0

Ցեղասպանությունների դատապարտումը պրոգրեսիվ մարդկության նշանն է. Արման Գրիգորյան

NewsBook-ի զրուցակիցն է արվեստագետ Արման Գրիգորյանը: Նյութի աղբյուրը ` Newsbook.am

– 99 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Ինչպե՞ս է ցեղասպանության թեման արտացոլվել մեր արվեստում, հատկապես ժամանակակից արվեստում:

– Թեև 99 տարի է անցել, բայց այդ մասին լրջորեն սկսել են մտածել և խոսել 1965 թվականիցˋ Ցեղասպանության 50-րդ տարալիցի ժամանակ: Որոշակի տարբերություններ կան, թե ինչպես սկսեցին խոսել ու մտածել Սփյուռքում և Հայաստանում: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կոնտեքստին և վերլուծել, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ էր 60-ականներին: Սովետական միությունն իր ձևակերպմամբ առաջադեմ երկիր էր և չէր կարող խուսափել այդպիսի թեմաներից: Ցեղասպանությունների դատապարտումը պրոգրեսիվ մարդկության նշանն է: Եվ երբ խորհրդային Հայաստանում 60-ականներից սկսած` սկսեցին դատապարտել ցեղասպանությունը, ամեն տարի նշել, հուշահամալիր կառուցել, գրքեր տպագրել, դա պահպանողականության դեմ խոսելու մի ձև էր առաջադեմ մարդկության համար:

– Ինչո՞ւ խնդիրը բարձրաձայնվեց հենց 60-ականներին: Որքանո՞վ էր դա Խորհրդային Միություն-Թուրքիա հարաբերությունների համատեքստում:

– Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորվում է նոր աշխարհակարգը և պետք է ընդունենք, որ առաջադիմությունը կարծես սկսեց հաղթել: Որքան էլ բևեռների և բլոկների, բալանսների հարց կար, այդ բլոկների մեջ Խորհրդային Միությունը արտաքուստ առաջադիմական աշխարհն էր ներկայացնում: Կապիտալիստական բլոկն, իհարկե, ձգտում էր լինել ավելի առաջադեմ, այնուամենայնիվ այն ավելի պահպանողական էր: Այսինքն` միայն Սովետական Միության և Թուրքիայի հարաբերությունների հարց չէ սա, այլ նաև Վարշավայի պակտ-ՆԱՏՕ հարաբերությունների: Այսօր էլ ինձ համար ցեղասպանությունների մասին խոսելը, դրանք դատապարտելն առաջադիմական մարդկության ցուցիչն է:

– Հայոց ցեղասպանությունը մեր մշակույթում առավելապես ներկայացված է ոչ թե իբրև համամարդկային խնդիր, մարդու իրավունքների հարց, այլ` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Ինչո՞ւ է այդպես:

– Իբրև նորմալ, ապրող հասարակություն, անկախ Հայաստանի հասարակության մեջ էլ կա թե՛ պահպանողականների մի փոքր շերտ (ինչպես, օրինակ, այսօրվա իշխանությունները), թե՛ առաջադեմ մարդկանց հատված: Հասկանալի է, որ պահպանողականները մեզ անընդհատ պիտի փորձեն հաշտեցնել այն մտքի հետ, թե թույլը պետք է պարտվի: Դե, նրանք մի քիչ այլ կետից են նայում, նախ դեմ են առաջադիմությանը ու նաև ուրիշ բաներից են ավելի շատ խոսում` շահերից և այլն, ծիծաղում, ծաղրում են, ինչպես, օրինակ, Հիտլերը, որն ասում էր` այժմ ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին: Պահպանողականները հեգնում են, համարում են, որ առաջադիմությունն անհնար է: Այսօրվա Ռուսաստանի քաղաքականությունն էլ է այդպիսին` ընդգծված պահպանողական, այնպիսի օդիոզ պահպանողական գործիչներ ունեն, ինչպիսին, օրինակ, Դուգինը: Պահպանողականները կարծում են, որ կոլեկտիվի շահն է կարևոր, ոչ թե անհատի: Իսկ խոսել այն մասին, որ անհատը կարևոր չէ, նրա սեփականությունը կարևոր չէ, նշանակում է` չկարողանալ այդ հարցը լուծել: Ես համարում եմ, որ սեփականության հարցը շատ կարևոր է, և հայերը պետք է անընդհատ բարձրացնեն այդ հարցըˋ իրենց սեփականությունը վերականգնելու, որովհետև ցեղասպանությունը նաև նշանակում է, որ նրանք Թուրքիայում կորցրել են իրենց սեփականությունը: Եթե մենք առաջադեմ ենք, պետք է կարողանանք ցեղասպանության հարցը հետևողականորեն առաջ տանել` իբրև յուրաքանչյուր մարդու ապրելու, այլ լինելու և սեփականության իրավունքի պաշտպանության հարց: Հայաստանը գտնվում է բարդ վիճակում: Թե Սովետական Միության շրջանում, թե այժմ: Սովետական Միությունում ամբողջությամբ առաջադեմ լինել չէինք կարող, դա վտանգավոր էր: Վերջիվերջո, որքան էլ Սովետական Միությունը համարվում էր կամ ներկայանում էր իբրև առաջադիմության խորհրդանիշ, այնուամենայնիվ այն շատ պահպանողական էր: Դրան գումարած` մեր միջավայրը, շրջապատը` մուսուլմանական երկրները: Պետք չէ մոռանալ, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել մուսուլմանական երկրում: Բայց 60-ականներից սկսած` մուսուլմաններն աշխարհում իրենք իրենց ներկայացնում են իբրև զոհ, և ի՞նչ է ստացվում. մուսուլմաններն իրենք իրենց ցանկանում են իբրև զոհ ներկայացնել, մենք էլ ասում ենք` թուրքերը, որ մուսուլման են, զոհ չեն, ցեղասպանության կազմակերպող են… Ընդհանրապես, այս հարցերն աշխարհում շատ են քաղաքականացված, և ակտուալ գործող քաղաքական կուսակցությունները, ելնելով քաղաքական իրողություններից, այս կամ այն կերպ են ստիպված երանգավորել հարցը: Թե ինչպես է ներկայացվում խնդիրը, մեծապես կապված է քաղաքական իրողություններից, հատկապես որ ֆիլմեր նկարելու, գրքեր տպագրելու և ներկայացնման այլ միջոցների համար մեծ գումարներ են պետք, որոնք նույնպես կապված են քաղաքական դաշտի հետ: Դե, իսկ իշխանություններն էլ ունեն արդարացում, թե ինչու չեն կարող ավելին անել. որովհետև Հայաստանը գտնվում է քաղաքական այս կամ այն իրողության մեջ: Աշխարհի բոլոր ցեղասպանությունները դատապարտել չեն կարող, քանի որ Հայաստանի բարեկամ երկրների իրականացրած ցեղասպանություններն էլ պիտի, ուրեմն, դատապարտեն, չդատապարտել էլ չի լինի: Քանի որ դուք օգտագործեցիք մշակույթ բառը, իսկ այն լայն հասկացություն է և ներառում է նաև քաղաքական մշակույթ ասվածը, այդքան էլ հեշտ չէ պատասխանել այս հարցին:

– Հրեաներին կարծես թե հաջողվում է Հոլոքոստը ներկայացնել մարդու իրավունքների, համամարդկային արժեքների ոտնահարման համատեքստում, ինչը մեզ այնքան էլ չի հաջողվում…

