրը էդ կռվի կասկածն է, որ կա, և կռվի հնարավորությունը։  Եւ էդ հոդվածների տպավորության տակ երկար մտածում էի պետությունների և ժողովուրդների հարևանության մասին։ Ասում եմ` կառավարությունների և ժողովուրդների, որովհետև դրանք ջոկ-ջոկ բաներ եմ իմ կարծիքով։ Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։ Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ արժանի լինի իր ժողովրդին, և լինի իր ժողովրդի հետ։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։ (Ես սրանով եմ բացատրում էն մշտական գժտությունը, որ միշտ եղած է իմ և առհասարակ կառավարիչների միջև)։

Ասում եմ՝ ժողովրդի,  ո´չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ: Սրանք հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը` հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը` թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը` դյուրագրգիռ, վտանգավոր, չար։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը` կռվարարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։

Եվ միշտ, իհարկե, հարևանի հետ։

Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը` հեռուների։ Մինչդեռ սրան հակառակ` ժողովրդական իմաստությունն ասում է.
– Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

(11) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>