1

Այսօր ես դա չէի անի

Այսպիսի հարց տարբեր ձևակերպումներով և առիթներով, ինչպես այսօր ստեպ-ստեպ (ի՞նչ ասել է ստեպ-ստեպ, Սուսան Մարկոսյան) հնչում է.
– Կա՞ բան, որ տարիների հեռվից ասում ես՝ այսօր ես դա չէի անի…

Ամեն անգամ բանավոր մի պատմություն եմ անում, որով սկսում եմ իմ օրվա՝ թվով 84-րդ գիրը: Հետևե´ք ինձ իմ բլոգապատումի օրագրում. չե՞ք մոռացել՝ ես այն սկսել եմ կրթահամալիրի տնօրենի բլոգում 2014 թ. հունիսի 17-ին: Երևանի 26 կոմիսարների անվան թ. 10 դպրոց (Չարենցի 75 հասցեում այսօր էլ գործում է, որպես Խրիմյան Հայրիկի անվան հիմնական դպրոց) ես աքսորվեցի Երևանի պետական համալսարանից 1978թ. վերջին: Ծերացած-ծերացող դպրոց էր (չեմ ուզում որևէ մեկին վիրավորել), որ կռիվ էր տալիս ամեն մի աշակերտի համար. երկու կանգառ վերև բազմել էր բարձունքում Ձերժինսկու անվան ռուսերեն ուսուցմամբ դպրոցը (այժմ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց), որը խժռում էր Այգեստան կոչվող թաղամասի դպրոցահասակ երեխաներին ու մեծանում-մեծանում…

Դպրոցի չորս պատերը և նրանց ներսում ծավալվող գլխավոր իրադարձությունը՝ ժամակռիվը՝ դրան ուղեկցող կնիկական ասեկոսեով, պետք էր հաղթահարել, իմը չէր֊։ Ու ես նախաձեռնեցի այն ժամանակի հայաստանյան իրականության մեջ ամենաազգայնական կրթական ծրագիրը՝ հայագիտական խորացված ուսուցմամբ ավագ՝ 9-րդ, 10-րդ դասարաններ: Հայաստանի, Արցախի, Ջավախքի տասնյակ ուսումնատենչ դեռահաս-պատանիներ արձագանքեցին ՀՀ գրողների միության հովանու ներքո ծավալվող հեռանկարային-վտանգավոր կրթական այս   նախաձեռնությանը… Երախտահիշատակ Վարդգես Պետրոսյանը Հայաստանի գրողների միության վարչության ազդեցիկ նախագահն էր, Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղարի՝ 1974-1989 թթ Հայաստանի «թագավոր» Կարեն Դեմիրճյանի դասընկերն էր. մեր դպրոցի շրջանավարտներն էին: Մեր դպրոցի շրջանավարտն էր նաև ՀԽՍՀ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանը…

Ես, որ կլանում էի հայագիտության, մանկավարժության, հայ մանկավարժության նորանոր էջեր՝ տարվեցի հայագիտությունը (գրաբար, արևմտահայերեն, Նոր Կտակարան, հոգևոր երաժշտություն, մատենագրություն, հայրենագիտություն-ազգագրություն-բանահյուսություն, ժողովրդական մշակույթ-արհեստներ, ազգային ծեսեր…) հանրակրթություն բերելու գաղափարով, կարողացա ոգևորել դրանով Վարդգես Պետրոսյանին ու տասնյակ հայագետների… Հարկ եղավ ապավինել նաև մեր դպրոցի ստեղծման պատմությանը. դպրոցն այդ շրջանում դառնում էր 75 տարեկան, գործել սկսել էր Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից 1906-ին… Կարեն Դեմիրճյանի անվան հետ կապվող դպրոցը պատրաստվում էր նշել իր 75 ամյակը… Հիշեցնեմ, որ ես ընդամենը դպրոցի փոխտնօրեն-կազմակերպիչն էի, «բունտարարի» խարանով, կուսակցական նկատողությամբ, Մյասնիկյանի կուսշրջկոմի սևեռուն ուշադրության ներքո… Դպրոցի տնօրեն, հայերենի երկարամյա ուսուցիչ տիկին Մարջանյան-Հովհաննիսյանը բաց չթողեց ազնվականության-արքունիքի մերձավոր շրջապատին մոտ լինելու, տարբեր ձևերով, միջոցառումներով լայն հասարակությանը նշանակալի երևալու հնարավորությունը… Ինձ չէր խանգարում այնքան ժամանակ, քանի դեռ վերադասի հանձնարարությունը չեղավ։ Դա արդեն 1985-ն էր, և ես ստիպված էի թողնել իմ սաներին, իմ՝ վերելքի մեջ գտնվող հայտնի դպրոցը։ Ես համակված էի երկու գաղափարով՝ մանկավարժությամբ և հայագիտությամբ. խորացած կարդում էի, անդիմադիր գործում-նվաճում:

Մինչև 2015թ. սեպտեմբերի 4-ը պատմելու եմ իմ կյանքը՝ որպես հեքիաթ, և հայտնի հեքիաթասացի նման (մինչև վերջ հո չե՞մ պատմելու) ահա ընդհատում եմ այն. հետևեք իմ բլոգապատմանն անընդհատ:

Դավիթ Բլեյանը մեզ փակուղի-փարախ էր քշել. պարտեզի խմբի իր կուկուների անունը չի ուզում լսել, մեկ-երկու օր Դպրոց-պարտեզի խոհանոց-սրահում անցկացրեց, խանգարեց 4-5-րդ դասարաններում մայրենիի սկսնակ ուսուցիչ մայրիկի դասերը, մորը «խայտառակ» արեց… Էլ չեմ ասում այն լարումը, որ պիտի, բնական է, փոխանցեր Դպրոց-պարտեզի ղեկավար քրոջը…

