0

Ի՞նչ ասել է ժողովուրդ, հայրի´կ

Ի՜նչ ականջներ ունես, Դավիթ Բլեյան, ոնց որ գրանցող թվային սարք՝ ինչքա՞ն ցածր խոսենք, որ չլսես, ինչպես մեծերն են սիրում կրկնել՝ քեզ չվերաբերող բաները: Ի՜նչ լեզու ունես, Դավիթ Բլեյան… Իրեն վերաբերող-չվերաբերող (ո՞նց որոշես, կամ որ որոշես՝ ի՞նչ. ինքն է վերցնում, քեզ չի հարցնում) ամենաբարդ մտքերն ամենաբարդ լեզվական կառույցներով արտահայտում է…

Ժողովուրդ կոչվածն իր ստեղծած պետությունն է. հեգելյան այս պնդումը ես հավանում եմ, այնքան հասկանալի է, որ կարող ես շոշափել… Ահա քո խնամած ֆիզիկական տարածքը, ահա այդ տարածքում ապրող մարդիկ՝ իրենց ինքնազգացողությամբ, այդ ժողովրդինը համարվող տարածքում (աշխարհագրական սահմանում) օրենքների պահպանումը ու չգրված օրենքերով մարդկային համակեցության կազմակերպումը…

Ինձ այսօրվա մեր ժողովրդի մասին ամենալավը պատմում են հարսանիքները, գերեզմանոցները, հանրային տարածքների ու հանրային գործունեության վերաբերյալ մարդու մոտեցումը… Ես ուզում եմ իմ օրվա գրում խոսել դպրոցի նկատմամբ այսօրվա հայաստանյան ժողովրդի՝ մարդու, թաղի բնակչի, ամենատարբեր դիրքի պաշտոնյայի, մանր ու մեծ սեփականատիրոջ վերաբերմունքի մասին, կոնկրետ, առարկայական դրսևորումներով…

Կրթահամալիրի կրթական օբյեկտները Հայաստանի կառավարության սեփականությունն են, որոնք կառավարության որոշմամբ տրված են մեզ անհատույց, բայց նպատակային (կրթության իրականացում) իրականացման, շենքերի զբաղեցրած հողը (բակային տարածքները) Երևան քաղաքային համայնքի սեփականությունն են, որ մեզ քաղաքապետի որոշմամբ, տրված են անհատույց, նպատակային օգտագործման… «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական կազմակերպություն է, նրա հիմնադիրը, սեփականատերը ՀՀ կառավարությունն է:
– Բա, Բլեյան ջան, էս քո դպրոցը չի՞,- զարմացած, թե կեղծավոր հարցնում է հերթական մարդը:

Իմը այս դպրոց-կրթահամալիրի պահպանության, նրանում մշակվող, կազմակերպվող ու տարածվող մանկավարժության հոգսն է… Ու դու, գրված ու չգրված օրենքով, ինձ պիտի օգնես ամեն օր, ծանոթ-անծանոթ մարդ, այդ ամենօրյա հոգսը պիտի թեթևացնես… Այդպես   չէ՞, բարեկամներ… Ես հաճախ, ավելի ու ավելի հաճախ եմ այդ հոգսի հետ մենակ մնում, շվարում, չեմ իմանում՝ ինչ անեմ…

