0

Ոչ մի նպատակ ավելի կարևոր չէ

«Ճշմարիտը փնտրելու համար միշտ պատրաստ պիտի լինել հաղորդակցության եւ այդպիսի պատրաստակամություն ակնկալել ուրիշից։ Ամեն ինչի մասին լրիվ բացահայտ կարելի է խոսել նրա հետ, որ իրապես ձգտում է ճշմարիտին, հետեւաբար հաղորդակցությանը (ինքը նույնպես կարող է խոսել ամեն ինչի մասին), բայց այնպես, որ չվիրավորես եւ միեւնույն ժամանակ չխնայես նրան, որ իրականում ուզում է լսել։ Ազատության պայմաններում ճշմարիտի համար պայքարը պայքար է սիրո համար»:

Հետպատերազմյան շրջանի Գերմանիայի հոգևոր առաջնորդ, փիլիսոփա Կարլ Յասպերսին (1883-1969)  պատկանող խոսքերը կարող են մեզ համար բանաձևային նշանակություն ունենալ. կներեք, իմ օրվա գրում ես լրիվ բացահայտ եմ խոսելու կրթությանն առնչվող ամեն ինչի մասին այնպես, որ չվիրավորեմ ու չխնայեմ նրան, ով իրականում ուզում է լսել:

Հարգելի Արփինե Թամրազյան, Մարիա Հակոբյան, Գայանե Էլիզբարյան, ձեզ հարգանքով ու կոնկրետ, բայց ոչ անվանական պատասխանում եմ՝ ընդհանուր պարապմունքի ժամը մենք կարող ենք փոխել. այսպիսի մի քանի պարապմունքի ես մասնակցել եմ Միջին դպրոցում, Նոր դպրոցում և գոհ եմ մնացել: Երևանի դպրոցներում դասերը սկսվում են 8.30։ Նկատի ունենալով մեծ թվով սովորողների տեղափոխման խնդիրը` հարմար է կրթահամալիրի դպրոցներում ուսումնական պարապմունքներն սկսել ժամը 9.00-ից: Ես եմ հաստատում պարապմունքների ժամանակացույցը և ահա սեբաստացիներին եմ ներկայացնում նորը՝ որպես նախագիծ: Արտահայտվեք:

Տրանսպորտային կրթահամալիրի համար միասնական, ոչ ամեն դպրոցի փոխադրումների մասին ենք խոսում: Մեր դպրոցական շենքերը, բացի Մայր դպրոցից և Կենտրոնից, ընկած են Բ-1, Բ-4 թաղամասերի, «Անկախ մայլի» խորքում, մեքենայի ոլոր-մոլոր ներթաղային ճանապարհ պիտի անցնես բնակելի շենքերի միջև, մինչև ընդհուպ մոտենաս դպրոցական շենքին. երեկվա իմ գրում  անդրադառնալով մեր կրթական օբյեկտների առաջացման պատմությանը՝ ես ցույց էի տալիս, որ դա եղել է պատմականորեն-բնական 25-30 տարում: Նոր դպրոցի, Դպրոց-պարտեզի շրջակա շենքերի բնակիչները մի քանի անգամ բողոքել են-կբողոքեն, իմ կարծիքով՝ արդարացի. մենք պիտի սովորողների (սկսած հինգ տարեկանից) միասնական երթուղիներով տեղափոխման անվտանգ-հարմար ու մանկավարժորեն խելամիտ երթուղիներ գործարկենք։ Կրկնում եմ՝ մանկավարժական աշխատողի աշխատանքը սկսվում է (կարող է սկսել) ոչ ուշ քան 8.45, և ոչ անպայման իր դպրոցական շենքում, այլ դպրոցի ղեկավարի որոշմամբ՝ Մայր դպրոցի «բաշխման վայրից»։ Մանկավարժական աշխատողը պիտի ընդունի իր խմբին, որպես աշխատանք, անգիր իմանա հետիոտն ճանապարհն ու կարողանա գրավիչ դարձնել անցումը, այդ 10-15 րոպեն: Ես խոսում եմ 10-15 րոպե (ոչ ավելի) հետիոտն, անվտանգ ուսումնական քայլքի մասին: Իսկ անցումը, յուրաքանչյուր անցում մենք սկսում ենք այդպիսին դարձնել՝ պատշաճ, ներգրավելով այդ աշխատանքներում նաև քաղաքապետարանին, նրա վարչակազմին: Կմասնակցե՞ն ծնողները, կրթահամալիրի այլ բարեկամներ այս աշխատանքին։

