0

Հայաստանում «ուսանողի ճգնաժա՞մի», թե այլ գործոններով են բուհերը թափուր տեղեր ունենում. կարծիքներն իրարամերժ են

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանի գնահատմամբ՝ այս տարի պետական բուհական համակարգում բացված շուրջ 17 000 տեղերի փոխարեն 13 000 դիմորդի հայտերը վկայում են Հայաստանում «ուսանողի ճգնաժամի» մասին:

««Այսինքն՝ եթե 2014թ. ընդունելության քննություններ առհասարակ չլինեին, բոլոր դիմողներին կընդունեին: Դուք ասում եք՝ 4 հազար, ես ասում եմ՝ «ոչ, ավելի շատ» և ավելի շատ տեղեր կմնային թափուր: Այդպես է եղել անցյալ տարի, այդպես է եղել նախանցյալ տարի: Այսինքն՝ մրցույթ որպես այդպիսին, եթե անգամ կա, ապա ոչ թե առանձին ըստ մասնագիտությունների, այլ՝ լոկ առանձին ֆակուլտետների: Այսինքն՝ կան ինչ-որ պրեստիժային, բրենդային ֆակուլտետներ, որոնք, վստահ եմ, արհեստական են ստեղծվել, մնացյալ դեպքերում Հայաստանում կա ուսանողի ճգնաժամ: Մարդ չկա, որն ուզում է, որը պատրաստ է վճարելու, որ դառնա ուսանող: Այս դեպքում ընդունելության քննությունները լրիվ անիմաստ են: Լրի՛վ: Եվ կարիք չկա, որ Կառավարությունը կամ Գիտության և կրթության նախարարությունը զբաղվեն ընդունելության քննություններով»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Աշոտ Բլեյանը։

Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական թվերով՝ ընդունելության քննությունների առաջին փուլում դիմել է 12 356, երկրորդ փուլում՝ 840 դիմորդ:

Շարունակելով՝ Աշոտ Բլեյանը հայտարարեց.«Բուհերը խայտառակ վիճակում են, նաև իրենց սարքածն է այս ամեն ինչը, և նրանք դիպլոմավոր գործազուրկներ պատրաստող բաներ են, կապ չունեն հասարակության պահանջների հետ: Թող ոնց ուզում են, ինչ ուզում են, անեն: Կառավարությունը պետք է զբաղվի հանրակրթությամբ, քաղաքացի կրթելով զբաղվի, իսկ մասնագիտական կրթությունը վերապահի այն մարմիններին՝ աշխատուժի շուկան ներկայացնող, որոնք սկսեն իրար հետ բուհերն ու գործատուն իրար հասկանան, աշխատեն: Եվ բուհը փակվում է, թող փակվի: Բա եթե գործազուրկ է դառնալու, 4 տարի սովորելու է, վճարելու է, ավելի լավ չի՞, որ չընդունվի, չսովորի»:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը ամենևին էլ դիմորդների պակասը պետական բուհական համակարգում չպայմանավորեց այս համակարգի բուհերի չպահանջարկված լինելով:

«Մեր բուհերում Կառավարության հաստատած կարգի տեղերի քանակը հաստատվում է ավելի ուշ, քան դիմորդներ ենք ունենում, այդ իսկ պատճառով ամեն տարի էլ տեղերի քանակն ավել է եղել: Այսինքն՝ նախօրոք մի բան էլ նախատեսվածից ավել տեղերի քանակ ենք հաստատել՝ ըստ բուհերի ներկայացրածի»,- ասաց ԳԹԿ պաշտոնյան:

Այսինքն՝ վերջինիս տրամաբանությամբ՝ պետությունը այս հարցին մոտենում է «զապասով»: Բայց մյուս կողմից անհասկանալի է նման հաշվարկը այն տեսանկյունից, թե ինչու պետությունը մենեջմենթ չի անում՝ թե ինչ մասնագիտություններ են պահանջարկված:

Արա Իսպիրյանը հիշեցրեց, որ սա կարող է վերաբերել միայն վճարովի տեղերին, իսկ անվճար տեղերը պետությունը հաշվում է. քանի՞ և ինչ մասնագետներ են պետք: Իսկ վճարովի համակարգին պետության կողմից ինչ–որ բան պարտադրելը, ըստ Իսպիրյանի, կլիներ մարդու իրավունքների տարրական խախտում:

Տարածաշրջանային համար 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը Tert.am –ի հետ զրույցում հարցին առաջարկեց նայել համալիր, քանի որ, ըստ նրա, ոչ ճիշտ կլինի որևէ մի բաղադրիչով պայմանավորել ամենը: Իսկ նրա խոսքով՝ շատ բան պայմանավորված է նաև նրանով, որ 12-ամյա կրթության ներդրումից հետո ավելացել են հոսքերը դեպի քոլեջներ, նաև՝ բուհերի հաշվին:

«Դեպի ուսումնարաններ և քոլեջ, այսինքն՝ դեպի մասնագիտական կրթություն հոսքը մեծացել է վերջին 6-7 տարիների
ընթացքում՝ երբ փոխվեց պետական քաղաքականությունը և սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել մասնագիտական կրթության վրա: Այս տարիների ընթացքում աստիճանաբար փոխվեց նաև մարդկանց մենթալիտետը, ծնողների առումով եմ ասում, երբ նրանք զուտ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ ունենալու փոխարեն նախընտրեցին շատ ավելի կարճ ժամանակում շատ ավելի մատչելի գներով, շատ դեպքերում նույնիսկ անվճար ունենալ կոնկրետ մասնագիտություն և գնալ–աշխատել:

Կոնկրետ մեր շահառու ուսանողը տեսավ, որ ինքը կարող է գնալ բարձրագույն ուսումնական հաստատություն, ունենալ տնտեսագետի որակավորում, բայց, միևնույն է, գնալու է որևէ տեղ՝ աշխատելու մենեջեր, ցածր կարգի հաշվապահ, խոհարար, տաքսու վարորդ: Եթե այս ամբողջը՝ այդ թվում նաև այս վերջին որոշումը՝ 12-ամյա պարտադիր կրթությունը գումարենք իրար, կստանանք այն ամբողջական պատկերը, որի արդյունքում էլ այսօր դեպի ուսումնարաններ և քոլեջ հոսքը մեծացել է»,-ասաց Պարույր Սանթրոսյանը:

Աղբյուրը՝ tert.am

(196) դիտում

Թեգեր:  

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>