Ես խեղճերից չեմ, ամեն անգամ լուծում գտնում եմ կոնկրետ առաջացած խնդրի, բայց ավելի ու ավելի շատ ժամանակ ու ջանք եմ հատկացնում ոչ մանկավարժական խնդիրների լուծմանը… Իսկ իմ պնդումը՝ մանկավարժությամբ զբաղվելը, կոչ էլ կմնա, եթե նախ և առաջ ինձ չի վերաբերում: Ինձ գովել պետք չէ, զայրացնում է. երբ ես կոնկրետ օգնության դպրոցական կարիքով դիմում եմ՝ արձագանքեք: Ա՛յ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում լողափնյա ավազով կոմբինացված, պարզ դաշտերի, «Սեբաստիա» խաղադաշտի կառուցմանն աջակցելու համար դիմել եմ կայքով, ֆեյսբուքով, բլոգով, օրագրով, էլեկտրոնային փոստով… Անապատում կանչող տնօրենի ձայնը (ձայն բարբառոյ յանապատի)… Ահա, Դավիթ ջան, հենց սա ասել է անապատ, այսպես է անապատանում Հայաստանը, որն է՝ հայ ժողովուրդը: Մնացածը՝ պատմություն է, լեգենդ…

Նոր դպրոց տանող փողոցում (անցում)՝ թիվ 181 դպրոցի կրտսեր դպրոցականների մասնաշենքի մուտքի մոտ, փոս են փորել. 5-րդ օրն է: Ե´վ վտանգավոր է, և´ խանգարում է սովորողների, ուսուցիչների, բնակիչների առօրյա տեղաշարժին։ Ո՞վ է փորել, ինչո՞ւ չի լցնում… Երեկ ես կատաղության նոպա ունեցա այդ փոսի մոտ… Իսկ մի քանի մետր այն կողմ՝ փողոցում, կիսա-ընտանեկան շորերով իրենց 1-ին դասարանցիներին էին սպասում իմ նոպային անհաղորդ թ. 181 դպրոցի ծնողները… Թե ձեր դպրոցն է, ինչո՞ւ եք փողոցում, ինչո՞ւ ներս չեք մտնում, չեն թողնո՞ւմ, դուռը փա՞կ է ձեր առաջ, բա ո՞ւր եք եկել…

Բ-1 թաղամասում Մայր դպրոցի շենքը ենթակայանից սնուցող էլեկտրակաբելը (մալուխը) փողոցում, շենքից դուրս վնասվել է… Պատմություն է, իսկական, այսօրվա Հայաստանը ներկայացնող պատմություն… Լավ կլիներ՝ այս և նմանատիպ հարցերով (տնտեսության) զբաղվեր փոխտնօրենը, ես զբաղվեի մանկավարժությամբ… Բայց… Անգամ հանրահայտ Աշոտ Բլեյանի ուժը չի պատում, նրան բանի տեղ չդնող պաշտոնյան, պետական ու համայնքային մարմիններն են «տիրություն» անում մեր երկրում, էլ ուր մնաց… Թվում է, թե Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի, քաղաքապետարանի մարմինները, համապատասխան ծառայությունները պիտի վերջապես արձագանքեին կրթական օբյեկտների կոմունալ տնտեսության բազում կարիքներին… Սպասենք փոստով հանդիսավոր բերվող, սահմանված ձևով կնքված-ստորագրված մերժմանը, այն էլ՝ շաբաթներ հետո, երբ այս կամ այն կերպ վթարը վերացված է… Վարչական շրջանը վերջնականապես օտարվեց մեզնից, երբ դադարեց համայնք լինելուց, իսկ 12 համայնք կուլ տված ու մեծ պետություն-համայնքի դերում հանդես եկող Երևանի քաղաքապետարանի շենքից Բանգլադեշի կրթահամալիրի շենքը, նրա հոգսը չեն երևում… Կամ ի՞նչ անենք հերթական անգամ վթարվող կոյուղու գիծը… Կամ մեր թանկագին խաղադաշտի համար մի «կատոկ» է պետք, Դավիթը լսում է՝ «գլդոն» ասեմ, որ մեր դաշտերն ու անցումները գլդոնի… Հե՜յ գիտի, «կուսռայկոմն իր քարտուղարով ամենազոր» գնաց, սովետական անտեր տնտեսությունը փլուզվեց, իսկ ահա «անռայկոմ» մասնավոր տնտեսության սեփականատիրոջ մոտ հանրայինի գիտակցումը չկա… «Սովետի պահեստից» լիուլի կօգներ, բայց ահա ձեռքը սեփական գրպանը տանելիս շատ է դժվարանում… Շոշափում է փողի տրցակը, ու չի կարողանում նրա մի փոքր մասից բաժանվել… Հանրակրթությունը, դպրոցը իրենը չեն։ Առևտուրի ձևով՝ համեցեք, իսկ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, որպես իր գործ՝ հասու չի դառնում այդպես էլ… Հա, Բլեյան ջան, գիտենք՝ ինչ կարևոր գործ ես անում, ի՜նչ դպրոց ես ստեղծել, բայց դե… Ու սա ասում է մի քանի հարյուր միլիոն շրջանառություն ունեցող սեփականատերը, քո դպրոցական ընկերը, քո պատգամավոր գործընկերոջ եղբայրը, որ մենաշնորհ ունեցող քաղաքային ծառայություն է ղեկավարում…