Ես հանձնարարել եմ հաշվել, թե Րաֆֆու պողոտայի երկայնքով տեղավորված շենքերի սովորողները, օրինակ՝ Րաֆֆու 57-ի, ինչպես, քանի րոպեում են հասնում թիվ 181 դպրոց: Իսկ ինչպե՞ս են հասնում Բ-2 թաղամասում գտնվող թիվ 190 ավագ դպրոցը (որը կցագրված է թիվ 181 հանրակրթական դպրոցին): Զառա Առաքելյանին այդպիսի առաջադրանք տվեցինք. ստացվեց 10-11 րոպե, հետիոտն, ոլոր-մոլոր ճանապարհով… Եվ ավելի երկար քայլողներ էլ կան։ Այդ սովորողների քանակն ավելին է, քան Նոր դպրոց, Դպրոց-պարտեզ ու Գեղարվեստի կրտսեր դպրոց քայլողներինը…

Ես չեմ «մոգոնել» այս խնդիրը, հարգելիներս, այն առաջացել է, այն կա. ես անթույլատրելի եմ համարում գործող սխեման, առաջարկում եմ նոր սխեմայի նախագիծը (արագ ու վերջնական այս ուստարվա համար):

Շարունակեմ ընդհատված էքսկուրսը։ Ամենադժվարը և ամենավերջում՝ 1994թ. կրթահամալիրին տրվեց նախկին «Մեխակ» ռեստորանի շենքը՝ այսօրվա մեր Մեդիակենտրոնը, Կենտրոնը… Սա իհարկե, այն եզակի դեպքերից է Երրորդ հանրապետության պատմության մեջ, մայրաքաղաքում, երբ ուտուշ-խմուշի օբյեկտը, այն էլ՝ կենտրոնական՝ Րաֆֆու պողոտայում, վերածվում է կրթականի։ Այն սկզբում գործեց որպես Շախմատի դպրոց։ Հիմա հետաքրքիր, շարունակ ավելի ու ավելի հետաքրքիր կենտրոն է՝ աստղացուցարանով, համերգային-թատերական դահլիճով, շախմատի ակումբով, հեռուստատաղավարով, իսկական կենտրոն՝ փորձարարական-հետազոտական միավորման համար… Այստեղ է իմ, իմ աշխատակազմի գրասենյակը… Գիտե՞ք՝ ես օրը քանի՜ կիլոմետր եմ անցնում ոտքով… Հատկապես Կենտրոն-Գեղարվեստ-Մայր դպրոց կամ Կենտրոն-Գեղարվեստ-Նոր դպրոց-Մայր դպրոց, կա և Կենտրոն-Գեղարվեստ-Արհեստներ-Նոր դպրոց- Մայր դպրոց-Դպրոց-պարտեզ երթուղին…

– Դե, Դուք ուրիշ եք,- սկսեցի՜ն…- Ձեզնից մի հատ կա…

Չեմ լսում, ավելին, զայրացնում է: Ես հազարավոր սեբաստացիներից մեկն եմ, ով մյուս տարի 60 տարեկան է դառնում: Այո, շատ չեն իմ տարիքում մեր կրթահամալիրում: Ինձնից մեծ Աշոտ Տիգրանյանն է, Գրիգոր Խաչատրյանը, Ռուդիկ Սահակյանցը, Յուրա Գանջալյանը, Հայկազ Մարգարյանը, Գևորգ Հակոբյանը և վերջ: Տարիքը ի՞նչ կապ ունի. ծերանալ չկա։ Ծերացողը-ծերացածը թողնում է կրթահամալիրը։

