0

Բարեկամության և համագործակցության արահետներով

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներին անդրադառնում է«Վրաստան» թերթը։ 

Կրթական փոխհամագործակցությունը, քաղաք Երեւանի «Մխիթար Սեբաստացի» նորարար-փորձարարական կրթահամալիրի եւ քաղաք Թբիլիսի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 հանրակրթական դպրոցի միջեւ, վավերացվել է 2009 թվականին կնքված հուշագրով, որով կողմերը պայմանավորվել են կենսագործել համատեղ ուսումնական ծրագրեր, կրթամշակութային միջոցառումներ:

Նախագիծը, որ կոչվում է «Հայ-վրացական կրթական կամուրջներ, իրականացվում է Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունների հովանավորությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է մատաղ սերնդի համար մոտիկից ծանոթանալու հայ եւ վրաց ժողովուրդների մշակույթին ու ավանդույթներին, վրաց եւ հայ միջավայրերում խորացնելու լեզվի  իմացությունը, եւ լավ նախապայման է բարիդրացիական ավանդույթները շարունակելու ու զարգացնելու:

Կողմերի հերթական հանդիպումն ընթացիկ տարվա մարտի 24-29-նն էր` Թբիլիսիում: Սեբաստացիների կազմում էին գեղարվեստի ավագ դպրոցի, վրացախոսների եւ բնապահպանական ակումբների սաներ, ուսուցիչներ: Բավականին հագեցած էր այդ օրերի ծրագիրը: Գոհացուցիչ էր հայաստանցիների վրացերենի իմացությունը, որ դրսեւորեցին թիվ 98 դպրոցում համատեղ` վրացերենի դասի ընթացքում:
Մարտի 26-ին հյուրընկալ դպրոցում բացվեց «Բարեւ, պարոն Պիկասո» ցուցահանդեսը, եւ կայացավ համատեղ համերգ, որին ներկա էին Երեւանի կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը, Ձվելի Թբիլիսի շրջանի ռեսուրս-կենտրոնի պետ Եկատերինե Խուրցիշվիլին, Թբիլիսի 98-րդ դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցեմլիձեն, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումանական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը:

Միջազգային «Էկո KEY» նախագծի շրջանակներում ծրագրված միջոցառումներն ուղղված էին աշակերտների մեջ բնապահպանության հարցերի տեղեկատվության ընդլայնմանը, բնապահպանական խնդիրների նշանակության գիտակցմանը եւ նրանցից յուրաքանչյուրի մեջ շրջակայքի պահպանման մշակույթի ու առողջ ապրելակերպի սկզբունքների զարգացմանը: Իսկ տարվա համաժողովի թեմաներն էին` բնապահպանություն, թմրամոլություն, թմրանյութեր, ալկոհոլ եւ ճիշտ սնունդ:

Ծրագրի շրջանակներում` անցկացվեցին մարզական մրցումներ, հյուրերը եղան Թբիլիսի հայ գրողների եւ հասարակական գործիչների ու Մթածմինդայի պանթեոններում, Նարիղալայում, Մետեխիում, Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, «Դավթյանների տիկնիկների տանը»:

Երեկ` ապրիլի 4-ին, եռօրյա այցով, «Թբիլիսցիները Երեւանում» ամենամյա նախագծի շրջանակներում, Երեւան մեկնեցին թիվ 98 դպրոցի սաներն ու ուսուցիչները: Վստահ ենք, որ երկու հաստատությունների միջեւ իրականացվող համագործակցությունը ծառայում է իր նպատակին` ե´ւ աշակերտների, ե´ւ ուսուցիչների մեջ երկու եղբայր ժողովուրդների դարավոր ավանդույթների տարածմանն ու կրթության բնագավառում ձեռքբերած փորձի փոխանակմանը:

dn-1

Արեւիկ Մանուկյան

2014թ. ապրիլի 5
«Վրաստան», թ. 27-28 (16223)

(40) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>