Ես, գիտեք, տրտնջացող չեմ, և իմ ուժը բավարար է, մի բան էլ ավելի… Հենց չբավարարի, վայր կդնեմ կրթական համայնքի առաջ իմ լիազորությունները. ես բարձր եմ գնահատում կրթահամալիրի տնօրենի պաշտոնը, բայց պաշտոնը չէ, որ պիտի ինձ զարդարի, ես շարունակ ավելի բարձր կլինեմ, քան իմ զբաղեցրած պաշտոնը՝  ԳԽ պատգամավորի, փոխքաղաքապետի թե նախարարի: Ես երբեք չեմ լինի Թումանյանի ասած պաշտոն կպցրած՝ «օխտը կորցրածի մեկը»…

Կարիերայի մասին. կա վեր, կա խորը… Ես ընտրել եմ, եթե անգամ վեր բարձրանալ, ապա խորը գնալու ճանապարհը… Սրա համար, երբ մանկավարժությամբ, հեղինակային կրթությամբ պիտի զբաղվես, սիրելի սեբաստացիներ, հարգելի գործընկերներ՝ նվիրումն անհրաժեշտ է բոլոր դեպքերում: Կրթահամալիրը հիմնած-ստեղծած ավագ սերունդը (Սուսան Մարկոսյան, Գևորգ Հակոբյան, Աիդա Պետրոսյան, Մարիետ Սիմոնյան, Նառա Նիկողոսյան, Աշոտ Տիգրանյան…) այս 25 տարիների ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բայց նրա դիրքն անսասան է մնացել՝ իր կրթահամալիրը, իր մանկավարժությունը, ու նրան անմնացորդ նվիրումը… Առանց այսպիսի դիրքի կրթահամալիրը ցաքուցրիվ կլիներ… Մեր նոր սերնդի մեջ էլ կան այս դիրքով տասնյակ մարդիկ՝ իր կրթահամալիրը, իր մանկավարժությունը ու նվիրումը գործին… Առանց այս խմբի, այս կյանքի, այս հավեսի   կրթահամալիրն այլ կլիներ…

Ես հավակնություն ճանաչող ղեկավար եմ, ավելին՝ հավակնություններ ներկայացնող (նայեք իմ կենսագրությունը՝ 1998-ին ես հավակնել եմ ՀՀ նախագահի պաշտոնին), էլ ավելին՝ փնտրում եմ հավակնոտ անձանց, պայմանով, որ հիմնավորում-օրինականացնում ես հավակնություններդ քո նվիրական աշխատանքով…

Դավիթն այսօր Շուշան քույրիկի նվիրած փչովի մե՜ծ դելֆինը բերել է Դպրոց-պարտեզ։ Հիմա դելֆինը մեր մեծ լողավազանում է։ Տեսեք՝ ինչ մեծ ուրախություն է Դավթի նոր խմբում։ Կեցցեք, Կարինե Խառատյան, Գայանե Սարգսյան, այս ուրախության համար։

(284) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>