0

Վարկանիշավորման ազգային համակարգը վտանգավոր գործիք է դպրոցների համար. Աշոտ Բլեյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 18-ին դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսի ժամանակ ներկայացրել էր ծրագրի փորձնական արդյունքները՝ նշելով, որ համակարգը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: Ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին խոսելիս նախարարը շեշտել է, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով և այժմ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ: 

Այս համակարգի ներդրման շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Նրա գնահատմամբ՝ պետք է մխիթարվել նրանով, որ սա դեռևս փորձնական համակարգ է, այս տարի այն բոլորիս ջանքերով կա՛մ միանգամայն այլ տեսք կունենա, կա՛մ ԿԳ նախարարությունը կհրաժարվի այդ համակարգից. «Ես՝ որպես կրթության գիտության գործի կազմակերպիչ, տեսնում եմ այդ համակարգի վտանգները, չեմ տեսնում դրա օգուտները: Պետք է առաջին հերթին նպատակները պարզել»:

Նրա համոզմամբ՝ դպրոցների վարկանիշավորումը կբերի ոչ միայն կոռուպցիայի և խտրականության, այլև՝ ամենավտանգավորին՝ խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ կեղծիքին, ձևականությանը, ցուցամոլությանը. «Այս համակարգով մի խնդիր են լուծելու՝ ինչպես հավաքել ցուցանիշներ, ինչպես երևալ, ինչպես ներկայանալ, ինչպես ավելի բարձր բալ հավաքել, և ոչնչի առաջ չեն կանգնելու»:

Աշոտ Բլեյանն ասաց նաև, որ ինքն ուսումնասիրել է ծրագիրը, որտեղ որպես կրթական համակարգ՝ խոսք չկա մարմնամարզության կամ երաժշտության մասին, ներառված չէ ներառական կրթությունը. «Դուք պատկերացնո՞ւմ եք մսագործի ձեռքին կացինը կամ բժշկի ձեռքին՝ վատ գործիք: Դրանով կարող է պարզապես վնասել: Այս համակարգը վտանգավոր գործիք է դպրոցների համար»:

Նա վերջում հավելեց, որ այս գործում շտապել պետք չէ, պետք է դպրոցի մտածողությունը, հայացքը փոխել, «այն դարձնել բաց հասարակության մաս, ոչ թե ԽՍՀՄ-ի ռեստավրացիա»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Լրաքաղը՝ 1in.am-ից

(119) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>