– Հոլոքոստի պատճառով աշխարհում սկսեցին ընդհանրապես ուշադրություն դարձնել ցեղասպանություններին, այսինքն` երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ձևավորվեց նոր աշխարհակարգը, Նյուրնբերգյան դատավարությունից, ՄԱԿ-ի ստեղծումից հետո: Իդեպ, ՍՍՀՄ-ի դերը շատ կարևոր էր այդ ժամանակ, սակայն Ռուսաստանն, օրինակ, հենց այսօր պնդում է, որ այդ աշխարհակարգը այլևս գոյություն չունի և միջազգային պարտավորությունները պետք է վերասահմանվեն: Այսինքն` այդ նոր աշխարհակարգն ինչ-որ մի բալանսի վրա էր ստեղծված, և այդտեղ կարևոր կետ էր Հոլոքոստը, այդ իսկ պատճառով դրա մասին ավելի շատ են խոսում: Չեմ կարծում, թե մեր մեղքն է, որ չենք կարողանում մեր հարցը լավ ներկայացնել: Պետք է նկատի ունենանք, որ մինչև անկախանալը Հայաստանը մշտապես եղել է պրովինցիա: Միակ հնարավորությունը` չլինել պրովինցիա, անկախ Հայաստան ունենալն էր, և դա տեղի ունեցավ 1991-ին, իսկ մինչ այդ մենք անընդհատ գտնվում էինք ինչ-որ մի կայսրության պրովինցիայի կարգավիճակում: Եվ այսօր էլ` անկախ Հայաստանում, շատ դժվար է չլինել պրովինցիոնալ: Կայսրությունների մասին խոսակցությունը, որ այսօր պահպանողականների կողմից կրկին բարձրացվում է, և նրանք ասում են, որ կայսրությունները վատը չեն եղել, ցույց է տալիս, որ այսօր հետադիմության վերածնունդ կա: Համարվում է, որ Բեռլինի պատի ապամոնտաժումից հետո պահպանողականությունը շատ աշխուժացավ, կա կրոնների ռենեսանս, իսկ կայսրությունների հիմքում կրոններն են: Ի դեպ, մենք ցեղասպանությունը երբեք չենք ուսումնասիրել կրոնական ասպեկտով, ինչն արժի անել, քանի որ միայն սառը հաշվարկի, այսինքն` ազգային պետություններ ստեղծելու ձգտման պատճառով չէ, որ տեղի են ունեցել ցեղասպանություններ, այլ նաև կրոնական շարժառիթներով: Մենք, իհարկե, խուսափում ենք կրոնական ասպեկտի մասին խոսել: Թուրք բառն այդ պատճառով ենք շեշտում, որ չասենք` մուսուլման, որովհետև այդ դեպքում խնդիր կառաջանա: Կարծես ասում ենք` ցեղասպանություն իրականացնում են միայն ազգային պետությունները` սուվերենության գաղափարը չարաշահելով, որը անշուշտ սխալ չէ, բայց նաև ամբողջ ճշմարտությունը չէ: Ազգայինի իմպերիալիստական ընկալումն ինքնին ենթադրում է կրոնականության շատ մեծ չափաբաժին, թեկուզ այն ավելի հաճախ անվանվում է իդեոլոգիա, բայց դրանից իմաստը չի փոխվում: Եվ ուրեմն, հին ու նոր կրոնների դերը պետք է վերլուծել, քննադատորեն նայել կրոնական ավանդություններին:

– Նորանկախ Հայաստանում մենք ունեցել ենք 3 նախագահներ, որոնք տարբեր քաղաքականություններ են որդեգրել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Ո՞րի մոտեցումն է պահպանողական և որի՞նը` առաջադիմական:

– Կոնկրետ այդ հարցում երեքն էլ կարծես առաջադիմական են: Այն իմաստով, որ մոտեցումը դատապարտող է, և երեքն էլ համարում են, որ մենք առաջադեմ աշխարհի մասն ենք կազմում և նրա հետ պետք է լինենք: Մյուս հարցերը` թե ինչի մասին խոսեն, ինչի մասին լռեն, ինչ քայլեր անեն, կարծես թե պահի թելադրանքի խնդիր է միայն: Ընդհանրապես, հայերին ավելի հատուկ է լինել առաջադեմ: Ինձ համար հասկանալի չեն այսօրվա հայաստանյան պահպանողականները, ինչն են ուզում պահպանել՝ ուրիշի իմպերիա՞ն: Պահպանողականությունը հայերին համակրելի չպետք է լինի, որովհետև մենք զոհն ենք պահպանողականության:

– Պահպանողականների փաստարկներից մեկը այն է, որ մշակութային և գենետիկ անհամատեղելություն ունեք թուրքերի հետ, այդ իսկ պատճառով հայ-թուրքական հաշտեցումը անհնար է: Այդ անհամատեղելիությունը բոլոր պահպանողականներին է բնորոշ: Սրան ի՞նչ են հակափաստարկում առաջադեմ մարդիկ:

– Պետք է ցույց տալ, որ նման ռասիստական ցնդաբանությունները գիտական հիմք չունեն: Պահպանողականները միշտ էլ հակագիտական են եղել և բռնությունը արդարացնող: Ցեղասպանությունները նրանց իրականացրած բռնությունների շարքից ամենաերևացողն է: Կարծում եմ` այդ իսկ պատճառով հենց ցեղասպանությունները պետք է մարդկության կողմից առաջնահերթորեն դատապարտվեն:  Հարցազրույցը վարեց Քրիստինա Աղալարյանը Նյութի աղբյուրը ` Newsbook.am

(46) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>