1985-1988թթ. մենք, կանխատեսելով-տեսնելով 183 դպրոցի աշակերտության արագ աճը, ստանդարտ-հայտնի լուծումների գնացինք, հասանք նրան, որ թիվ 183 դպրոցի մասնաշենքերի կառուցման որոշում կայացվի, ավելին, Միջին դպրոցի և Վարժարանի երկհարկանի մասնաշենքերի կցակառույցները (դեպի 181 դպրոց) ոչ միայն նախագծվեցին, այլև փորեցին դրանց հիմքերը… Սկզբում՝ երկրաշարժը 1988-ի, հետո բուռն զարգացող Արցախյան շարժումը, Խորհրդային պետության փլուզումը խանգարեցինք շինարարությունը սկսելուն։ Երբ 2001-ին ես վերադարձա երկամյա «գործուղումից», իմ առաջին գործը եղավ այդ հսկա-վտանգավոր փոս-հիմքերի ծածկումը… Իմ նախաձեռնությունից-հետևողականությունից է ծնվել այն այգին, որ մենք ունենք թ. 181 դպրոցի և մեր Մայր դպրոցի ընդհանուր հրապարակում (ի դեպ, մեր կաթսայատան օրինակով, ինչո՞ւ նույնը չանենք թիվ 181 դպրոցի՝ այդ պարտեզում տնկված-անդուր կաթսայատան հետ, սիրելի Կայ ու Արա Թարզյան, Գեղարվեստի հմուտ ձևավորողներ): Շնորհակալ եմ Մալաթիա-Սեբաստիայի այն ժամանակվա թաղապետ Աղվան Գրիգորյանին՝ իսկական անփոխարինելի նվեր էր ինձ պարտեզի կառուցումը, տարածքի բարեկարգումը… Բ1-Բ4 վերգետնյա անցումն էլ տարիների իմ համառ հետապնդան արդյունքն է։ Շնորհակալ եմ այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որ ընդառաջ գնաց ինձ։

1987-ին մեզ հաջողվել էր Բաբաջանյանի պողոտայի երկայնքով ձգվող ԽՄԿԿ չգիտեմ որ համագումարի անվան նախկին սովխոզի տարածքից շինարարության համար մեծ հողակտոր վերցնել «Սուրբ Մարիամ Աստվածածին» ծննդատան հարևանությամբ, մոտավորապես այն տեղում, որտեղ կառուցվեց (ավարտվե՞ց) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության  Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը… Նախագիծն էլ ունեցանք նոր ուսումնական հաստատության… Բայց… Բանգլադեշի դուզի վրա որոշում կայացվեց կառուցել կրթահամալիրի ծածկած լողավազանը… Էլի բուն կառուցմանը գործը չհասավ… Կրթահամալիրը զարգացավ համայնքային լքված-չօգտագործվող մանկապերտեզային շենքերի վերափոխման ճանապարհով, ի՛նձ համար նախ և առաջ դժվար ուղիով… Բայց այսպես պիտի կանգնի նոր Երևանը, Հայաստանը, ոչ թե կառուցելով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա։ Հիմա վերցրեք ու հաշվեք, թե քանի հա վարելահող հիշատակածս նախկին խորհրդային տնտեսությունից վերացավ-մնաց շինարարական կառույցի տակ… Ավելի հեշտ է հաշվել, թե քանի հա է դեռ մնացել, ու ինչպիսի ախորժակով կրճտացնում են ատամները՝ որպես գիշատիչներ…

Ոչ մի նպատակ այնքան կարևոր չէ, որ արդարացնի միջոցը, սիրելի սեբաստացիներ, հանճարեղորեն պարզ ձևակերպել է Ալբերտ Էյնշտեյնը… Ընթացքն է կարևորը՝ մոբիլ ու ստեղծակա՞ն է մեր ընթացքը… Ունե՞նք ստեղծագործ մշակի բավարարում… Ինչո՞ւ չունենք: Ունեցեք:

Կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտում ավարտին է մոտենում լողափնյա վոլեյբոլի դաշտի ( 25մետր x 16մետր չափերով) ստեղծման աշխատանքը։ Բացման օրը Ձեզնից է կախված. աջակցեք՝ օր առաջ նորամուտը անելու։ Ո՞վ կարող է նվիրել կամ մատչելի առաջարկել 15 սմ տրամագծով մոտ 100 գծամետր գերան, թեկուզ օգտագործված։

(356) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>