0

Կառավարական, վարչական եւ այլ լծակներ ունեցող անձանց երեխաները եւս պետք է ծառայեն բանակում

ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ տարկետման իրավունքով սովորելով՝ արտերկրում արական սեռի քաղաքացիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում։ Նախարարն առաջարկում է, որ ձեռքբերված գիտելիքները ՀՀ-ում ներդնելու եւ հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու համար որպես երաշխիք կնքվի գրավի պայմանագիր՝ նվազագույնը 8.5 մլն դրամի չափով։ Որոշ ժամանակ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, կառավարությանը առաջարկել է վերացնել պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում սովորողների տարկետման իրավունքը՝ փոփոխություն կատարելով «Զինապարտության մասին» օրենքում: Նշենք, որ կառավարությունը հունվարի 23-ին հավանություն է տվել Արմեն Աշոտյանի ներկայացրած՝ «Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։

– Պարոն Բլեյան, ի՞նչ կարծիք ունեք «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու ԿԳ նախարարի առաջարկած նախագծի վերաբերյալ։
– Կա պարտականություն՝ զինապարտությունը, 18-27 տարեկան արական սեռի բոլոր քաղաքացիների համար` անխտիր եւ հավասար՝ եւ՛ օրենքով, եւ՛ իրական կյանքում։ Կա մասնագիտական կրթության իրավունքը՝ անընդհատ, մասնագիտության եւ բուհի ազատ ընտրությամբ, բոլոր եղանակներով՝ առկա, հեռակա, հեռավար, Հայաստանում թե Հայաստանից դուրս, վճարովի թե անվճար։ Այս իրավունքն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի, խթանի բոլոր միջոցներով։ Օրենքի առաջարկվող փոփոխությամբ հաղթահարվո՞ւմ է «պետք է»-ի եւ «առկա»-ի միջեւ անջրպետը։ Իհարկե` ոչ։
– Նախարարը նշել էր, որ արտերկրում ուսում ստանալու նպատակով մեկնած հայ ուսանողները այդկերպ ցանկանում են խուսափել ծառայությունից։ Դուք համամիտ ե՞ք նախարարի կարծիքի հետ եւ հնարավոր համարում ե՞ք, որ օրենքի փոփոխության դեպքում տղաների մեջ ծառայությունից խուսափելու ցանկությունը կվերանա։
– Ամեն տարի գիտությունների թեկնածուի թեզ պաշտպանող արական սեռի հարյուրավոր քաղաքացիները բանակից ազատվելու համար չե՞ն ձեռք բերում կոչումը։ 2013թ.  հայաստանյան բուհեր շուրջ 21000 ընդունվածներից անվճար համակարգում հայտնված արական սեռի մոտավորապես  2000 զինապարտները չե՞ն մտնում կրթությունը շարունակելու համար «օրինականացված» տարկետումների  ընթացքի մեջ՝ երաշխավորված իրենց ծնողների կողմից։ Մի կողմից՝ քրեական օրենսգրքում կա ձեւակերպված հանցավոր արարք՝ զինվորական պարտականությունից խուսափելը, մյուս կողմից՝ սահմանափակ թվով արտոնյալների, իբր ազգի համար սովորող մարդկանց համար ուսումը շարունակելու հնարավորությունը՝ բակալավրի ծրագիր, մագիստրատուրա, ասպիրանտուրա` թեզ պաշտպանելու հնարավորությամբ, պարտադիր զիվորական ծառայությունից ազատվելու խողովակ է։
– Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված, որ օրենքի փոփոխության նախագիծը հիմնականում վերաբերվում է արտերկրում սովորողներին, իսկ Հայաստանի բուհերում սովորող ուսանողներին՝ ոչ։
– Ես իրավունք չունեմ խտրություն դնելու արտասահմանյան եւ հայաստանյան բուհերի, ինչպես նաեւ մասնագիտական կրթական ծրագրերի միջեւ։ Երիտասարդի կրթության ընտրության սահմանադրական, անօտարելի իրավունքն է։ Ժամանակն է մեր բոլոր գործողություններով, օրենքներով, որոշումներով տարանջատելու զինապարտությունը եւ մասնագիտական կրթության իրավունքը։ Առողջական խնդիր չունեցող արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ամեն ինչից, պիտի իր ծառայությունը կատարի բանակում՝ Արցախում թե Հայաստանում, որովհետեւ այն պարտադիր է։ Ժամանակն է, որ քաղաքացիական հասարակությունն իր բոլոր ինստիտուտներով, այդ թվում՝ ԶԼՄ-ներով, հսկի, որ կառավարական, վարչական, տնտեսական եւ այլ լծակներ ունեցող անձանց երեխաները, հարազատները ծառայեն բանակում, ծառայեն բարեխիղճ եւ ի տես։
– Չե՞ք կարծում, որ օրենքի փոփոխության դեպքում Հայաստանում գիտությունը կտուժի, քանի որ շատ խելացի տղաներ ծառայությունից հետո չեն ցանկանում շարունակել կրթությունը։
– Շատ խելացի տղաները ծառայությունից հետո Հայաստանում զբաղվում են իսկական գիտական գործունեությամբ, ձեռնարկատիրությամբ, ապրում են իրենց աստվածատուր կյանքով։ Եվ դա անում են իրենց համար՝ ի շահ յուրաքանչյուրիս։ Մյուսները դա կարող են անել Հայաստանից դուրս, ուզում եմ հավատալ, որ իրենց ազատ ընտրությամբ, բայց Հայաստանի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց հետո։
– Որպես նախկին ԿԳ նախարար, ըստ Ձեզ, ո՞րն է լավագույն միջոցը, որով չի տուժի կրթությունը, եւ չի խախտվի նաեւ օրենքով ամրագրված պարտադիր զինվորական ծառայությունը։
– Խտրության (խտրականության) բացառումը՝ ե՛ւ օրենքով որոշված պարտականության, ե՛ւ անօտարելի իրավունքի դեպքում։ Ժամանակն է, որ պարտադիր զինծառայության ժամկետը դառնա 1 տարին` 2-ի փոխարեն. իսկ դա հնարավոր է, եթե հայաստանցին ուրիշի փոխարեն 2 տարի չծառայի, ծառայեն բոլորը։ Ժամանակն է նաեւ, որ բոլորիս աջակցությամբ բանակը զորացնի իր ուսումնավարժանքային ներուժը։ Իր տեսակի մեջ բանակը մասնագիտական ուսուցման մեծ հաստատություն է։
Հարցազրույցը` Հովհաննես Մուրադյանի

(59) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>