0

Եթե երկրի որոշ բուհեր 5 տարով փակվեին, շուկայի վրա դա միայն դրականորեն կազդեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գնահատմամբ` Հայաստանում բուհերի օպտիմալացումը պարզապես զբաղմունք է, «պարապ վախտի խաղալիք»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գործընթացում կարևոր է նաև ուսանողների դիրքորոշումը: «Մենք այսօր ունենք երեք ինստիտուտ, որոնք գեղարվեստի են, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը և Գեղարվեստի ակադեմիան: Կարելի՞ է դրանք միավորել մի հաստատության մեջ, որ կոչվի Կոմիտասի անվան գեղարվեստի ակադեմիա: Թվում է, թե լավ կլինի, որ ապագա արվեստագետները (կարևոր չէ` նրանք գործում են երաժշտությա՞ն, կինոյի՞, կերպարվեստի՞, թե՞ թատրոնի բնագավառում) իրար հետ շփվեն, նախագծեր անեն, էլ չեմ ասում, որ Փարաջանովը և մի շարք այլ լավագույն մասնագետներ ստեղծագործել են տարբեր բնագավառներում, որոնք հիմա կարող են առանձին-առանձին դառնալ ֆակուլտետներ՝ այդ նույն Գեղարվեստի ակադեմիայի մեջ: Կարող են, չէ՞: Այո, կարող են, բայց այս նախագիծը կարող է բերել մի անհասկանալի կոնգլոմերատի, դրանից ոչինչ չի փոխվի, միևնույն ժամանակ կարելի է սարքել մի պատշաճ, ժամանակակից բուհ»,- ասաց նա:

Բլեյանի խոսքով` ինքնին միավորումը, եթե դա երեք ավերակների, այսինքն` երեք կիսատ-պռատ կամ գործազուրկ արտադրող, դիպլոմ տվող հաստատությունների միավորում է, կբերի մի ավելի մեծ ավերակի կամ կեղծիքի, կստեղծի ձևականության, «պարազիտիզմ»-ի ավելի մեծ` բարձրագույն դպրոց:

Կրթահամալիրի տնօրենը նշեց, որ կարելի է և հակառակն անել` փորձել դրանք ամբողջապես ներդաշնակել, այսինքն` սկզբից պիտի նպատակը պարզել, տեսնել այն նպատակը, որ իրենց առաջ դրել են, այն գործիքները, միջոցները, որ ունեն, դրանք հասանելի՞ են, թե՞ չէ:

Բլեյանը նշեց, որ կարելի է վերցնել ցանկացած բուհի օրինակ, ասենք` Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի օրինակը, և ցույց տալ, որ ֆակուլտետների կամ ամբիոնների ուղիղ կեսն արհեստական են ստեղծված, որոնք կարելի էր վաղուց խոշորացնել: Ավելին՝ մասնագիտությունները նույնպես կարելի էր խոշորացնել, երբ անցում կատարվեց բուհի երկաստիճան համակարգի` բակալավրիատ և մագիստրատուրա: «Երբ ուշադիր նայում ես, տեսնում ես, որ վերանայում՝ որպես այդպիսին, չարվեց, այսինքն` լիքը մասնագիտություններ կային, որ պիտի միավորվեին բակալավրիատի մեջ, հետո առանձնանային որպես մագիստրոսական մասնագիտություններ, օրինակ` հոգեբանությունը կամ հատուկ մանկավարժական կրթությունը և պարզապես մանկավարժական կրթությունը: Բակալավրիատում խելամիտ է, որ այս երեքը համատեղ հանդես գան, որ մարդը ձեռք բերի ընդհանուր մանկավարժություն կոչված մասնագիտությունը կամ մանկավարժություն-հոգեբանություն, բայց ահա մագիստրատուրայում փորձ արվեր սա բաժանել մասնագիտացումների, բայց մեզանում այդպես չէ, այսինքն` այս խոշորացում կոչվածը կարող է պարզապես պարապ վախտի խաղալիք լինել: Ցույց ենք տալիս, որ գործ ենք անում, ահաբեկում ենք, եթե կուզեք, որովհետև մեծ թվով մարդկանց կրճատումներ են, և իրականում ոչ թե բովանդակային ու խորքային բարեփոխումների մեջ ենք ներքաշում, այլ հակառակը` մարդկանց պահում ենք մի վիճակում, որ ամեն մեկը պիտի մտածի` կկրճատվի՞, թե ոչ, կազատվի՞, թե՞ ոչ»,- ասաց նա:

Բլեյանի համոզմամբ` երբ գործազուրկներ են արտադրում (իսկ մեզանում, նրա խոսքով, բարձրագույն կրթության համակարգը դիպլոմավոր գործազուրկներ է արտադրում, դա հայտնի բան է), դրանք մի բուհում կլինեն, տասը բուհում, ինչ անունով կլինեն, ի՞նչ է փոխվում դրանից. Ոչինչ: Երկրորդ` սկսած ռեկտորի նշանակումից կամ ընտրությունից` վերջացրած ամբիոնի վարիչի, դոցենտի կամ պրոֆեսորի ընտրությամբ, հարց է առաջանում՝ արդյոք պրոֆեսորը ազատ, վարչական այլ միջամտությունից պաշտպանված մասնագիտությո՞ւն է, արդյոք Հայաստանում ընդհանրապես պրոֆեսորը կարո՞ղ է ազատ, անկախ արտահայտել իր մտքերը և արդյոք մասնագիտական փոփոխությունները բուհական կրթության մեջ գալիս են բուն պրոֆեսորի՞ց, բուն բուհի՞ց: Պատասխանը, ըստ Բլեյանի, մեկն է՝ ոչ, քանի որ նրանք վախեցած, անպաշտպան, իրենց աշխատավարձով չապրող կամ դժվար ապրող մարդիկ են:

«Գիտական աստիճաններն ինչի՞ են պետք, ի՞նչ են տալիս դրանք, գիտական գործունեության հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ: Կարող եմ թվարկել շատ ավելի կարևոր, խորքային հարցեր. եթե դրանք լուծված չեն, ուզում եք՝ միավորեք, ուզում եք՝ անջատեք: Շատ դժվար է գնահատական տալ, ահա թե ինչու ես գնահատական, որպես այդպիսին, չեմ տալիս, այլ միայն հարցադրումներ եմ անում:

Պրոցեսը երևի շարունակական կլինի, որովհետև` ո՞վ պարտադրեց. մի քանի տարի առաջ խոսում էին, հիմա խոսում են, Գյումրիում, Վանաձորում արվեց այդ փորձը, հետ կանգնեցին: Կախված կլինի` ինչ աղմուկ կհանեն, ինչ դիմադրություն կլինի, բայց այդ դիմադրությունն էլ, աղմուկն էլ բուն անելիքի հետ կապ չունի: Ո՞վ ասաց, որ եթե Վանաձորում աղմուկ արեցին, ուրեմն ճիշտ էր հետ կանգնելը, կամ վանաձորյան նախագիծը սխալ էր: Ես նման բան չեմ ասում: Կամ Գյումրիի նախագիծը… Ուղղակի մեզանում ոնց որ թե այդպես էլ հարմար ժամանակը չի գալիս իրական բարեփոխումների համար, կեղծ, ձևական, ինչպես, օրինակ, ուղեվարձի թանկացումն էր: Դա այդպես էլ չկապվեց, չէ՞, հասարակական տրանսպորտի, հասարակական երթևեկության (առանց որի քաղաքը չի կարող գոյություն ունենալ) խնդրի լուծման հետ, մենք այդ խնդրով զբաղված չենք: Հիմա մեծ թվով օժտված պատանիներ, երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունը ստանում են արտասահմանյան բուհերում` լավ բուհերում, կամ տրամադրված են դեպի Հայաստանի ամերիկյան համալսարան: Մեր կրթահամալիրի օրինակով գիտեմ, որ շրջանավարտների մեծ խումբ է հակվում դեպի արտերկրի բուհերում ուսանելու միտքը, օրինակ` իմ աղջիկը՝ Շուշանը, գնաց Վիեննայի կոնսերվատորիա` թողնելով Երևանի կոնսերվատորիան: Դուք մի մոռացեք, որ հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ՝ տարբեր կրթաթոշակներով, այդ թվում` «Լույս» հիմնադրամի, կրթություն են ստանում Հայաստանից դուրս` առաջատար բուհերում, սա մի մոռացեք»,- ասաց նա՝ խորհուրդ տալով նաև չմոռանալ, որ մեզանում եթե մի հինգ տարով փակվեին մանկավարժական համալսարանը, նույն պոլիտեխնիկը, լեզվաբանական համալսարանը, էլ չասած՝ թատերական ինստիտուտը, կոնսերվատորիան, Հայաստանի աշխատանքի շուկան արդյոք դա կզգա՞ր: Բլեյանը համոզված է, որ եթե աշխատաշուկան զգար, ապա միայն դրական, որովհետև այնպիսի գերարտադրություն է, դիպլոմների այնպիսի արտադրություն, այս «մեռած, սատկած» տնտեսությունում: Եվ անգամ նորմալ մի ուսումնասիրություն չի արվել, թե, օրինակ, անցյալ տարվա շրջանավարտների, նրանց, ովքեր ավարտել են հայաստանյան բուհերը, այդ 30 հազարի չափ մարդկանց, ովքեր բարձրագույն մասնագիտական կրթության վկայական են ստացել, քանի՞ տոկոսն է իր մասնագիտությամբ աշխատում, որտե՞ղ, ինչքա՞ն են ստանում, ինչի՞ պակաս կա:

«Մի՛ մոռացեք` դրանք պարզապես զբաղմունք են: Եթե ընտանիքները ոչինչ չունեն անելու, ոչ մի ավելի լավ բան չգիտեն, քան չորս տարով, հետո նաև մագիստրատուրայում՝ երկու տարով զբաղեցնել իրենց երեխաներին` մինչև տեսնեն՝ ինչ է լինում: Այսինքն`դա այն չէ, որ մարդն իր առաջ դրել է մասնագետ դառնալու կոնկրետ խնդիր և այդտեղ արել է կոնկրետ ներդրում` ակնկալիքով, որ այդ ներդրումը կարճ ժամանակում հետ է բերելու իր աշխատանքով »,- ասաց Աշոտ Բլեյանը:

Աղբյուրը՝ 1in.am

(49) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>