Խնդրեմ. ես ու Արմինեն առավոտյան ժամը 8.45 պիտի լինենք Բանգլադեշի նշանավոր վերգետնյա անցման մոտ, իսկ Դավիթ Համառը ժամը 8.00 դեռ քնած է Մսրա-Մելիքի էպոսային քնով…

Սևանից բերված սպիտակ ավազի բլուրը և Շուշանի նվիրած մեծ փչովի դելֆինի պատմությունը, որ առանց ջուր խեղդվում էր, որին պետք էր փրկել շտապ՝ տանելով ծով՝ Դպրոց-պարտեզի մեծ լողավազանը, աժդահի թիկունքին դրված գութանի խոփի դերը խաղացին…

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։
— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։
Տեսավ Դավթին։ Գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։
Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։
Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց…

Դավիթ մեր ախպոր դեմքին վերջապես ժպիտ եկավ, տեսեք, մտել է խումբ, երեք աման բորշ է կերել, եղածն էլ վերջում լցրել իր գդալի մեջ (տեսնեմ էլ չկա՞, հա՞), գտել իր նոր Նարեին, տեսեք ի՜նչ անուշ քուն է մտել… Ուշքս գնում է այսպիսի տեսարանների համար:

Սպասի՝ այս մարդու նոր աշխատանքային գործիքները հազրեմ, որ գնա պարտեզ, որ իր հոր, քրոջ հետ սկսած շինարարությունն ավարտի… Ավարտելու բան չէ: Իմ առօրյա ջանքերի մի կարևոր մասով ես մեր կրտսեր դպրոցների բակերում կառուցվող խաղադաշտերում եմ: Վե´ր կացեք, բոլոր տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ որ լինեք, բահ, փոցխ ու գերան առեք, միացեք մեզ: Մինչև մեր տոնի օրերը մենք պիտի այլ դարձնենք մեր բակը… «Մեր բակը՝ պարտեզ» ուսումնական նախագծերի աշնանային՝ վճռական փուլն սկսնած է: Ձեռքիցս չեք պրծնի. պիտի մեր բակերում համատեղ արված աշխատանքներն ամբողջական մի վիճակի բերենք… Նախակրթարանային գոտիով, ընդարձակված լողափերով, խաղալու հրճվանք պարգևող ավազե դաշտով, հեծանվաուղով, նոր ծառատունկով, բարեկարգ մուտքով… Խելացի-մտածված, իստակ-մաքուր, խնամված-ներկված, փորած-ջրած…

Միշտ դժվար է առանձնացնել հե՛նց պարգևատրման գրավոր հրամանով արժանի մարդկանց մի խմբի, բայց աշխատանք է. ուրախանանք ամառային ուսումնական աշխատանքի մեր հաջողություններով. համերաշխ ենք, չէ՞… Չեմ ուզում որևէ ձևով, թեկուզ ակամա, հակադրել, վիրավորել, աստիճանավորել… Բուրաստանին ու Ինգային ինչպե՞ս բաժանեմ… Ա´յ, այս հմայիլի մասին է խոսքը։ Տեսեք՝ ո՜նց երկարեց լողի շրջանը կրթահամալիրում. սեպտեմբերի 11-ին՝ բոլոր մեր բացօթյա (թե բացօդյա՝ ըստ իմ հարգելի ընթերցողի) լողափերը գործում են: Երեկ ես հիմնական դպրոցի երկրորդ հարկից (իսկական բաց դպրոց) զմայլվում էի Աղասյան Անահիտով ու իր 6 տարեկաններով…

– Սա Հայաստանն է, հայրիկ…
– Ի՞նչ ասել է Բանգլադեշ… Հայրիկ:
Ահա Դավիթ, այս հմայիլներ-ճիչերն արևելյան և այս բարեխիղճ հետևողականությունն արևմտյան ստեղծում են Բանգլադեշի կրթահամալիրը…

Խոստովանում եմ, որ այս օրերին ես մտքով Սևանում եմ՝ Դրախտիկում, «Ժայռ» հանգստյան գոտում. Սևանա ծովն ինձ կանչում է այս եղանակին. խաղա՜ղ, ես ուզում եմ թափառել նրա ափերով… Ես չեմ կարող երկար խռոված-անհաշտ լինել անզուգական գեղեցկուհու հետ…

(524) դիտում

Մեկ կարծիք Այսօր ես դա չէի անի նյութին

  • Սուսան Մարկոսյան  գրում է:

    Հարգելի տիար Բլեյան, Ժամանակից հայոց լեզվի բացատրական բառարանով՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29&query=%D5%BD%D5%BF%D5%A5%D5%BA «ստեպ»-ը շտապ, արագ է նշանակում, իսկ «ստեպ-ստեպ»-ը՝ շատ հաճախ, շուտ-շուտ։
    Նույն բառարանով՝ «բացօդյա» նշանակում է անծածկ, բաց, իսկ «բացօթյա»՝ բաց երկնքի տակ, այսինքն՝ նույն իմաստն ունեն։ Այդպես է նաև 20-րդ դարի մյուս բառարաններում։ Ես «բացօթյա»-ն նախընտրում եմ, որովհետև «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»՝ հայկազյան բառարանում՝ միայն դա է, «բացօդյա» չկա։

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>