0

Մասնավոր բուհերը գնացին գործարքի ու դարձան դուքաններ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագիծը ԱԺ-ի նախորդ քառօրյայում առաջացրել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրդովմունքը: Վերջինս քննադատության է ենթարկել նախագիծը ներկայացնող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե կառավարությունը շարունակելու է փակել մասնավոր բուհերը՝ նշելով, որ նախարարությունը ցանկանում է լիովին վերահսկել դաշտը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՀ ԿԳՆ լիցենզավորման հանձնաժողովի նիստին կայացրած որոշմամբ դադարեցվեց Լևոն Օրբելու անվան համալսարանի գործունեությունը:

Armlur.am լրատվականի հետ զրույցում 1994-1995 թթ-ին լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանը  ասաց, որ իրականում մասնավոր բուհերին զրկում են հավատարմագրման գործընթացից:

«Այսինքն՝ բուհը կարող է շարունակել իր գործունեությունը, բայց չի կարող պետական նմուշի դիպլոմ տալ: Քանի որ  չհավատարմագրված բուհերը այլևս ուսանող չունեն և ոչ ոք էլ չի գնում չհավատարմագրված բուհ՝ սա փակել է նշանակում: Մի պահ պատկերացրեք` այդ հավատարմագրումը չլիներ, գործատուն ճանաչեր բուհի որակը և մարդուն ճանաչեր աշխատանքի ընդունելով, ապա պետությունը չէր  կարող փակել դրանք»,- ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը:

Ըստ Բլեյանի` վճարունակ ուսանողի համար բնավ կարևոր չէ` ինքը սովորում է մասնավոր, թե պետական բուհում:

«Բարձրագույն ու մասնագիտական կրթության մասին օրենքը հավասարություն է սահմանում բուհերի միջև անկախ նրանց իրավակազմակերպական ձևից, հետևաբար պետությունը պետք է բոլորին  հալալ ու արդար աչքերով  նայի, բայց  այդպես  չէ: Ողբերգություն է այն, որ վերջին 25 տարիների ընթացքում մենք չունեցանք հարգանք վայելող մասնավոր բուհեր, որովհետև դրանք գնացին այլ ճանապարհով»,- կարծում է  կրթահամալիրի տնօրենը:

Իրականում, սակայն, մասնավոր շատ բուհեր ուսանողներ չունեն, հետևաբար նրանք արդեն փակված են: Իսկ չունեն, որովհետև պետական հաստատություններն անսահման թվով հեռակա ուսուցման տեղեր բացեցին, մեծ թվով ուսանողներ ներկայում նախընտրում են սովորել արտասահմանում, արտագաղթի պատճառով կրճատվում է ծնելիությունը: Այս ամենը բացասական ազդեցություն ունեցավ  մասնավոր ուսումնական հաստատությունների վրա` վստահ է  Բլեյանը:

Խնդրի մյուս կողմը  կրթության որակն է` մասնավորապես այն կարծրատիպը, թե պետական բուհերը տալիս են որակյալ կրթություն ի տարբերություն մասնավոր ուսումնական հաստատությունների ՝ այդպես չէ. «Մենք հաշտվել ենք այն մտքի հետ, որ հայաստանյան բուհերն արտադրում են դիպլոմավոր գործազուրկներ»:

-Պրն Բլեյան, համաձա՞յն եք այն տեսակետին, որ կառավարությունն այս օրինագծով փորձում է ամբողջությամբ քաղաքականացնել` կուսակցականացնել կրթության ոլորտը:

-Խոսենք Հյուսիսային համալսարանի օրինակով: Հիմնադիրն ու սեփականատերը ՀՀԿ-ական է: Հիմա այսքանից հետո դուք տարբերություն տեսնո՞ւմ եք մասնավորի ու պետականի միջև: Միայն  ամերիկյան համալսարանն է, որ պահում է իր չեզոքությունը քաղաքական առումով: Մյուսները մասնավոր են, թե պետական ՝ հնազանդ ենթարկվում են:

-Օրենքից քաջատեղյակները մի բան են մատնանշում` սա ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքի խստագույն ոտնահարում է։

-Էդ բուհերը վաղուց փակված են, քանի որ ուսանող չունեն: Եթե ուսանող լինի, չեն կարող փակել: Մասնավոր բուհերը պետք է ավելի շուտ  իրենց մասնավորի իրավունքներն ու ազատությունները  պաշտպանեին, ոչ թե գնային տասնյակ գործարքների, ուրիշ բաների ետևից ընկան, որպես բուհ չկայացան, պետությունն էլ չուզեց, որ կայանան: Մեծ հաշվով  հասարակությունն էլ չէր ցանկանում, որ կայանան մասնավոր բուհերը, քանի որ իրենց դիպլոմն էր պետք:

-Ի՞նչ նկատի ունեք ասելով` մասնավոր բուհերը գնացին գործարքների:

-Նրանք  չդարձան որակյալ ու հետաքրքիր բուհեր: Ցույց չտվեցին, որ իրենք ազատ գոտի են, պիտի իր պրոֆեսորների աշխատավարձով, պաշտպանվածությամբ տարբերվեր պետական բուհերից: Մասնավոր բուհերը մեծ մասամբ դուքաններ էին, իշխանությունն էլ ասում է` մենք ունենք մեր դուքանները, որոնք մեզ բավարարում են:

Հարցազրույցը՝ Սոնա Դավթյանի
Աղբյուրը՝ armlur.am

(59) դիտում

Թեգեր:  

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>